«Անխուսափելի պատերազմ և քաղաքական խաղեր». Ինչո՞ւ Իսրայելի կառավարությունը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միակողմանի քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանչման օգտին։ Այս որոշումն ընդունվել է Իսրայելի և Թուրքիայի միջև շարունակվող լարվածության ֆոնին։ Բանաձևը ներկայացրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Չնայած ծավալուն և աներկբա պատմական փաստաթղթերին, Ցեղասպանությունը մինչ օրս հանդիսանում է այն ժխտելու և նվաստացնելու ինստիտուցիոնալացված արշավի օբյեկտ, ներառյալ պատմության մանիպուլյատիվ վերաշարադրումը, առաջին հերթին՝ թուրքական կառավարության կողմից։ Լայնորեն տարածված է այն տեսակետը, որ Օսմանյան կայսրությունը սիստեմատիկորեն կատարել է հանցագործություններ, որոնք հավասարազոր են Ցեղասպանության՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայ ժողովրդին»,- կառավարության նիստում ասել է Գիդեոն Սաարը։
«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը, որպես հրեական պետություն, պաշտոնապես որդեգրի այս դիրքորոշումը»,-հավելել է նա։ Որոշման ընդունումից հետո Սաարը հայտարարել է. «Ճիշտ վարվելու համար երբեք ուշ չէ։ Իսրայելը կատարեց իր բարոյական պարտքը՝ ճանաչելով պատմական ճշմարտությունը և մերժելով այն ժխտելու փորձերը»,-ասել է նախարարը։
Նշենք, որ այս որոշումը դեռ պետք է քննարկվի Քնեսեթում՝ Իսրայելի խորհրդարանում։ Արդյո՞ք Քնեսեթը նույնպես կընդունի այն, և ի՞նչ զարգացումներ են կանխատեսվում։ Այս հարցերի շուրջ REGIONSTV-ն զրուցել է Իսրայելում լույս տեսնող «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի հետ։
–Պարո՛ն Չերնամորյան, ինչո՞ւ է այդքան կարևոր Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը։
-Երկար ժամանակ Իսրայելը ձեռնպահ էր մնում պաշտոնապես ցեղասպանություն ճանաչել այդ իրադարձությունները։ Երբ 1948 թվականին հիմնադրվեց Իսրայելը, Հոլոքոստը վերապրած իսրայելցիները պետք է վաղուց ճանաչած լինեին Հայոց ցեղասպանությունը։ Սա շատ կարևոր է հայ ժողովրդի համար։ Մեր ժողովրդի ողբերգությունը, որն օգնում էր հրեաներին փրկվել, մինչ օրս պաշտոնապես ճանաչված չէր Իսրայելում։ Չնայած պետական մակարդակով՝ Քնեսեթում, Հայոց ցեղասպանությունը դեռ պաշտոնապես ճանաչված չէ, մենք աշխատել ենք և կարողացել ենք կառուցել Հայոց ցեղասպանության հուշարձան։ Հուշարձանը բացվել է 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Ես Իսրայելում եմ 2003 թվականից և անդադար աշխատել եմ Հայ Դատի հետ, բայց 2019-ից հետո Հայ Դատը պաշտոնապես չի գործում Իսրայելում։ 23 տարի շարունակ մենք միշտ աշխատել ենք կառավարության կամ Քնեսեթի հետ։ Հիմնականում Հայոց ցեղասպանության ճանաչման մեր օրինագիծը առաջ էր մղում ձախակողմյան «Մերեց» քաղաքական կուսակցությունը, որը զբաղվում էր ազգային փոքրամասնությունների հարցերով և պաշտպանում էր մեր իրավունքները Քնեսեթում։ Բայց, ցավոք, վերջին երկու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, և հիմա մեր իրավունքները պաշտպանող չկա։ Վերջին անգամ՝ 2019 թվականի ձմռանը, Յաիր Լապիդի կուսակցությունն էր ուզում բանավեճեր անցկացնել և քննարկման ներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Դրանից հետո օրինագծերը Քնեսեթ էին բերում արդեն «Լիկուդ»-ականները, այսինքն՝ իշխող կուսակցությունը, բայց դրանք չանցան։ Նախկինում օրենսդիրները տարիներ շարունակ արգելափակում էին նմանօրինակ օրինագծերը, որպեսզի չփչացնեն հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հաճելի է, որ նախարար Սաարի առաջարկը՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչելու մասին, արժանացավ կառավարության միաձայն հավանությանը։ Առայժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ոչ թե Իսրայելը, այլ Իսրայելի կառավարությունը։ Սա իրավական նշանակություն չունի, սա կառավարության քաղաքական որոշումն է։
–Ձեր կարծիքով՝ Իսրայելը վերջնական կճանաչի՞ ցեղասպանությունը, Քնեսեթն այս անգամ կընդունի՞ որոշում։
-Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը կառավարական մակարդակով։ Որպեսզի այս ճանաչումը լինի լիարժեք, պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենք, որը պետք է անցնի Քնեսեթում։ Գործընթացը ենթադրում է խնդրի քննարկում խորհրդարանական հանձնաժողովներից մեկում, որտեղ հավանություն ստանալուց հետո նախագիծը դրվում է քվեարկության խորհրդարանի լիագումար նիստում։ Հիմա դրա համար ժամանակ չկա։ Աշնանը Իսրայելում ընտրություններ են լինելու, բայց մենք պատերազմական իրավիճակում ենք։ Դեռ չգիտեմ՝ ընտրություննե՞ր կլինեն, թե՞ հերթական պատերազմը Իրանի հետ։ Նախարար Գիդեոն Սաարը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հենց հիմա ներկայացնել օրինագիծը և այն հաստատման դնել կառավարության նիստում։ Բայց, ցավոք, նրանք չեն հասցնի քննարկել այս օրինագիծը, որովհետև երկու շաբաթից Քնեսեթը պաշտոնապես արձակուրդ է գնում, իսկ հետո արդեն կլինի նախընտրական մրցավազքը, այնտեղ հայկական հարցի համար ժամանակ չի լինի։ Իսրայելում շատ մեծ քանակությամբ զանազան քաղաքական խնդիրներ կան։ Չգիտեմ՝ այս կառավարությունը կկարողանա՞ անցնել Քնեսեթ, գուցե «Լիկուդը» ընդհանրապես հայտնվի ընդդիմության մեջ։ Բայց եթե ներկայիս ընդդիմությունը գա իշխանության, ապա երկու դեպքում էլ մենք օրինագիծն անցկացնելու տարբերակ ունենք։ Բայց խնդիրն այն է, թե երբ կլինեն Քնեսեթի ընտրությունները, ովքեր կլինեն Քնեսեթում և ինչ շարունակություն կստանա այս գործը, դրա համար առայժմ ոչինչ ասել չեմ կարող։ Բայց շատ լավ է, որ Իսրայելի կառավարության պատմության մեջ առաջին անգամ գոնե պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։
–Ի՞նչ դրդապատճառներով է առաջնորդվում Իսրայելը՝ Ցեղասպանությունը տարիներ շարունակ չընդունելուց հետո։
-Հիմա Թուրքիան շատ ինտենսիվ՝ առավոտից գիշեր, խոսում է այն մասին, որ Իսրայելի ներկայիս իշխանությունը հանցագործ է, և որ հիմա Նեթանյահուն իրականացնում է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանություն։ Թուրքիան կանոնավոր կերպով սպառնում է Իսրայելին ուղղակի ռազմական միջամտությամբ, տնտեսական խեղդմամբ և միջազգային մեկուսացմամբ՝ «սիոնիզմի դեմ պայքարը» անվանելով Թուրքիայի գոյատևման հարց։ Նա Նեթանյահուի գործողությունները Գազայի հատվածում և Լիբանանում որակել է որպես «արյունալի ցեղասպանություն»։ Վերջին շաբաթներին Էրդողանը և թուրք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ուժեղացրել են սպառնալիքները Իսրայելի հասցեին՝ կոչ անելով «ազատագրել» Երուսաղեմը, դրա համար էլ հիմա Իսրայելը օգտագործում է բոլոր խաղաթղթերը թուրքերի դեմ, և սա շատ ուժեղ ապտակ է Էրդողանին։
–Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում չէ։
-Հայաստանն ունի իր քաղաքական կյանքը, իր առաջնահերթությունները, և իրենք իրենցով պետք է որոշեն, թե ինչն է իրենց համար հիմա առաջնահերթություն։ Առաջին հերթին Հայաստանի համար առաջնահերթությունը իր հարևանների հետ խաղաղ գոյակցությունն է։ Պետությունն ունի իր քաղաքականությունը, իր աշխատանքը։ Ես չեմ կարող դատապարտել պետական քաղաքականությունը, մենք պարզապես ասում ենք այն, ինչ մտածում ենք։ Դեռ չգիտեմ՝ կխոսե՞ն, թե՞ ոչ։ Իսրայելը օգտագործեց հայկական հարցը որպես ապտակ Թուրքիային, և սա քաղաքական խաղ է։ Հայաստանն ինքը պետք է սահմանի իր առաջնահերթությունները։
-Թուրքիան քննադատել է Իսրայելին այդ որոշման համար, նշելով, որ «Ցեղասպանության մեղադրանքով միջազգային դատարանում քննվողները իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ բարոյականության մասին ճամարտակել»։ Ի՞նչ կասեք սրա մասին, ինչպե՞ս կմեկնաբանեք թուրք-իսրայելական հարաբերությունները։
-Հիմա Իսրայելը Թուրքիայի հետ գտնվում է այնպիսի հարաբերություններում, որ դրանից այն կողմ էլ տեղ չկա։ Անցյալ տարվա հունվարին Իսրայելի մի քանի վերլուծական կենտրոններ զեկույց էին պատրաստել և ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ հայտարարելով, որ Իրանից հետո Թուրքիան դառնում է Իսրայելի առաջին թշնամին՝ «նոր Իրանը»։ Հիմա Էրդողանը Իսրայելին կրկնում է այն, ինչ երիտթուրքերն էին ասում հայերին. «զգոն եղեք, երեկոյան մենք կթակենք ձեր դուռը»։ Իսրայելը հիմա պետք է ինքն իրեն զենքով ապահովի, պատրաստվի պաշտպանել իր երկիրը Թուրքիայից։ Իսրայելում մինչև 2036 թվականը ուզում են ստեղծել պաշտպանական արտադրության ամբողջական ցիկլ։ Իսրայելն արդեն պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի։ Հայկական հարցը միակը չէ, որը կարող է վատթարացնել Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները։ Թուրքիան առանց այն էլ փչացրել է իր հարաբերությունները Իսրայելի հետ։ Նա անընդհատ հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսում, կազմակերպում է զանազան «ազատության նավատորմեր», իր կողմնակիցներին ուղարկում է Իսրայելի սահմաններին՝ իբր Գազան շրջափակումից ազատելու համար։ Այսինքն՝ Թուրքիան անդադար ահաբեկչական արշավներ է ձեռնարկում։ Կողմնակիցների օգնությամբ նա կարողացավ նվաճել Սիրիան և դուրս մղել Ասադին՝ պարտության մատնելով Ռուսաստանին Մերձավոր Արևելքում։ Թուրքիան զբաղեցրեց Ռուսաստանի տեղը Սիրիայում և, ըստ էության, դարձավ հարևան երկիր Իսրայելի համար։ Սիրիայում տեղի ունեցած փոփոխություններից հետո Անկարան հնարավորություն ստացավ ավելի ակտիվորեն ազդել Դամասկոսի վրա։ Նա կարո՞ղ է էլի ինչ-որ բան անել Իսրայելին։ Կարծում եմ՝ Իսրայելի պատերազմը Թուրքիայի հետ անխուսափելի է, բայց ոչ հիմա։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չկարողանան սանձել Էրդողանին, պատերազմ կլինի։
–Ի՞նչ եք կարծում, Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչպե՞ս կազդի Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։
-Ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չի կարող ազդել Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս իրավիճակի վրա, որն առանց այդ էլ շիկացած է մինչև սահմանագիծ։ Մերձավոր Արևելքը համարվում է վառոդի տակառ. ցանկացած կայծ՝ և այստեղ կարող է սկսվել նոր պատերազմ։ Մերձավոր Արևելքում գործում են իրենց օրենքները. «եթե ինչ-որ մեկը տրորել է քո կոշտուկը, դու պետք է ոչ միայն պատասխանես, այլև կտրես նրա ոտքը։ Հակառակ դեպքում նրանք քեզ կսպանեն»։ Այսինքն՝ այստեղ բոլորը պետք է ագրեսոր լինեն։ Այստեղ աշխատում են բոլորովին այլ՝ բարբարոսական սկզբունքներ։ Եթե Իսրայելը ինքն իրեն չպաշտպանի ամբողջ թափով, մեզ պարզապես կոչնչացնեն բոլոր կողմերից։
–Սա դիմակայության նո՞ր փուլ է, և որո՞նք կարող են լինել հետևանքները։
-Կառավարության նիստում Նեթանյահուն հայտարարեց, որ շատ լուրջ է ընդունում Էրդողանի հռետորաբանությունը՝ ուղղված հրեական պետության դեմ, և դրանում տեսնում է Իսրայելի ոչնչացման սպառնալիք։ Նա նույնիսկ հարցում էր ուղարկել ԱՄՆ կառավարությանը՝ խնդրելով միջամտել այս հարցին, քանի որ Էրդողանի սպառնալիքները դարձել են անտանելի իսրայելական հասարակության և պետության համար։ Նոր պատերազմներ են հասունանում։ Բացի այդ, երկրների միջև պայքար է ծավալվել Սիրիայում, Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը, նա մոտեցել է իսրայելական սահմաններին Սիրիայում Ռուսաստանի պարտության պատճառով, և այնտեղ են մտել սիրիացի ահաբեկիչները, որոնք հանդիսանում են թուրքական խաղատիկնիկներ։ Այսպիսով, թուրքերը մոտեցել են իսրայելական սահմաններին Սիրիայի կողմից։ Հիմա իսրայելական բանակը գտնվում է Դամասկոսից 18 կմ հեռավորության վրա։ Իսրայելի բանակը գտնվում է Սիրիայում, Լիբանանում, Գազայի հատվածում։ Իսրայելը ստեղծում է բուֆերային գոտիներ, որպեսզի պաշտպանի իր երկիրն ու բնակչությանը ահաբեկիչներից։ Այնպես որ, հայկական հարցը շատ փոքր հարց է, գնում է քաղաքական խաղ։ Իսրայելը օգտագործեց հայկական հարցը որպես մուրճ՝ Էրդողանին հարվածելու համար։
– Հայոց ցեղասպանության ճանաչումը Նեթանյահուի սառը աշխարհաքաղաքական հաշվարկն է, կոշտ դիվանագիտական խաղ Թուրքիայի նկատմամբ, այնպես չէ՞։
-Այո, այդպես էլ ստացվում է։ Բոլոր երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընտրել են դրա համար ժամանակն ու հնարավորությունը։ Նույնն այսօր անում է Իսրայելը։ Ամեն երկիր ունի իր դիվանագիտությունը, իր շահերը։ Տվյալ դեպքում Իսրայելը առաջնորդվում է միայն իր պետական շահերով, և դրա համար էլ հիմա հարկ համարեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Հայոց ցեղասպանության ճանաչումը անվանեց բարոյական՝ նշելով, որ վաղեմության ժամկետ գոյություն չունի, անհրաժեշտ է վճռականորեն դատապարտել ժխտման ցանկացած փորձ, նույնիսկ եթե դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ։
–Պարո՛ն Չերնամորյան, Ադրբեջանը քննադատում է Իսրայելի կառավարության որոշումը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է, որ Իսրայելը ցինիկաբար օգտագործում է Օսմանյան կայսրության ողբերգական իրադարձությունների թեման։ Ի՞նչ եք կարծում, Իսրայելի որոշումը վնաս կհա՞սցնի Ադրբեջանի հետ հարաբերություններին։
-Ադրբեջանում ասում են, որ շատ են զղջում, որ Իսրայելը նման որոշում է կայացրել, և խնդրում են վերանայել այն, բայց Իսրայելը դրա հետ հաշվի չի նստի։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ինքնին ոչինչ չի ներկայացնում, և այնքան էլ կարևոր չէ, թե որոնք են Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները Իսրայելի հետ։ Ադրբեջանը, իմ կարծիքով, դիվանագիտական խողովակներով տեղեկացված է եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին, սա նրանց համար անակնկալ չէ։ Իսրայելը նույնիսկ պաշտոնապես չի պատասխանել Ադրբեջանին։ Կարծում եմ, որ Իսրայելը, ելնելով իր անվտանգության և իր պետության անվտանգության նկատառումներից, գործում է այնպես, ինչպես հարկ է համարում։
Զաբելա Ավագյան
