ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձեւաչափով բարձրամակարդակ հանդիպումը
2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն ձեւաչափով բարձրամակարդակ հանդիպումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու «հավաքական Արեւմուտքի» հերթական փորձ։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Դրանում նաեւ նշված է.
«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, սադրել նոր բաժանարար գծեր, ինչպես նաեւ լարվածության չվերահսկվող աճ։
Ակնհայտ է, որ Արեւմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել իր չափազանց վտանգավոր մտահղացումների իրականացման գործիքի Հարավային Կովկասում։ Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը վաղանցիկ խոստումներով փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, դուրս բերվեն ռուսական ռազմակայանը եւ սահմանապահները։ Երեւանի ղեկավարությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ Արեմուտքը խաբի իրեն եւ երկիրը տանի կեղծ ուղիով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, լուրջ խնդիրներով տնտեսությունում եւ բնակչության արտահոսքով։