Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին
2026 թվականի սեպտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում:
Ռուբեն Վարդանյանը, որը Հայաստանի ևս տասնութ քաղաքացիների հետ գտնվում է Ումբակի քրեակատարողական համալիրում, իր ուղերձում թվարկում է մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը։
Նա հղում է կատարում Պատիժների կատարման օրենսգրքին և դատապարտյալների իրավունքների մասին գրքույկին, որն այս տարվա ապրիլին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տրամադրել է բանտարկյալներին։ Նա ընդգծում է, որ այդ իրավունքները պետք է պահպանվեն՝ անկախ մեղադրանքի հոդվածից, ազգությունից, կրոնական պատկանելությունից և քաղաքացիությունից։
Նրա բարձրացրած խնդիրների թվում են՝ բանտարկյալների մի մասի համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունը և տեսազանգերի անհասանելիությունը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին, նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու անհնարինությունը, նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձևակերպելու անհնարինությունը, ֆիզիկական վարժությունների սահմանափակումը շաբաթական մեկ անգամ՝ 20–40 րոպեով՝ օրական սահմանված մեկ ժամի փոխարեն, ինչպես նաև դիմումներին և բողոքներին գրավոր պատասխանների բացակայությունը։
Առանձին Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է այն հանգամանքին, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո բանտարկյալները զրկվել են ընտանիքների հետ կապի կարևոր ուղուց․ նրանց մեծ մասը ծանրոցներ չի ստանում։ Նա նաև նշում է, որ շատերը հնարավորություն չունեն բանտային խանութից սննդամթերք գնելու և հեռախոսազանգեր կատարելու, քանի որ միջոցներ չունեն։
Նա հիշեցնում է նաև իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության մասին, որը պատրաստ է մեկնել Բաքու, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի դատապարտված քաղաքացիների հետ, նրանց փոխանցել մոտ հազար նամակ, ծանրոցներ և անհրաժեշտ իրեր։ Նրա դիմումները մնացել են անպատասխան, իսկ այլընտրանքային լուծում չի առաջարկվել։
Ռուբեն Վարդանյանն առաջարկել է Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպել բանտարկյալների հետ և հետևել իրենց իսկ օրենքներին:
«Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»։
— Ռուբեն Վարդանյան
Հրապարակում ենք աուդիոուղերձը՝ ենթագրերով։
