Խաղողը՝ 200 դրամ, սալորը՝ 100․ գյուղմթերքի գնանկումը թևաթափ է անում հողագործին
Արմավիրի մարզի մեծածախ առևտրի շուկայում միրգ-բանջարեղենի գները հաճելիորեն զարմացնում են գնորդներին, սակայն թևաթափ են անում իրենց բերք ու բարիքը վաճառող գյուղատնտեսներին։
Հայտնի է, որ 2026թ․-ին ՀՀ-ից գյուղմթերքի արտահանման ծավալները կտրուկ անկում են ապրել՝ հիմնականում պայմանավորված ՌԴ («Ռոսսելխոզնադզոր») կիրառած սահմանափակումներով։ Դրանք վերաբերում են նաև պահածոյացված միրգ-բանջարեղենին և չրեղենին։
2026թ․-ի հունիս-օգոստոս ամիսներին 2025թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ առավելապես անկում են ապրել ծիրանի, լոլիկի, սալորի, խաղողի, կեռասի, խնձորի, պղպեղի արտահանման ծավալները։
Մթերող կազմակերպություններն էլ նախորդ տարիների համեմատ զգալիորեն քիչ արտադրանք են ձեռք բերել գյուղատնտեսներից։ Արդյունքում, շուկայում առաջացել է ավելցուկ, և գյուղմթերքի մի շարք տեսակների գները կտրուկ նվազել են։ Արմավիրի շուկայում, օրինակ, ընտիր խաղողը վաճառվում է 200 դրամով, լոլիկը՝ 130-ով, սալորը՝ ընդամենը 100 դրամով։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ պարենային հիմնական ապրանքախմբերից մրգի և բանջարեղենի գների փոփոխությունները 2026թ. օգոստոսին 2026թ. հուլիսի նկատմամբ կազմել են համապատասխանաբար -3.5% և -5.3%։
Միևնույն ժամանակ, 2026թ.-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 6.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.4%-ով:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
