Երկիրը կարող է ծածկել աշնան երկրորդ մագնիսական փոթորիկը
Աշնան երկրորդ մագնիսական փոթորիկը, հավանաբար, տեղի կունենա Երկրի վրա սեպտեմբերի 24-ին։ Այսպիսի կանխատեսում են տվել ՌԴ ԳԱՏ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի գիտնականները։
Մասնագետների պարզաբանմամբ՝ սպասվող գեոմագնիսական տատանումները պայմանավորված են Արեգակի մակերևույթին առկա բավականին խոշոր կորոնալ անցքով։ Այդ մութ շերտը ձգվում է աստղի հարավային բևեռից դեպի հասարակած և իր հասարակածային եզրով ազդելու է Երկրի վրա։
Նշենք, որ ընթացիկ աշնան առաջին մագնիսական փոթորիկը գրանցվել էր սեպտեմբերի 8-ին։ Դրանից օրեր առաջ տիեզերք էր արտանետվել պլազմային ամպ, որը մոլորակին էր հասել սեպտեմբերի 7-ին՝ առաջացնելով երկարատև գեոմագնիսական խանգարումներ։
Ավելի վաղ աստղագետները նաև արձանագրել էին, որ վերջին երկու տարվա ընթացքում արևային ակտիվությունը նվազել է գրեթե երեք անգամ։ Ըստ հետազոտությունների՝ արևային բարձր ցուցանիշներ գրանցվել էին 20-րդ դարի կեսերին, իսկ նվազագույնները՝ 19-րդ դարի առաջին քառորդում։
