«Անպաշտպանության» համակարգ. Ինչու՞ են խնամքի հաստատություններում գտնվող երեխաները մնում մենակ բռնության առաջ
Հայաստանի փակ տիպի խնամքի հաստատություններում պարբերաբար արձանագրվող բռնության դեպքերը վկայում են ոլորտում առկա խորքային և համակարգային լուրջ հիմնախնդիրների մասին: Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ահազանգում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի օրակարգ» ՀԿ-ի ղեկավար Մուշեղ Հովսեփյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ միջադեպերը եզակի կամ պատահական երևույթներ չեն, այլ արմատացած թերությունների հետևանք:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի է դարձել, որ օգոստոսի 13-ին Նոր Խարբերդի մանկատան դայակ Վարդ Աղախանյանը մանկատան սենյակներից մեկում դաժան ծեծի էր ենթարկել մանկական ուղեղային կաթվածով և տեղաշարժման խնդիրներ ունեցող տղային: Դայակը նախ հարվածներ է հասցրել երեխային, երբ վերջինն ընկել է գետնին, վերցրել է հատակը մաքրող փայտն ու բազմաթիվ հարվածներ հասցրել երեխայի մեջքին ու ողնաշարին։
Երեխան, ինչպես նշված է գործի նյութերում, չի տիրապետում բանավոր խոսքին, չի կարողանում հաղորդակցվել։ Նշենք, որ Խարբերդի մասնագիտացված այս մանկատանն ապրում են ծնողական խնամքից զրկված, առողջական խնդիրներ ունեցող երեխաները։
Մեկ ամիս առաջ կատարված դեպքի մասին աշխատանքի և բարեկեցության նախարարությունը տեղյակ է եղել և դայակին հեռացրել են աշխատանքից, նա այժմ տնային կալանքի տակ է։
Ինչո՞ւ են նման դեպքեր տեղի ունենում, արդյոք նման հաստատություններում աշխատում են հատուկ վերապատրաստում անցած մասնագետները, վերահսկման ի՞նչ մեխանիզմներ կան նման դեպքերը կանխելու համար։

Մուշեղ Հովսեփյան
Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ առաջին հերթին պատճառն այն է, որ պետությունը չունի բավարար ենթակառուցվածքներ և զտման մեխանիզմներ բոլոր թեկնածուներին արդյունավետորեն ֆիլտրելու համար։ Նա վստահեցնում է՝ նախորդ տարիներին ևս գրեթե բոլոր հաստատություններից նմանատիպ ահազանգեր եղել են, հարուցվել են քրեական գործեր՝ այդ թվում ավելի փոքրահասակ երեխաների նկատմամբ բռնության փաստերով:
Հովսեփյանի դիտարկմամբ՝ ոլորտում առկա է կադրային խորը անկայունություն: Մանկատների և խնամքի այլ հաստատությունների տնօրենների մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են, ովքեր չեն անցել օրենքով սահմանված մրցութային համապատասխան քննությունները, այլ նշանակվել են ուղղակիորեն գերատեսչության կողմից:
«Ցածր աշխատավարձերի պատճառով հաստիքները երկար տարիներ մնում են թափուր, ինչի հետևանքով մեկ աշխատակիցը ստիպված է կատարել մի քանի հոգու աշխատանք՝ հանգեցնելով ծայրահեղ գերլարվածության և ընհանուր ձախողումների։ Բացի դրանից, մի հաստատությունում աշխատակիցների ընդունման համար կա չափանիշ, մյուսում՝ չկա։ Այնտեղ հիմնականում աշխատում են տարածքին մոտ ապրող մարդիկ»,-նկատում է Հովսեփյանը։
Խնամքի հաստատություններում բռնության դեպքերը բացահայտելը չափազանց բարդ է, թե՝ ինչո՞ւ, պարզաբանում է Հովսեփյանը. «Խոցելի խմբում գտնվող կամ խոսքային հաղորդակցություն չունեցող երեխաները հաճախ չգիտեն կամ չեն կարողանում բարձրաձայնել իրենց նկատմամբ կիրառվող բռնության մասին:
Եթե երեխայի նկատմամբ մշտապես կիրառվել է բարձր ձայնով խոսելու, գոռալու կամ հրմշտելու մոտեցում, նա այդ վիճակը կարող է ընկալել որպես սովորական և նորմալ իրողություն»:
Բացի այս, ինչպես նշում է փորձագետը, փոքր կոլեկտիվներում ներքին թերությունները հաճախ թաքցնում են, և խնդիրը բարձրաձայնվում է միայն այն դեպքում, երբ ներսում լուրջ կոնֆլիկտներ են առաջանում»։
Իրավիճակն առավել է վատթարացել այն բանից հետո, երբ հասարակական կազմակերպություններից բաղկացած անկախ դիտորդական խումբը, որն ուներ հաստատություններ անարգել այցելելու իրավունք, 2023 թվականին տեխնիկական պատրվակներով փակվել էր:
Այս տարվա օգոստոսի 24-ին ընդունել են նոր հրամանը, բայց դեռ խումբը ձևավորված չէ։
Մուշեղ Հովսեփյանի պնդմամբ թեև ընդունվել են նոր կանոնակարգեր, սակայն դրանք սահմանել են լրացուցիչ արգելքներ ու խոչընդոտներ․«Նախարարի հրամանում այնպիսի չափանիշներ կան, որ Հայաստանում շատ քիչ կազմակերպություններ կան, որոնք կցանկանան ներգրավվել։ Օրինակ՝ տեսանկարահանումների սահմանափակում են ավելացրել։ Եթե նախկինում մենք կարող էինք մեր տեսածը ազատորեն նկարել և կցել մեր զեկույցներին՝ որպես հիմք, այժմ մեզ արգելվելու է դա անել։ Մենք նաև չենք կարողանալու երեխաների հետ խոսել առանց հաստատության աշխատակիցների ներկայության, ինչը նշանակում է, որ երեխաներն, ամենայն հավանականությամբ, մեզ չեն պատմի այն, ինչ պատմում էին առաջ»։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի օրակարգ» ՀԿ-ի ղեկավարը պնդում է, որ նման փակ հաստատություններում աշխատանքի ընդունելիս պետք է կիրառել խիստ բարեվարքության և մասնագիտական համապատասխանության ստուգման մեխանիզմներ, ապահովել անձնակազմի պարբերական վերապատրաստումները՝ ժամանակակից գիտահեն մոտեցումներին ծանոթանալու համար, վերացնել հասարակական կազմակերպությունների գործունեության արհեստական սահմանափակումները՝ վերականգնելով անկախ դիտորդների լիարժեք և անխոչընդոտ գործունեությունը: Նա վստահ է, որ միայն այդ դեպքում է հնարավոր խուսափել նման սարսափելի դեպքերից։
Հիշեցնենք, որ երեկ մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել շուրջօրյա խնամքի կենտրոններում մարդու իրավունքներն ապահովելուն ուղղված առաջարկություններով։
Ոլորտի խնդիրներով զգաղվող ՀԿ-ները դիմել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն՝ պահանջելով վերանայել «Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական դիտորդական խմբերի ձևավորման կարգը, սահմանափակել նախարարության հայեցողական միջամտությունն ու ապահովել դիտորդների իրական անկախությունը: Բացի այդ, նրանք պահանջում են դիտորդների համար ապահովել առանձնազրույցների ու տեսանկարահանման հնարավորություն, վերացնել սանիտարական գրքույկի պահանջը և կրճատել հաշվետվությունների արձագանքման ժամկետները:
Տիրուն Մարգարյան
