Էժան բերք, թանկ ապրուստ, նոր վարկեր․ ինչպե՞ս է գյուղացին դուրս գալու փակ շրջանից
Արմավիրի մարզի գյուղատնտեսներն իրենց արտադրած միրգ-բանջարեղենն այս տարի ավելի հաճախ են շուկաներ տանում և ստիպված վաճառում ցածր գներով։ Նախորդ տարիներին նրանցից շատերն ընդհանրապես շուկա չէին էլ հասնում, քանի որ մթերող և արտահանող կազմակերպություններն ու վերավաճառողները բերքը տանում էին անմիջապես դաշտերից և այգիներից։
2026 թ․-ին Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալները կտրուկ նվազել են։ Արտահանման անկման վրա էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառված սահմանափակումները, որոնք տարածվում են ոչ միայն թարմ գյուղմթերքի, այլև պահածոյացված միրգ-բանջարեղենի ու չրեղենի վրա։
2026թ․-ի հունիս-օգոստոս ամիսներին 2025թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ առավելապես անկում են ապրել ծիրանի, լոլիկի, սալորի, խաղողի, կեռասի, խնձորի, պղպեղի արտահանման ծավալները։

Այն արտադրանքը, որը նախկինում արտահանվում էր, այժմ ավելի մեծ ծավալով մնում է տեղական շուկայում։ Մթերող կազմակերպությունները ևս ավելի քիչ արտադրանք են ձեռք բերում, ինչի հետևանքով գյուղացիների մոտ կուտակվում է չիրացված բերքը, իսկ շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկին։
Արդյունքում գյուղատնտեսը կանգնում է երկակի խնդրի առաջ․ մի կողմից նվազում են իրացման հնարավորությունները, մյուս կողմից՝ բերքի գինը։ Իսկ երբ այն վաճառվում է ցածր գնով կամ ընդհանրապես չի իրացվում, գյուղացու եկամուտը նվազում է, մինչդեռ արտադրության ծախսերը շարունակում են նույնը մնալ կամ ավելանալ։
Արմավիրի մեծածախ շուկայում, օրինակ, ընտիր խաղողը վաճառվում է 200 դրամով, լոլիկը՝ 130-ով, սալորը՝ ընդամենը 100 դրամով։


Արտյոմ Ղազարյան
Արգավանդ գյուղի բնակիչ, այգեգործ Արտյոմ Ղազարյանն ամեն օր շուկայում է։ Ասում է՝ նախորդ տարիներին 350-400 դրամով այգուց էին տանում, հիմա բերում է շուկա, վաճառում 200 դրամով։ Այգին մշակելու համար Արտյոմ Ղազարյանը բանկից վարկ է վերցրել, իսկ այժմ, իր հաշվարկով, ստացված գումարը չի բավարարելու վարկային պարտավորությունը կատարելու համար։
Այդ 100 կամ 200 դրամի մեջ գյուղացու ամիսների աշխատանքն է՝ այգու մշակումը, ջրի, պարարտանյութի, վառելիքի, բերքահավաքի և տեղափոխման ծախսերը։ Իսկ երբ բերքը չի իրացվում կամ վաճառվում է ցածր գնով, գյուղացու համար հարց է առաջանում՝ արդյո՞ք հաջորդ տարի նույն աշխատանքը շարունակելը տնտեսապես արդարացված կլինի։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ պարենային հիմնական ապրանքախմբերից մրգի և բանջարեղենի գների փոփոխությունները 2026թ. օգոստոսին 2026թ. հուլիսի նկատմամբ կազմել են համապատասխանաբար -3.5% և -5.3%։ Միևնույն ժամանակ, 2026թ.-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 6.4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2.4%-ով:


Արսեն Մուրադյան
Տարոնիկ գյուղի բնակիչ, գյուղատնտես Արսեն Մուրադյանն օրվա ընթացքում ընդամենը 1 արկղ վարունգ էր վաճառել՝ 1կգ-ը 200 դրամով։ Նախորդ տարիներին անգամ շուկա հասնելու անհրաժեշտություն չի եղել։ «Բեռնատարները մտնում էին գյուղ, ամբողջ բերքը տանում, հատկապես մանր վարունգը։ Հիմա ստիպված ենք քիչ-քիչ վաճառել 180-200 դրամով»,-նշում է Արսեն Մուրադյանը։

Սամվել Հարությունյան
Իսկ Արաքս գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանը սալորը վաճառում է 100 դրամով։ «Նախորդ տարի չիր արտադրողներն իմ ամբողջ բերքը միանգամից գնել են 220 դրամով, իսկ այս տարի ո՛չ հարցնող կա, ո՛չ զանգող։ Նրանք ևս խնդիրներ ունեն, չեն կարողանում իրենց չրեղենը արտահանել»,- ասում է այգեգործը։
Գյուղացու համար այս իրավիճակի ամենացավոտ հակասությունն այն է, որ իր արտադրանքն էժանանում է, մինչդեռ այն ամենը, ինչ անհրաժեշտ է առօրյայի և գյուղատնտեսական աշխատանքների համար, շարունակում է թանկանալ։ Նա բարձր գներով է ձեռք բերում վառելիքը, պարարտանյութը, տեխնիկան, կենցաղային ապրանքներն ու սնունդը, բայց ամբողջ տարվա ծանր աշխատանքի արդյունքում ստացած բերքը ստիպված է վաճառել ցածր գնով։
Եվ այս շրջապտույտում անորոշ է դառնում նաև հողագործի վաղվա աշխատանքը։ Իրավիճակը կարող է ազդել նաև հաջորդ գյուղատնտեսական տարվա հետ կապված որոշումների վրա․ կայուն շուկայի և կանխատեսելի գնի բացակայության պայմաններում գյուղացին ստիպված է վերանայել գյուղատնտեսությամբ զբաղվելու իր ծրագրերը։



Էդուարդ Մխիթարյան
