«Ռուսաստանի առանցքային գործընկերը Թուրքիան է. Մոսկվան այլևս Հայաստանի ռազմական դաշնակիցը չէ»․Անդրիաս Ղուկասյան | Region

«Ռուսաստանի առանցքային գործընկերը Թուրքիան է. Մոսկվան այլևս Հայաստանի ռազմական դաշնակիցը չէ»․Անդրիաս Ղուկասյան

Սեպտեմբեր 28,2026 11:30

«Այսօր միջազգային օրակարգն ընդգրկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտությունը, Պաղեստինի հիմնախնդիրը և բազմաթիվ այլ կարևոր հարցեր: Հայաստանն ի վիճակի չէ կարծիք ունենալ միջազգային օրակարգի գլխավոր հարցերի վերաբերյալ, պատասխան չունի միջազգային համայնքի համար կարևոր և ոչ մի հարցի։ Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային համայնքի անդամներից մեկն է և արդեն տարիներ ի վեր քրոնիկապես գտնվում է մի վիճակում, երբ համաշխարհային օրակարգի և ոչ մի էական հարցի շուրջ չի կարողանում ունենալ բովանդակային կարծիք։ Այսինքն՝ ստացվում է «ներկայություն՝ ներկայության համար» միջազգային կազմակերպությունում»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Փաշինյանի ելույթին նման գնահատական է տալիս քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը REGIONSTV-ի հետ զրույցում։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները միջազգային ֆորումներում սպասում ենք Հայաստանի ղեկավարության ելույթից, բայց նախևառաջ՝ ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ։ Պատճառը պարզ է և դառը. Լեռնային Ղարաբաղի օրինակով Հայաստանը համոզվեց, որ նույնիսկ 2020 թվականի բացահայտ պատերազմի և 2023 թվականի էթնիկ զտումների պահին իրեն չհաջողվեց հասնել Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմանը․«Սեփական, կենսականորեն կարևոր հարցերում երկիրն իրեն դրսևորեց որպես կազմակերպության ոչ լիարժեք մասնակից՝ չկարողանալով նախաձեռնել Կանոնադրությամբ նախատեսված գործընթացը»։ Այս տխուր պատկերը, ինչպես ընդգծում է փորձագետը, կրկնվում է անկախության առաջին իսկ օրերից և պահպանվում է մինչ օրս։

Ղուկասյանը գտնում է, որ «Հայաստանն ունի հիմնարար խնդիրներ, որոնք պարտավոր է բարձրացնել միջազգային ասպարեզում, սակայն լռում է. Ադրբեջանի հետ սառեցված, բայց չլուծված հակամարտությունը, որը միայն ժամանակավորապես մեղմվել է Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրով, Ղարաբաղի փախստականների և էթնիկ զտումների հարցը, որն այդպես էլ չներառվեց ՄԱԿ-ի օրակարգում։ Այս ամենը վկայում է այդ հարթակում Հայաստանի անգործունակության մասին․« Նա ի վիճակի չէ պաշտպանել իրավունքներն ու ազատությունները, ինչպես պահանջում են ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը և պարտադիր նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։ Արդյունքում ՄԱԿ-ի մյուս անդամների մոտ կայուն տպավորություն է ձևավորվում. Հայաստանը կազմակերպության անկարող մասնակից է, որը չի կարողանում լիարժեքորեն մասնակցել համաշխարհային օրակարգին թե՛ սեփական ազգային հիմնախնդիրների, թե՛ դրանց լուծման համար այսօրվա ղեկավարության ընտրած ռազմավարությունների պատճառով»։

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում։ Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է TRIPP նախագծի իրականացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, խորհրդարանական ընտրություններին և Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը կշարունակի զարգացնել հարաբերությունները գործընկերների հետ՝ շեշտադրելով Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների բարձր դինամիկան։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և դա բնական գործընթաց է, քանի որ նախորդ ողջ ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն էր»։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում փոփոխությունները տեղի են ունենում տարածաշրջանում ձևավորված նոր իրավիճակի ֆոնին։ «Այժմ, երբ մենք խաղաղություն ենք հաստատել Ադրբեջանի հետ, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է Փաշինյանը։

Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների տրանսֆորմացիան ակնհայտ է հայ ժողովրդի մեծամասնության համար։ Ըստ նրա՝ հանրային գիտակցության մեջ արդեն ամրապնդվել է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի պաշտպանը չէ Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա բարդ կոնֆլիկտային ու վիճելի հարաբերություններում, հետևաբար դա չափազանց հրատապ արտաքին քաղաքական հարց է, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի անվտանգությանը։

«Մինչև վերջերս Հայաստանի անվտանգությունը հենվում էր Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի, այլ ոչ թե ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ ինստիտուտների վրա։ Այժմ, երբ այդ ռազմական դաշինքը դադարել է պաշտպանության երաշխիք լինելուց, և Ռուսաստանն այլևս չի պաշտպանում Հայաստանին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սպառնալիքներից, առանցքային հարց է առաջանում. ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի անվտանգության նոր համակարգը»,- նկատում է քաղաքագետը։ Այս հարցը, ինչպես նշում է Ղուկասյանը, չափազանց հրատապ է ողջ միջազգային համայնքի համար։ Այն առնչվում է բազմաթիվ պետությունների, որոնց տնտեսական շահերն ուղղակիորեն կախված են Հարավային Կովկասում տիրող իրավիճակից։ Դրա համար էլ Փաշինյանը չբարձրացրեց այս թեման, այլ իր ելույթում շրջանցեց այն՝ սահմանափակվելով լոկ հարաբերությունների տրանսֆորմացիայի անհրաժեշտության արձանագրմամբ»։

Ղուկասյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին Փաշինյանի հայտարարությունը կարելի է որակել որպես «խաղաղություն ապառիկով»։ «Խաղաղություն որպես այդպիսին դեռևս չկա, խաղաղ հարաբերություններ գոյություն չունեն, և հայտնի չէ, թե ինչպիսին կլինի բանակցային այս գործընթացի ճակատագիրը, որում կուտակվել են բազմաթիվ չլուծված տարրեր՝ սկսած սահմանների դելիմիտացիայից մինչև կոմունիկացիաների հարցը։ Խաղաղության մասին նախաստորագրված համաձայնագիրը, որը կողմերը ստորագրել են անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ամենևին էլ խաղաղության պայմանագիր չէ, այլ ընդամենը հակամարտության սառեցման և նոր ստատուս քվոյի ֆիքսման միջոց, որն ավելի շատ ձեռնտու է ադրբեջանական կողմին, քան հայկական»,-ասում է Ղուկասյանը։

Նա կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս գործընթացն ամբողջությամբ կապել են Թրամփի վարչակազմի հետ, որի ճակատագիրը մեծապես կորոշվի առաջիկայում՝ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի ընտրությունների արդյունքներով ու հենց դրանից է կախված լինելու, թե Թրամփի վարչակազմը որքանով կպահպանի գործողությունների ազատությունը միջազգային գործերում։ Փորձագիտական մակարդակում կան բազմաթիվ գործոններ, որոնք թույլ չեն տալիս պնդել, թե Երևանի և Բաքվի միջև իսկական խաղաղություն է հաստատվել։

«Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավիճակը վստահորեն կարելի է որակել որպես սառեցված։ Փաշինյանն ու նրա կողմնակիցները մշտապես կրկնում են, թե Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը Հայաստանին չապահովեց անհրաժեշտ անվտանգությամբ։ Թուրքիան, ընդհակառակը, գործողությունների լիակատար ազատություն ստացավ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. իր F-16 կործանիչները տեղակայեց Ադրբեջանում, փաստացի ռազմաբազա ծավալեց Նախիջևանում, իսկ նրա հատուկջոկատայիններն ուղղակիորեն մասնակցեցին մարտական գործողություններին։ Ավելին, Անկարան ակտիվորեն ներգրավեց իր պրոքսի-ուժերը՝ սիրիացի վարձկաններին, որոնց հավաքագրում և տեղափոխում էր ադրբեջանական տարածք։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուսաստանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է։ Մոսկվան հրապարակայնորեն հայտարարում է, որ Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը չի դիտարկում որպես սպառնալիք սեփական շահերին, ընդ որում՝ կատեգորիկ դեմ է Ուկրաինայում եվրոպական երկրների ցանկացած ռազմական ներկայությանը։ Սա խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը Թուրքիային ընտրել է որպես իր առանցքային գործընկեր, և Հայաստանին, Ադրբեջանին ու, թերևս, Վրաստանին առնչվող հարցերում փոխգործակցում է հենց նրա հետ։ Այս իրականության մեջ Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարող համարվել Հայաստանի ռազմական դաշնակից»,-ասում է քաղաքագետ Ղուկասյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է մի դիրքորոշում, որով չի նախատեսում նախաձեռնել Ռուսաստանի հետ որևէ ռազմական, տնտեսական, քաղաքական կամ միջպետական համաձայնագրի խզում․ «Այդ հարցը Հայաստանի ղեկավարությունը թողնում է Մոսկվայի և, ակնհայտորեն, Վաշինգտոնի հայեցողությանը։ Հենց նրանց բանակցությունների արդյունքներից է կախված լինելու՝ արդյոք Ռուսաստանը կպահպանի իր ռազմաբազան Հայաստանի տարածքում, արդյոք «Գազպրոմը» կպահպանի մենաշնորհային դիրքը հանրապետությունում, թե կմնա ուժի մեջ երկաթուղու կոնցեսիան։ Հայաստանի ղեկավարությունը, իր հերթին, ի վիճակի չէ և նույնիսկ չի փորձում նախաձեռնել պայմանագրերի լուծարում»։

Ղուկասյանը գտնում է, որ «Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բնույթի փոփոխությունը Ռուսաստանի քաղաքական որոշումն է։ Տարածաշրջանում որպես գլխավոր գործընկեր Հայաստանը (Ռուսաստանը) ընտրել է Թուրքիային, սակայն Թուրքիայի հետ դաշնակցային և ռազմավարական կապերն անհամատեղելի են հայ-ռուսական հարաբերությունների նախկին դաշնակցային ձևաչափի հետ։ Այս սխեմայում Հայաստանը սուբյեկտ չէ, այլ օբյեկտ. նա դառնում է քաղաքական առևտրի օբյեկտ Թուրքիա-Ռուսաստան-ԱՄՆ եռանկյունում։ Եվրոպական Միությունը, իր հերթին, քայլեր է ձեռնարկել, որոնք ուղղված են Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության միջոցով նրան այդ եռանկյունուց դուրս պոկելուն»։

 

Զաբելա Ավագյան

 

Նորություններ