Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանուն | Region

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանուն

Սեպտեմբեր 28,2026 22:38

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չեռնոգորիայի ընտրանուն: Գերդրամատիկ պայքարում անցած խաղում մեր թիմը ցավալի պարտություն կրեց 2-3 հաշվով:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացվեց ինքնագոլի արդյունքում, որը գրանցվեց պաշտպան Էրիկ Փիլոյանի անվան դիմաց: Հայաստանի հավաքականին հաջողվեց արագ գտնել պատասխանը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սերոբյանը՝ վերականգնելով հավասարությունը: Հատկանշական է, որ Սերոբյանն այսօր ազգային հավաքականի կազմում անցկացնում էր իր հոբելյանական՝ 30-րդ հանդիպումը՝ խփելով իր 2-րդ գոլը գլխավոր թիմի կազմում: Սակայն ընդամենը 4 րոպե անց՝ 38-րդ րոպեին, Կրստովիչը խփեց չեռնոգորցիների երկրորդ գնդակը՝ առաջին խաղակեսն ավարտելով հյուրերի հաղթանակով:   Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Էդուարդ Սպերցյանը հեռահար շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով իր 14-րդ գոլը ազգային թիմի կազմում և հաշիվը դարձնելով 2-2:

Թվում էր՝ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն հիմնական ժամանակի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Ալեքսա Լատկովիչը, օգտվելով Ռիստո Ռադունովիչի փոխանցումից, խփեց հյուրերի հաղթական գնդակը:

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Լատվիայի ու Կիպրոսի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն։

գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Նորություններ