«Մարդիկ խոսելով մեռնում էին… դժոխք էր». Վավերագրողները՝ Արցախից
«Մեր պատշգամբի տակ ադրբեջանական БТР էր կանգնած, 12 հոգի, ու բոլորը մեզ էին նայում, հետո հարցնում էին՝ մնում եք մեզ հետ ապրե՞ք, թե՞ գնում եք «էրիվան». ասում էին՝ գնացեք, այնտեղ էլ ենք գալու»:
Այս մասին պատմում է Հունան Թադևոսյանը, ով Ստեփանակերտից հեռացող ամենավերջին մարդկանցից մեկն է եղել:
«Պատերազմի ընթացքում ու դրանից հետո Բաքուն գործի դրեց ծանոթ ձեռագիրը, գյուղերում մնացած հատուկենտ խաղաղ բնակիչներին գերեվարեցին ու խոշտանգեցին»,-ասում է նա:
Ահասարսուռ բազմաթիվ պատմություններ է լսել Հունանը, նաև ականատես է եղել: Նրա խոսքով՝ վառելիքի պահեստի պայթյունը հյուծված քաղաքի ամենադաժան փորձություններից էր:
«Եթե դժոխքը մենք լսել ենք Աստվածաշնչից, գրքերից կամ ինչ-որ ֆիլմերում ենք տեսել, ես իրականում տեսել եմ սեպտեմբերի 25-ին՝ աղետի գոտում. մարդկանց խմբերին վերջ չկար, մարդիկ խոսելով մեռնում էին, մեկը եղբորն էր փնտրում, մյուսը՝ հորը: Ահավոր էր»,-պատմում է Հունան Թադևոսյանը: