«Կապույտ ցունամի» ԱՄՆ-ում. ի՞նչ կփոխի դեմոկրատների հաղթանակը Հայաստանի և Ադրբեջանի համար | Region

«Կապույտ ցունամի» ԱՄՆ-ում. ի՞նչ կփոխի դեմոկրատների հաղթանակը Հայաստանի և Ադրբեջանի համար

Նոյեմբեր 05,2026 21:05

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որն ավանդաբար անցկացվում է նախագահի պաշտոնավարման ժամկետի այսպես ասած՝ մեջտեղում, և դրանց արդյունքները համարվում են գործող երկրի ղեկավարի նկատմամբ վստահության յուրօրինակ հանրաքվե թե՛ ընտրողների, թե՛ լրատվամիջոցների համար։

ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում թարմացվում է Սենատի մեկ երրորդը և ընտրվում է Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը: Մինչ քվեարկությունը հանրապետականներն ունեին միայն չնչին մեծամասնություն ստորին պալատում՝ 218 տեղ՝ դեմոկրատների 214-ի դիմաց:

Նախնական հաշվարկներով՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում հաղթանակ է տարել Դեմոկրատական կուսակցությունը՝ ստանալով մեծամասնություն Կոնգրեսի երկու պալատներում էլ։ Հանրապետական կուսակցությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կորցրեց Սենատի և Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը: Զուգահեռաբար 36 штат-ում ընտրվեցին նոր նահանգապետեր: Համաշխարհային ԶԼՄ-ների գնահատականներով՝ դեմոկրատները կստանան 255 տեղ, հանրապետականները՝ 180:

Դեմոկրատներին հաջողվեց հաղթել մի շարք ավանդաբար պահպանողական նահանգներում, որտեղ նրանց հաջողությունը նախկինում գրեթե անհնար էր թվում (Կանզաս, Մեն, Օհայո, Այովա, Հյուսիսային և Հարավային Կարոլինա, Տեխաս): Սենատում առաջին անգամ ընտրվեց մահմեդական՝ Միչիգան նահանգի թեկնածու, ում աջակցում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) և ով հայտնի է որպես Իսրայելի բացահայտ քննադատ՝ 42-ամյա դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը: Նա ընդգծեց. «Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղությունը, արժանապատվությունը, անվտանգությունն ու ինքնորոշումը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունեց Հանրապետական կուսակցության պարտությունը՝ արդյունքներն անվանելով անսպասելի, և հայտարարեց Կոնգրեսում նոր դեմոկրատական մեծամասնության հետ համագործակցության պատրաստակամության մասին։ Ընդ որում, ինքը՝ Թրամփը, ավելի վաղ ենթադրում էր, որ կդառնա «Միստր Վետո», այսինքն՝ չի ստորագրի դեմոկրատների նախաձեռնած օրենքները։

Սակայն Թրամփի շրջապատը սկսում է փլուզվել աչքի առջև միջանկյալ ընտրությունների հաջորդ իսկ օրը. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարեց կուսակցության առաջնորդի պաշտոնից իր հրաժարականի մասին, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսն ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած ջախջախիչ պարտության գլխավոր պատճառ է նշել Իրանի հետ ռազմական հակամարտությունը:  Դոնալդ Թրամփն իր հերթին կատաղության մեջ է, հավանաբար Սպիտակ տանը մեծ զտում է նախապատրաստվում։

«Կապույտ ցունամի». Թրամփի անսահմանափակ իշխանության ավարտը

Միջազգայնագետ-քաղաքագետ Դավիթ Կարապետյանը REGIONSTV-ի հետ զրույցում նշում է, որ այս ընտրությունների արդյունքները շրջադարձային պահ են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի համար։

«Միլիոնավոր ամերիկացիներ ընտրություններով իրենց հստակ բողոքն արտահայտեցին իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության դեմ։ Այս ամենը դարձավ ԱՄՆ ժողովրդի քաղաքացիական դիրքորոշման, սեփական հայրենիքի հանդեպ սիրո, նման իրավիճակների հանդեպ անհանդուրժողականության, ճգնաժամերի հանդեպ անհանդուրժողականության և, ամենակարևորը, երկրում իշխանության իսկական տերը լինելու ցուցադրություն: Այն դեմոկրատները, որոնք մեծամասնություն ստացան Սենատում, արդեն կարող են վստահորեն հայտարարել, որ կհաղթեն նաև Ներկայացուցիչների պալատում»,-ասում է Կարապետյանը։

Նա նկատում է՝ այս միջանկյալ ընտրությունների արդյունքները դարձան իսկական շրջադարձային պահ՝ և ոչ թե պարզապես «կապույտ ալիք» կապույտը Դեմոկրատական կուսակցության խորհրդանիշն է, խմբ․), այլ ապշեցուցիչ «կապույտ ցունամի»։

«Թրամփի երկամյա անսահմանափակ իշխանությունը, կարելի է ասել, ավարտվեց։ Սա պարզապես Հանրապետական կուսակցության պարտությունը չէ, սա Դոնալդ Թրամփի քաղաքական ազդեցության լուրջ թուլացման սկիզբն է։ Այս տեղաշարժի անկյունաքարը դարձավ այն, որ դեմոկրատները կարողացան վերահսկողություն ստանալ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ: Միացյալ Նահանգներում ձևավորվում է երկճյուղ իշխանություն. նախագահը հանրապետական է, Կոնգրեսի երկու պալատները՝ դեմոկրատների վերահսկողության տակ: Այսինքն՝ առաջիկա երկու տարում Թրամփը ստիպված է լինելու գործել շատ ավելի մեծ քաղաքական դիմադրության պայմաններում»,-ասում է փորձագետը։

Պարտության պատճառները և աշխարհաքաղաքական հետևանքները

Վերլուծելով հանրապետականների ձախողման պատճառներն ու դրանց ազդեցությունը համաշխարհային ասպարեզի վրա՝ Կարապետյանը նշում է. «Հանրապետականների պարտության հիմնական պատճառը դարձավ Իրանի դեմ պատերազմը, որը հանգեցրեց տնտեսական ճգնաժամի։ Նախագահ Թրամփն ասում է, թե դա դիզելային ճգնաժամի պատճառով է, բայց դա այդպես չէ, և խնդիրը հաստատ չի սահմանափակվում միայն այդ գործոնով։ Բացի այդ, նա ակնհայտ արկածախնդիր քաղաքականություն է վարում. նա պատերազմներ է վարում, բայց միևնույն ժամանակ իրեն անվանում է խաղաղարար, գրեթե Նոբելյան մրցանակակիր: Սրան ավելանում է նաև նրա ընդհանուր առմամբ աբսուրդային նկարագիրը. մարդը կարող է առավոտյան արթնանալ և հայտարարել, որ, օրինակ, Ատլանտյան օվկիանոսը պետք է կոչվի Թրամփի օվկիանոս, Հորմուզի նեղուցը՝ Թրամփի նեղուց, և այլն:

Ընդհանուր առմամբ, նրա արկածախնդրությունը ճգնաժամ է, որը ծնում է քաղաքացիական հակամարտություններ և զայրույթ: Ինչ վերաբերում է Ուկրաինային, Կիևի համար կարող է հնարավորությունների նոր պատուհան բացվել. դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսը կարող է ճնշում գործադրել վարչակազմի վրա ռազմական և ֆինանսական աջակցության հարցում: Ինչ վերաբերում է Իրանին, եթե Իրանի դեմ պատերազմը շարունակվի, դեմոկրատները կարող են ավելի ակտիվորեն պահանջել վերահսկողություն դրա իրավական հիմքերի և ֆինանսական նպատակների նկատմամբ, վետո դնել, սահմանափակել ռազմական գործողությունների ազատությունը: Ռուսաստանի առնչությամբ Կոնգրեսը կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ և սահմանափակել Թրամփի օպերատիվ քաղաքականության հնարավորությունները»։

Դեմոկրատների լծակները և Թրամփի քաղաքական ճակատագիրը

Գնահատելով Ներկայացուցիչների պալատի և Սենատի նոր հնարավորությունները՝ փորձագետն ընդգծում է՝ դեմոկրատները կարող են արգելափակել կամ էապես փոխել Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները, Կոնգրեսը կարող է սահմանափակել վարչակազմի ֆինանսական հնարավորությունները՝ սահմանելով պայմաններ հատկացումների համար․«Դեմոկրատները կարող են վերահսկել հանձնաժողովները և հետաքննել Թրամփի վարչակազմի, նրա շրջապատի և ընտանիքի գործունեությունը: Սենատը կարող է արգելափակել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների և դատավորների նշանակումները: Քանի որ եմ միշտ ասել եմ, որ իմպիչմենտը բացառված չէ, այս հարցը նույնպես կարող է նորից հայտնվել քաղաքական օրակարգում: Այս հաղթանակը անասկած կարագացնի Թրամփի քաղաքական ազդեցության անկումը և նրա հեռացումը պաշտոնից: Այնուամենայնիվ, Կոնգրեսի դիրքորոշումը չի նշանակում, որ Սպիտակ տունը պարտավոր է վարել նույն քաղաքականությունը: Այս ամենի արդյունքը Թրամփի քաղաքական վախճանի հիմքերի գցումն է, բայց Թրամփը նախկինի պես վերահսկում է գործադիր իշխանությունը: Ցանկացած սցենարի դեպքում նախագահը դեռ պահպանում է արտաքին քաղաքականության մեջ զինված ուժեր կիրառելու լիազորությունները, բայց նա ստիպված է լինելու հաշվի նստել Կոնգրեսի հետ»։

Հարավային Կովկասի վեկտորը. հեռանկարներ Հայաստանի և Ադրբեջանի համար

Դավիթ Կարապետյանը նշում է մի քանի առանցքային կետեր, որոնք որոշում են ընտրությունների արդյունքների նշանակությունը մեր տարածաշրջանի համար՝ առաջին հերթին, հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների համատեքստում Կոնգրեսի վերաբերմունքը TRIPP տարածաշրջանային նախագծին, որը նախաձեռնել էր Թրամփի վարչակազմը, կարող է ավելի մեծ նշանակություն ստանալ: Նրա կարծիքով՝ Դեմոկրատները ունակ են պահանջել լրացուցիչ երաշխիքներ Հայաստանի ինքնիշխան սահմանների վերահսկողության և անվտանգության վերաբերյալ․ « Այս պահին TRIPP-ում անվտանգության լրացուցիչ երաշխիքները կամ շատ թերի են, կամ ընդհանրապես բացակայում են: Խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը կարող է Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծել տնտեսական, պաշտպանական և դեմոկրատական համագործակցության ոլորտներում: ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում, հավանաբար, ավելի մեծ ուշադրություն կդարձվի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, Արցախի հայերի իրավունքներին և հայ ռազմագերիների հարցին: Ադրբեջանում անհանգստացած են, քանի որ շատ հանրապետականներ գործարքներ էին կնքում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հետևաբար, նրանք հարաբերությունների վերանայման խնդիր ունեն, և այդ մտահոգություններն լիովին արդարացված են:

Ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չեն: Իմ կարծիքով՝ այժմ ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք դեմոկրատները կփորձեն պարզապես հակադրվել Թրամփին, թե՞ կձևավորեն իրենց սեփական արտաքին քաղաքական օրակարգը, ներառյալ Հարավային Կովկասը, Հայաստանը և Ադրբեջանը: Հենց դա էլ կորոշի, թե որքանով ընտրությունների արդյունքը կվերածվի իրական քաղաքական հնարավորության Հայաստանի համար»։

Զաբելա Ավագյան

Նորություններ