«Առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չի լինի, եթե այլ իրավիճակ չլինի»․ ՀԾԿՀ նախագահ | Region

«Առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չի լինի, եթե այլ իրավիճակ չլինի»․ ՀԾԿՀ նախագահ

Նոյեմբեր 06,2026 17:24

«Այս պահին հանձնաժողովը պաշտոնական գրություն «Գազպրոմ Արմենիայից» կամ ռուսական կողմից չունի։ Ես լիահույս եմ, որ նման բան չի լինի։ Իսկ եթե թանկացում լինի, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30-33%-ը բաժին է հասնում ջերմային էլեկտրակայաններին։ Հետևաբար, եթե գազը թանկացավ, ջերմային էլեկտրակայանների սակագինը կբարձրանա՝ կախված գազի գնից»,-այս մասին այսօր խորհրդարանոմ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նա ներկայացրեց հանձնաժողովի ուսումնասիրությունը գազի հնարավոր թանակցման ազդեցության վերաբերյալ։ Օրինակ բերեց՝ եթե սահմանի վրա գազի գինը  կաճի 30%-ով, այսօրվա 174.4 դոլար է  1000 խորանարդ մետրի համար,  կդառնա 226.8 դոլար, ինչը էլեկտրաէներգիայի միջինացված սակագնի վրա կունենա 1.4 դրամի ազդեցություն:

Իսկ եթե ԵԱՏՄ զեկույցում նշված 69% թանկացում լինի, սահմանին գազի գինը կդառնա 294.8 դոլար,  էլեկտրաէներգիայի սակագնի վրա կազդի 3.3 դրամով, եթե 300%-ով թանկացում լինի, գազի գինը սահմանին կդառնա 697.8 դոլար, իսկ էլեկտրաէներգիայի միջինացված սակագնի վրա կազդի 14.2 դրամով:

Նա վստահություն է հայտնել, որ գազի մատակարարումը ՀՀ չի դադարեցվի, իսկ եթե դադարեցվի, ապա ստիպված պետք է կարգավորման այլ գործիքներ կիրառվեն, այնպես, ինչպես 90-ականների ճգնաժամային շրջանում․ «Օրինակ՝ Սևանից լրացուցիչ ջրթող անենք, որպեսզի Սևան-Հրազդան հիդրոկասկադն ամբողջ տարին աշխատեցնենք, պետք է արագ բանակցենք Վրաստանից և Վրաստանի միջոցով այլ երկրներից 110 կՎտ օդային գծերով էլեկտրաէներգիա ներկրելու համար: Որոտանի կասկադն ամբողջությամբ պետք է աշխատեցնենք, այս տարվա ջրային ռեսուրսները թույլ են տալիս նման բան անելու»։

Նա վստահեցրել է, որ եթե այլ իրավիճակ չլինի, առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չի լինելու, և եթե նույնիսկ հիմա հայտ ներկայացվի, այն վերաբերելի կլինի հաջորդ վերանայման փուլին․«Ձմեռն արդեն դուրս կգա, այսինքն դա վերաբերելի է հաջորդ վեց ամսվան»:

Եթե Գազպրոմը դիմի գազը թանկացնելու հայտով, արդյոք ՀԿԾՀ-ն կարող է մերժել, այս հարցին ի պատասխան էլ Մեսրոպյանն ասել է՝ քանի որ նման հայտ չկա, ու բոանդակությունը հայտնի չէ, ապա միանշանակ պատասխան հնարավոր չէ տալ այդ հարցին․«Պետք է հայտը սեղանին դրված լինի, որ հասկանանք՝ ինչ է գրված, ինչ են ուզում, որպեսզի մենք հասկանանք՝ դա օբյեկտի՞վ պահանջ է, թե՞ քաղաքական, ըստ այդմ էլ հանձնաժողովը որոշում կայացնի։ Իսկ քաղաքական հայտը գնահատողը հանձնաժողվը չէ»։

Ի՞նչ դեր կունենան արևային կայաններն և կուտակիչ մարտկոցները էլեկտրաէնեգիան որպես այլընտրանք գազին․ այս առնչությամբ Մեսրոպյանն ասաց՝ կենցաղային և այլ սպառողների մասով արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 783 մեգավատի (շուրջ 61,000 կետ): Սա լուրջ թիվ է, սակայն քանի որ արևային էներգիան արտադրվում է օրվա որոշակի ժամերին և կախված է եղանակից, այն գազի բացակայության կամ ճգնաժամի պարագայում միանշանակ միակ և լիարժեք լուծումը չի կարող հանդիսանալ:

 

Նորություններ