«Այդ նամակով չի բացառվում գազի գնի թանկացման հնարավորությունը»․ Խուդաթյան | Region

«Այդ նամակով չի բացառվում գազի գնի թանկացման հնարավորությունը»․ Խուդաթյան

Նոյեմբեր 09,2026 17:01

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի բացառում, որ ՌԴ-ն Հայաստանին մատակարարող գազի գինը կբարձրացնի։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում  նախարարն ասել է, որ ռուսական կողմի նամակին՝ գազի հնարավոր թանկացման վերաբերյալ, հայկական կողմը պատշաճ պատասխանել է, սակայն նախարարը չի մանրամասնել, թե ինչ են պատասխանել։

«Մենք նամակին պատշաճ պատասխանել ենք։ Այդ նամակով չի բացառվում գազի գնի թանկացման հնարավորությունը»,-ասել է Խուդաթյանը։
Գազի գնի բարձրացման ռուսական կողմի սպառնալիքները սկսվել են այս տարի գարնանը, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանում։ Մոսկվան նամակ է հղել Հ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, զգուցացնելով՝ «Մոսկվան չի  կարողանա  Հայաստանին մատակարարել գազ և նավթամթերք այն գնով, որով մատակարարում են հիմա, եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա ու դեպի ԵՄ գնա»։

Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որ հայկական կողմը «Գազպրոմից» կամ «Գազպրոմ Արմենիայից» գազի հնարավոր թանկացման վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել։ Նա նաև գազի հնարավոր թանակցման վերաբերյալ որոշ ցուցանիշներ է  ներկայացրել՝ եթե սահմանի վրա գազի գինը  կաճի 30%-ով, այսօրվա 174.4 դոլար է  1000 խորանարդ մետրի համար,  կդառնա 226.8 դոլար, ինչը էլեկտրաէներգիայի միջինացված սակագնի վրա կունենա 1.4 դրամի ազդեցություն:

Իսկ ԵԱՏՄ զեկույցում նշված գազի 69% թանկացման դեպքում, սահմանին գազի գինը կդառնա 294.8 դոլար,  էլեկտրաէներգիայի սակագնի վրա կազդի 3.3 դրամով, եթե 300%-ով թանկացում լինի, գազի գինը սահմանին կդառնա 697.8 դոլար, իսկ էլեկտրաէներգիայի միջինացված սակագնի վրա կազդի 14.2 դրամով:

Նորություններ