Կապսի ջրամբարի անորոշ ճակատագիրն ու 38 տարի սպասող Ջրաձորը․ ե՞րբ կկառուցվի նոր գյուղը
Կապսի ջրամբարի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել էր ՀՀ կառավարության և գերմանական KfW բանկի միջև 2023թ․ ապրիլին։ Ծրագրի բյուջեն կազմում էր 97,8 մլն եվրո, որից 68,5 մլն եվրոն KfW-ի վարկն էր, իսկ մյուս մասը պետք է համաֆինանսավորեր ՀՀ կառավարությունը։
Կառավարությունը նախատեսել էր 5 մլրդ դրամ հատկացնել Կապսի ջրամբարի կառուցման հետևանքով Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրը տեղափոխելու ու նոր գյուղ կառուցելու համար: Ի սկզբանե վերաբնակեցման երկու տարբերակ է եղել. կամ բնակարանների գնման վկայագրեր տալ բնակիչներին, կամ նոր բնակավայր կառուցել: Ջրաձորի բնակիչները հակված են եղել ամբողջական վերաբնակեցմանը:
2025թ․ դեկտեմբերին, սակայն, Կապսի ջրամբարի շինարարությունը կասեցվեց, պայմանագիրը խզելու գործընթաց սկսվեց չինական «Shanxi Construction Investment Group» ընկերության հետ՝ ժամանակացույցի խախտման պատճառով։
Դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ջրաձոր գյուղը տեղափոխելու ծրագիր է եղել, սակայն Կապսի ջրամբարի՝ 1985թ․-ին մեկնարկած շինարարությունը դադարեցվել է 1988թ․-ի երկրաշարժից հետո։
Գյուղացիներին չեն թույլատրել տները կառուցապատել՝ նշելով, որ գյուղը տեղահանվելու է։ Երկրաշարժից հետո տները դարձել են վթարային, և բնակչության մի մասը լքել է գյուղը։ Այդ ընթացքում բնակապահովման որևէ ծրագիր չի իրականացվել։ Ինչպես նշում են Ջրաձորի բնակիչները, 38 տարվա ընթացքում իրենք անորոշ վիճակի մեջ են ապրել՝ կատարելով միայն տների կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ։
Ջրաձոր գյուղում այսօր փաստացի բնակվում է 190 մարդ։ Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկը բնակիչների շրջանում նոր հույսեր էր արթնացրել․ նրանք սպասում էին, որ տարիների անորոշությունն ավարտվելու է, և վերջապես կունենան նոր բնակավայր։ Շինարարության կասեցումը կրկին հիասթափեցրել է նրանց։
Սակայն, Ջրաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արա Հարությունյանի պնդմամբ, անկախ ջրամբարի շինարարության ընթացքից, նոր գյուղը պետք է կառուցվի․ սպասում են ՀՀ կառավարության որոշմանը։
Իսկ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը վերջերս հայտարարեց, որ նախագծի պատրաստ լինելուց և բոլոր փորձաքննություններն անցնելուց հետո կհայտարարվի նոր մրցույթ և նոր շինարարը կկարողանա սահմանված ժամկետում շահագործման հանձնել Կապսի ջրամբարը։
