Նորոգվող ճանապարհներ, գյուղեր՝ առանց տրանսպորտի․ ե՞րբ կշարժվեն երթուղայինները դեպի Վանանդ ու Կողբավան | Region

Նորոգվող ճանապարհներ, գյուղեր՝ առանց տրանսպորտի․ ե՞րբ կշարժվեն երթուղայինները դեպի Վանանդ ու Կողբավան

Նոյեմբեր 09,2026 17:30

Արմավիրի մարզի Կողբավան և Վանանդ բնակավայրերում, որոնք գտնվում են մարզկենտրոնից համապատասխանաբար 33կմ և 25 կմ հեռավորության վրա, հասարակական տրանսպորտ չի գործում։

Կողբավանում բնակվում է 32 մարդ, իսկ Վանանդի բնակչության թիվը 1215 է։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է նրանց համար։

Կողբավան բնակավայրում դպրոց չկա, և գյուղի երեխաները կրթություն ստանալու համար հասնում են հարևան Վանանդ բնակավայր։ Փոքրիկների ճանապարհի երկարամյա ուղեկիցը գյուղում բոլորին հայտնի Հովհաննես պապն է։ Տարիներ շարունակ նա իրեն հատկացված մեքենայով երեխաներին դպրոց է տեղափոխում՝ դառնալով նրանց առօրյայի անբաժան մասը։

Հովհաննես Սահակյան

Անհրաժեշտության դեպքում նա իր անձնական մեքենայով ծառայել է նաև որպես շտապօգնություն՝ գյուղացիներին հասցնելով հարևան Վանանդ կամ մարզկենտրոն։ Գյուղի բնակիչների համար այն հաճախ եղել է միակ հասանելի տրանսպորտային միջոցը։ Հովհաննես Սահակյանը նշում է․ «Ինչ հիշում եմ, մեր գյուղում տրանսպորտ չի եղել․ մարդիկ ոտքով հասնում էին գլխավոր ավտոճանապարհ և օգտվում էին Երվանդաշատ գյուղի երթուղայինից»։

Տրանսպորտային կապի բացակայությունը սահմանափակում է ոչ միայն մարդկանց տեղաշարժը, այլև կրթության, աշխատանքի և այլ կենսական ծառայություններից օգտվելու հնարավորությունները։ Երբ տրանսպորտային խնդիրը տարիներով լուծում չի ստանում, դրա հետևանքները կարող են շատ ավելի խոր լինել՝ սոցիալական մեկուսացումից մինչև բնակչության արտահոսք։

Գառնիկ Զաքարյան

Վանանդ գյուղում ևս նույն խնդիրն առկա է․ բարդ է հատկապես ուսանողների համար, որոնք ստիպված են ամեն օր հասնել քաղաք, նաև տարեցների համար, որոնք առողջական խնդիրներ ունեն։ Օրինակ, Վանանդ գյուղի բնակիչ Գառնիկ Զաքարյանը վերջին տարիներին հաճախ է հիվանդանոցներ այցելում, նաև կենսաթոշակի հարցերով ստիպված է Արմավիր հասնել։ Ասում է՝ տաքսիների վարորդները տեղափոխման գինը 4000 դրամ են սահմանել։ «Ամեն առավոտ գյուղի բնակիչները ոտքով հասնում են մայրուղի։ Ում բախտը բերում է, բարեխիղճ վարորդի է հանդիպում և շարունակում է իր ճանապարհը»,-ավելացնում է Գառնիկ Զաքարյանը։

 

 

Վարուժան Մարկոսյան

Իսկ գյուղի մեկ այլ բնակիչ Վարուժան Մարկոսյանի պնդմամբ՝ Վանանդում 1990թ․-ից հետո հասարակական տրանսպորտ չի գործում։ « Մի կերպ հասնում ենք Արմավիր կամ այլ բնակավայր, հետո վերադառնում ենք Հուշակերտ գյուղի տրանսպորտով, այնտեղ իջնում ենք ու սպասում Վանանդ գնացող պատահական մեքենայի»,-դժգոհում է Վարուժան Մարկոսյանը։

Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց Վանանդ բնակավայրի վարչական ղեկավար Ռոման Մանուկյանը, իրենց հիմնական խնդիրը տրանսպորտի բացակայությունն է։ «Մինչ օրս երթուղիներ սպասարկող կազմակերպություններն այդ ուղղությունները շահութաբեր չեն համարել, նաև անբարեկարգ ճանապարհների պատճառով  չէին ցանկանում հասնել Վանանդ ու Կողբավան  բնակավայրեր, հիմա ասֆալտապատման աշխատանքներ են տարվել, և մենք համայնքային կենտրոնի հետ փորձում ենք կարգավորել տրանսպորտի հարցը։ Շատ դպրոցականներ և ուսանողներ ունենք, և գոնե Արմավիր քաղաքի հետ կապը պետք է ապահովենք»,-ընդգծեց Մանուկյանը։ Ըստ նրա՝ համայնքապետը լրջորեն զբաղվում է այդ հարցով, քննարկումներ են եղել, և փորձում են 2027թ․-ի ընթացքում նշված գյուղերն ապահովել տրանսպորտով։

 

Հարցի կարգավորման հնարավորությունները կարող են ավելանալ նաև ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման արդյունքում։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես է հիմնանորոգվում Վանանդ տանող 11 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհը։

Regions TV-ն նաև պաշտոնական հարցում է ուղարկել Բաղրամյանի համայնքապետարան։ Պատասխան նամակում նշվում է․

«Բաղրամյան համայնքի ղեկավարությունը կարևորում է համայնքի բոլոր բնակավայրերի տրանսպորտային հասանելիության ապահովումը և խնդրի կարգավորումը դիտարկում է որպես բնակիչների կենսական կարիքներից բխող կարևոր խնդիր։ Հարցի լուծման հնարավոր տարբերակները դիտարկելու և ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման նպատակով համայնքի ղեկավարը հանդիպումներ է ունեցել տրանսպորտային ոլորտում գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Վանանդ և Կողբավան բնակավայրերի սպասարկման հնարավորությունը։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երթուղիների շահագործման կազմակերպչական և տնտեսական նպատակահարմարության հարցերը։ Մասնավորապես, հաշվի առնելով բնակավայրերում բնակչության համեմատաբար փոքր թվաքանակը, ուղևորահոսքի սահմանափակ լինելը, ինչպես նաև երթուղիների սպասարկման ծախսատարության պայմանները՝ կազմակերպությունների համար տվյալ երթուղիների շահագործումը ներկայում բավարար տնտեսական գրավչություն չի ապահովում, ինչի հետևանքով նրանք առայժմ պատասխանատվություն չեն հայտնել ստանձնելու նշված երթուղիների սպասարկումը։

Այս համատեքստում հարկ է առանձնացնել նաև Վանանդ-Բաղրամյան միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածի նախագծային ոչ բարենպաստ վիճակը, որը ևս կարող է ազդել տրանսպորտային միջոցների բնականոն շահագործման և երթուղու սպասարկման կազմակերպման պայմանների վրա։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհահատվածում ներկայում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, որոնք գտնվում են ավարտական փուլում։ Աշխատանքների ավարտը կարող է բարելավել ճանապարհային պայմանները և նպաստել տվյալ ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման հնարավորությունների ընդլայնմանը։

Բացի այդ, համայնքի ղեկավարի կողմից խնդրի լուծման հնարավոր մեխանիզմները քննարկվել են նաև ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչների հետ։ Հարցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն այս պահին վերջնական լուծման տարբերակը, իրականացման մեխանիզմներն ու ժամկետները դեռևս հստակեցված չեն»։

Բաղրամյանի համայնքապետարանից ընդգծել են նաև, որ կարևորելով հատկապես երեխաների կրթության հասանելիության ապահովումը, համայնքային տրանսպորտային միջոցով կազմակերպվում է Կողբավան բնակավայրից Վանանդ բնակավայր մեկնող և դպրոց հաճախող երեխաների տեղափոխումը՝ ապահովելով նրանց կրթական հաստատություններ հաճախելու հնարավորությունը։

Նշվում է, որ համայնքի ղեկավարությունը շարունակելու է համագործակցությունը ոլորտի պետական լիազոր մարմնի և համապատասխան կազմակերպությունների հետ՝ ճանապարհային պայմանների բարելավման և առկա հնարավորությունների հաշվառմամբ խնդրի երկարաժամկետ ու իրատեսական լուծում գտնելու նպատակով․ կարևոր է, որ յուրաքանչյուր բնակավայրի բնակիչ ունենա անհրաժեշտ ծառայություններից օգտվելու և համայնքի մյուս բնակավայրերի հետ տրանսպորտային հաղորդակցություն ունենալու հնարավորություններ։

Մի կողմից՝ ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները, մյուս կողմից՝ երթուղիների սպասարկման հարցում դեռևս հստակ պայմանավորվածություն չկա։ Մինչ պատասխանատուները քննարկում են հնարավոր լուծումները և խոսում 2027թ․-ի հեռանկարի մասին, երկու գյուղերի բնակիչները շարունակում են սպասել մի խնդրի լուծման, որն իրենց առօրյայի համար կենսական նշանակություն ունի։

Էդուարդ Մխիթարյան  

Նորություններ