Սա ոչ թե խաղաղության, այլ կառափնարան տանող ճանապարհ է. ԱԺ պատգամավոր
Պատմական հիշողությունը ազգի կարևորագույն բաղադրիչներից է, հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ անդրադառնալով իշխանության առաջ քաշած «Պատմական, թե ՞ իրական Հայաստան» թեմային:
«Իրենք եկել են «Հակահայաստան» ստեղծելու օրակարգով, փորձում են հիմա «Հավերժական Հայաստանի» երազը մորթել, որպեսզի հայ մարդը չոգեշնչվի, չփորձի վեր հառնել այս ծնկած վիճակից, որովհետև ոգեշնչումը հույս է արթնացնում: Պարտությունը դատավճիռ չէ, բայց այս պարտությունը որպես դատավճիռ չընկալելու, դրա հետ չհամակերպվելու համար մենք պետք է վերագտնենք ինքներս մեզ, վերադառնանք ակունքներ»,-ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ այսօրվա խաղաղության օրակարգ ներկայացվածը որևէ աղերս չունի իրական խաղաղության հետ, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ նպատակ ունի՝ հայկականությունը ջնջել տարածաշրջանից:
«Սա ոչ թե խաղաղության, այլ կառափնարան տանող ճանապարհ է. մենք պետք է պայքարենք մեր ինքնության և գոյության համար»,-նշեց Ասպրամ Կրպեյանը: