Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան | Region

Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան

Ապրիլ 20,2024 19:40

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին:

Քաղաքացի Կարեն Վարժապետյանը  հարցրել է. «Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել, խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն է շարունակվելու»:

Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված վայրագությանը դժվար է գնահատական տալ՝ պահպանելով բարեվարքության կանոնները։ Նա Նիկոլ Փաշինյանի ոստիկանական ռեժիմի հերթական հակառակորդն է, և Նիկոլն արագացված տեմպերով հավասարվում է Ուգանդայի, Զիմբաբվեի կամ Կամբոջայի՝ սեփական ժողովրդի արյունը քամող դիկտատորներին։

ՎաԽ՝ սա է Փաշինյանի և՛ ներքին հոգեվիճակը, և՛ իշխանությունը պահելու միակ գործիքը։ Եվ այս պարանոիդալ իրականությունը նա փորձում է ամեն գնով տարածել հանրապետությունով մեկ։ Նա վախեցնում է ժողովրդին պատերազմով, զոհերով, կալանքներով, հիմա՝ նաև խոշտանգումներով։ Նա լավ չի պատկերացնում, որ նման դաժանություններով  լեգիտիմացնում է ռադիկալիզացիան։ Եվ սա հղի է բումերանգի էֆեկտով:

Գրանտներով ժամանակին բուծված կոմերսանտ-իրավապաշտպանները և արևմտյան դեսպանները կշարունակեն, բերանները  Cabernet-Sauvignon լցրած, լռել Հայաստանի սադամիզացիայի մասին։ Այն, որ  «ժողովրդավարության բաստիոնն» իրականում վերածվել է հակաժողովրդական Բաստիլի, իրենց վարդագույն ակնոցներով չի երևում։

Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է։ Իսկ նա իշխանության կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ որպես ժողովուրդ, իրեն դեն չենք նետել վարչապետական կաբինետից»։

Նորություններ