Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. ՆԳՆ
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Ըստ հաղորդագրության՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում:
«Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:
Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- նշվում է հաղորդագրության մեջ: