ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժին՝ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված անձանց տեսակցելու համար
Ապրիլ 26,2024 22:48
«Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների առաջնորդությամբ այսօրվա ընթացքում կրկին կարճ ժամանակով ճանապարհներ են փակվել: Ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստան – Ադրբեջան սահմանագծման գործընթացի դեմ:
Ոստիկանությունը ժամը 17.30-ին տեղեկացրել է, որ Երևանում փակ ճանապարհներ չկան, շարունակում են պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման գործառույթները: Երեկոյան լարվածություն է ստեղծվել Տավուշի Կիրանց բնակավայրում՝ դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մոտ:
Հավաքվածները կամրջի հատվածում նկատել են դեպի Բերքաբեր ընթացող մեքենա և, կարծելով, թե մեքենայում քարտեզագիրներ են, արգելափակել են մեքենայի մուտքը՝ թույլ չտալով դուրս գալ: Միջամտել են ոստիկանները, իրավիճակը հանդարտվել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Իրականացված այցի շրջանակում ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից ոստիկանության ծառայողներն իրեն ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, բաժնի վարչական շենքում, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս հարցին Պաշտպանն անդրադարձել է նաև նախկինում և կարևորում է նշված սահմանադրական պահանջի պահպանումը։
Դեպքի հանգամանքները ուսումնասիրելու և ընթացք տալու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի իրավասու մարմնին։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ:
Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024