Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:
Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել էին Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր:
Վթարի վայրում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելել է Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջել վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվել են նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։
Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր է եղել։ Նրանց մի մասը հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։
Մորթեզա Աբեդինը շնորհակալություն է հայտնել իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար։