Ինչով է պայմանավորված Ադրբեջանի և ԵՄ առաջատար երկրների հարաբերությունների վատթարացումը
– Էմանուել Մակրոնն Ադրբեջանից դիրքորոշման հստակեցում է ակնկալում.
– Բաքուն Փարիզին և Արևմուտքին մեղադրել է ապակառուցողական գործունեության մեջ.
ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հաճախ են լարվում, իսկ Ֆրանսիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները խիստ են վատթարացել։ Պատճառը Ադրբեջանի իշխանությունների «մահացու վիրավորանքն» է Ֆրանսիայից՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին աջակցելու և նրա անվտանգության ապահովման գործում Հայաստանին օգնելու պատրաստակամության համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2020 թվականի պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանի հասցեին ամենախիստ հայտարարություններն է արել, իսկ Ֆրանսիայի Սենատն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է դուրս բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից: Ֆրանսիայի Սենատի որոշումը չի նպաստել արցախահայության վիճակի բարելավմանը, քանի որ ոչ մի երկիր, այդ թվում և Ֆրանսիան, չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սակայն նման հայտարարությունն առաջացրել է ադրբեջանցիների զայրույթը, և նախագահ Ալիևը բանաձևին ի պատասխան Ֆրանսիային կոչ է արել «Մարսելը տալ հայերին»: Հիշեցնենք, որ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, սակայն Բաքուն բազմիցս մերժել Է Փարիզի միջնորդությունը:
Իսկ երբ Ադրբեջանը փաստացի շրջափակեց Արցախի հայերին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անձամբ էր եկել Ադրբեջանի հետ սահման և պահանջել բացել Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող տասնյակ բեռնատարների ճանապարհը շրջափակման մեջ հայտնված արցախցիների համար: 2022 թվականին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն կողմ քվեարկեց բանաձևին, որը պահանջում էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքից և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Իսկ վերջերս Ֆրանսիան հայտարարեց, որ զենք է մատակարարելու Հայաստանին։
Բաքվի իշխանամետ մամուլը դա գնահատել է որպես թշնամանքի ակնհայտ ակտ։ Ադրբեջանի իշխանություններն այնքան են վիրավորված Ֆրանսիայից, որ իրենց թույլ են տալիս միջամտել եվրոպական այդ տերության ներքին գործերին։ Ադրբեջանում անցկացվում է համաժողով՝ նվիրված «ֆրանսիական գաղութատիրությանը և մարդու իրավունքների խախտումներին»: Բաքվից լրագրողները մեկնում են Փարիզ՝ լուսաբանելու անկարգությունները։ Նախագահ Ալիևը մարդկանց է հավաքում ֆրանսիական նախկին գաղութներից, որոնք պատմում են «ճնշումների» մասին: Ներկա են լինում ազգային շարժումների ներկայացուցիչներ Ֆրանսիայի ծովափնյա շրջաններից՝ Նոր Կալեդոնիայից, Ֆրանսիական Պոլինեզիայից, Ֆրանսիական Գվիանայից և այլն:
Բացի այդ, 2023 թվականի դեկտեմբերին Բաքուն պերսոնա նոն գրատա Է հայտարարել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների։ Փարիզը կտրականապես հերքել է Բաքվի մեղադրանքները և հայտարարել ադրբեջանցի երկու դիվանագետների հայելային արտաքսման մասին: 2024 թվականի հունվարին Ֆրանսիայի Սենատը դիմել էր Եվրամիությանը՝ խնդրելով «բոլոր դիվանագիտական միջոցները ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի դեմ նրա բազմիցս ագրեսիվ գործողությունների համար, ամբողջությամբ վերանայել Բաքվի հետ հարաբերությունները և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ, առգրավել երկրի ղեկավարների միջոցները և էմբարգո սահմանել ադրբեջանական նավթի և գազի մատակարարման վրա»։ Ապրիլի 16-ին Ֆրանսիան որոշում է ընդունել խորհրդակցությունների համար հետ կանչել Ադրբեջանում իր դեսպան Անն Բույոնին՝ վերջին ամիսներին Ադրբեջանի միակողմանի գործունեության պատճառով, որը վնաս է հասցրել երկու երկրների հարաբերություններին: Մակրոնը հույս է հայտնել, որ Բաքուն պարզաբանումներ կտա։ Ի դեպ, ապրիլի վերջին Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան և շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը:
Չնայած Բաքվի և Փարիզի միջև առկա լարվածությանը, Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա: Հարկ է նշել, որ 1995-2019 թվականներին ֆրանսիական ընկերությունները 2,2 մլրդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ, որից 2 մլրդ դոլարը բաժին է ընկել պետական կառավարման ներքո գտնվող նավթային սեկտորին։
Վերջին շրջանում վատթարացել են Բաքվի հարաբերությունները Եվրոպայի խորհրդի կառույցների հետ, ինչպես նաև Բաքվի և Բրյուսելի հարաբերությունները: Հունվարի 22-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սպառնացել էր, որ ԵՄ-ն կարձագանքի Ադրբեջանի կողմից Արցախից հայերի բռնի տեղահանմանը կամ իրավիճակի ցանկացած վատթարացմանը՝ հայտարարելով, որ պատրաստ է վերադարձնել բոլոր հայերին:
Ադրբեջանը արմատախիլ է անում Արցախի ողջ հայկական մշակութային ժառանգությունը: Վերջին ամիսներին հայտնվել են տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորները պղծում են գերեզմանները, քանդում հայկական հուշարձանները։ Կան լուսանկարներ, որոնցում պատկերված է հայկական տների թալանը։ Հայերի վերադարձն ապահովելու նպատակով Ադրբեջանի դեմ Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից ձեռնարկված միջանկյալ միջոցները արդյունք չեն տվել: Խոսեպ Բորելն ընդգծել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ առանց վախի և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքի:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստացել է, որ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել: Բացի այդ, Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջի չկատարումը կարող է հանգեցնել երկրի վերջնական հեռացմանը կազմակերպության անդամակցությունից:
2001 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո Ադրբեջանը սկսել էր օգտագործել լոբբինգի մեթոդներ, որոնք հայտնի են որպես «խավիարային դիվանագիտություն»: Միակ եվրոպական ինստիտուտը, որը լրջորեն արձագանքում է Ադրբեջանին, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն է: Հունվարի 24-ին վեհաժողովը որոշում է կայացրել զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ-ում 2024 թվականի լիազորություններից։
ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն «Մեյդան»-ին տված հարցազրույցում նշել է. «մենք քննարկել ենք ընդհանուր իրավիճակը Ադրբեջանում, և Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրների շարքում Ադրբեջանում ամենավատ վիճակն է։ Մարդկանց բանտարկում են վերացական մեղադրանքներով՝ առանց որևէ ապացույցի միայն այն պատճառով, որ քննադատում են նախագահին և կառավարությանը»։ Ֆրանկ Շվաբեն բացառել է Ադրբեջանի վերադարձը ԵԽԽՎ՝ Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիի ձերբակալությունից հետո: Գերմանացի սոցիալ-դեմոկրատը նաև մեղադրել է Ադրբեջանին կոռուպցիայի մեջ և նշել, որ այն սկսվել է 2001 թվականին ԵԽԽՎ-ին երկրի անդամակցությունից ի վեր: Հնարավոր է, որ վեհաժողովի ընդունած որոշումը վերջ դնի Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբիին։
Գերմանական ARD հեռուստաընկերությունը ռեժիսոր և հետաքննող լրագրող Դենիել Հարիսի հետ համատեղ նկարահանել է «Անդունդի եզրին» ֆիլմը Եվրոպայի խորհրդում ադրբեջանական լոբբինգի և Բաքվում կոռուպցիոն սխեմաների մասին: Չնայած ֆիլմը գեղարվեստական է, դրա հիմքում ընկած է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումով հետաքննությունների շարքը, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը կաշառել Եվրոպայի Խորհրդի քաղաքական գործիչներին: 2017 թվականին հրապարակվել են եվրոպական քաղաքական գործիչներին 2,9 մլրդ դոլարով կաշառելու դրվագների հետաքննության տվյալները:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում սրվել են Ադրբեջանի հարաբերությունները նաև Գերմանիայի հետ։ Հարաբերություններն այնքան լարված են, որ Արևմուտքի հետ փոխգործակցությունը հասել է ոչ միայն մեղադրանքների, այլև վիրավորանքների փուլին։ ԵԽԽՎ-ում Միլի մեջլիսի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը գրել է, որ ԵԽԽՎ գերմանացի անդամ Ֆրանկ Շվաբեն քաղաքական ահաբեկիչ է, որը ոչնչացրել է Եվրոպական ինտեգրման գաղափարը:
Զաբելա Ավագյան