Ախտայի միակ բնակիչը եռագույնը ծածանեց իր տան կտուրին՝ կյանքի կոչելով առաջին նպատակը
Վայոց ձորի մարզի Ախտա գյուղի միակ բնակիչ Վոլոդյա Մնացականյանը հյուրեր ունի։ Գյուղի տիրակալը նրանց հետ շրջում է իր կալվածքում և պատմում Ախտայի ծագումնաբանությունը։ Ընթացքում դադար է տալիս, կիսվում կյանքի դժվարությունների, վայրի կենդանիների հետ նույն տարածքում ապրելու վտանգների ու այդ ամենից պաշտպանվելու ունակությունների մասին`համեմելով այն զվարճալի պատմություններով ու հումորներով:
Ցավով է նշում գյուղի դատարկման մասին, բայց միևնույն ժամանակ չի ընկճվում։ Ավելին, վստահեցնում է, որ իր որդիների հետ միասին գյուղը նորովի և նախկինից ավելի լավն է դարձնելու։
Ախտայի պահապանը հավատում է իր տեսլականին` այն կապելով իր երազանքների ու նպատակների հետ։ Վոլոդյան իր նպատակներից մեկը կյանքի է կոչել, տան կտուրին արդեն ծածանվում է ՀՀ եռագույնը։ Մյուսը` հյուրատուն կառուցելու նպատակը, տեսադաշտում է։
Վոլոդյա Մնացականյանը թեև հյուրատուն դեռ չի կառուցել բայց հյուրեր է ընդունում, նրանց համար իր ձեռքով խորոված անում, բակում հյուրասիրություն կազմակերպում Ախտայի ոճով։
Նկարահանումը՝ հեռախոսով
Կարապետ Կարապետյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)