Պուտինի այցը Բաքու որոշ չափով ցույց է տալիս Ռուսաստանի թուլությունը. Բիրմինգհեմի համալսարանի պրոֆեսոր
Արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքագետները գործնականում չարձագանքեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած վերջին այցին։ Ինչո՞ւ։ Այս հարցին պատասխանելու և ավելին իմանալու համար, թե ինչպես է այցը ընկալվում Արևմուտքում, զրուցել ենք Բիրմինգհեմի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Ռուսաստանի արտաքին գործերի փորձագետ, դոկտոր Սերույս Մուրի հետ:
Ինչպե՞ս եք Դուք ընկալում Պուտին–Ալիև հանդիպումը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Պուտինը գնաց Բաքու։
Պուտինը փորձում է ավելի շատ վերականգնել Ռուսաստանի իշխանությունը տարածաշրջանում և ավելի քիչ՝ համաշխարհային հարթակում: Բայց նա այցը կօգտագործի նաև Ռուսաստանին աջակցություն մոբիլիզացնելու համար։ Ավելացնեմ, որ այս այցը Բաքու ինչ-որ չափով ցույց է տալիս Ռուսաստանի թուլությունը։ Պուտինը Բաքու կատարած այցով ինչ-որ չափով ցույց է տալիս, որ Ռուսաստանի վարկանիշը վատթարացել է ոչ միայն միջազգային ասպարեզում, այլև, մասնավորապես, տարածաշրջանում։
Ի՞նչ եք կարծում, Պուտինը Ադրբեջանի միջոցով կկարողանա՞ վերականգնել Ռուսաստանի իշխանությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։
Ինձ չի թվում, որ նա կարող է դա անել Բաքվի միջոցով: Փաստորեն, վերջին 20 տարիների ընթացքում Պուտինի օրոք աշխարհը փոքրացել է Ռուսաստանի համար։ Այնպես որ, այցը տեղի է ունեցել թուլության հետևանքով, և այն չի ստանա լայն միջազգային աջակցություն։ Բայց այս այցը կարևոր է տարածաշրջանի համար, և պարզ է, որ այն կարևոր հետևանքներ կունենա Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի հանրապետությունների համար։
Ըստ Ձեզ՝ այս հանդիպումը պետք է հետաքրքրի՞ արևմտյան երկրների և ՆԱՏՕ–ի երկրների ղեկավարներին։
Իհարկե, կարծում եմ, որ արևմտյան երկրներն ու նրանց ղեկավարները պետք է ուշադիր հետևեն հանդիպմանը, նրանց պետք է հետաքրքրի, թե ինչ է անում Պուտինը Բաքվում։ Բայց արևմտյան երկրների ղեկավարներն այս տարածաշրջանում շահագրգռվածություն չունեն։ ՆԱՏՕ-ի շատ երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան և ավելի քիչ՝ Ֆրանսիան, չունեն փորձագիտական գիտելիքներ այնպիսի տարածաշրջանների մասին, ինչպիսին է Հարավային Կովկասը:
Կարելի՞ է ասել, որ դա է պատճառը, որ արևմտյան շատ խոշոր լրատվամիջոցներում դժվար է հանդիպել լուսաբանումների:
Այո, ճիշտ այդպես: Դժվարությունը թե՛ ՆԱՏՕ-ի ներսում փորձագիտական գիտելիքների պակասի մեջ է, և՛, ցավոք, արևմտյան առաջնորդների հետաքրքրության և Անդրկովկասի, Արևելյան Եվրոպայի և, այսպես կոչված, եվրասիական տարածաշրջանի վերաբերյալ անբավարար հետազոտությունների մեջ: Ես կարծում եմ, որ արևմտյան երկրները շատ երկար ժամանակ ուշադրությունից դուրս են թողել Անդրկովկասի, Հարավային Կովկասի և Եվրասիայի որոշ տարածաշրջաններ: Շատ քիչ են այն քաղաքագետներն ու հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են կոնկրետ տարածաշրջաններ։ Արևմուտքում, ցավոք, համալսարանների մեծ մասը չի ստանում բավարար ֆինանսավորում կամ աջակցություն հետազոտությունների համար այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին Հարավային Կովկասն է: Կարծում եմ, որ բավարար գիտելիքներ չկան Կովկասի աշխարհագրության և աշխարհաքաղաքականության վերաբերյալ։ Ինչպես նկատեցինք, իսպառ բացակայում են Ուկրաինայի, Բելառուսի, ինչպես նաև Եվրասիայի վերաբերյալ ընկալումները։
Մինչ հանդիպումը տեղյա՞կ էիք ռուս–ադրբեջանական հարաբերությունների վիճակի մասին։ Օրինակ՝ ինչպե՞ս արձագանքեց Ադրբեջանը Պուտինի՝ Ուկրաինա ներխուժմանը։ Ի՞նչ եք կարծում, երկու նախագահների վերջին հանդիպման արդյունքում ամրապնդվե՞լ են ռուս–ադրբեջանական հարաբերությունները։
Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում, հաշվի առնելով Թուրքիայի ազդեցությունը, միշտ որոշակի լարվածություն է եղել։ Բայց նավթի արտահանման միջոցով Բաքվի հսկայական հարստության շնորհիվ այդ լարվածությունը հարթվեց, և արդյունքում վերջին տարիներին մենք տեսանք զգալի փոփոխություններ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների դինամիկայի մեջ, որոնք վատթարացել էին Ուկրաինա ներխուժելուց հետո: Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է նոր գործընկերներ գտնել տարածաշրջանում և փորձում է դա ըմբռնելի դարձնել տարածաշրջանային մյուս ուժերին, օրինակ՝ Իրանին և Թուրքիային, որոնք երկար ժամանակ աջակցել են Ադրբեջանին։
Այցի ընթացքում Պուտինն ու Ալիևը հիմնականում խոսել են տնտեսական և առևտրային կապերի ամրապնդման, այսպես կոչված Հյուսիս–Հարավ միջանցքի երկայնքով առևտրաշրջանառության ավելացման, Միջերկրական ծով ռուսական և ադրբեջանական նավթն ու գազը հասցնելու համար նավթային տանկերների կառուցման և Ադրբեջանին տարանցիկ երկիր դարձնելու մասին, ինչի շնորհիվ արևմտյան պատժամիջոցներով արգելափակված Ռուսաստանը հույս ունի դուրս գալ համաշխարհային շուկա: Ի՞նչ եք կարծում, Պուտինն իսկապես կարո՞ղ է դա անել Ադրբեջանի միջոցով։
Կարծում եմ, այս փուլում շատ դժվար է հասկանալ, թե ինչպես Ռուսաստանը կարող է ուղղակի ամբողջությամբ փոխել ամբողջ ենթակառուցվածքը, որը կապում է իրեն Եվրոպայի հետ։ Ես չեմ կարծում, որ ենթակառուցվածքն իրականում գոյություն ունի: Դա կրկին պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը երկար տարիներ ուշադրություն չի դարձրել տարածաշրջանին։ Այսպիսով, ինչպես արդեն ասացի, նա փորձում է վերականգնել իր իշխանությունը տարածաշրջանում։
Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական գործընկերությունը կարո՞ղ է ամրապնդել Ռուսաստանի դիրքերը արևմտյան պատժամիջոցների պայմաններում:
Վստահ եմ, որ սա այցի անբաժանելի մասն է, ինչը մենք տեսել ենք եվրասիական այլ երկրներում։ Սա Ռուսաստանի կառավարության փորձն է՝ գտնելու այլ ուղիներ՝ շրջանցելու տնտեսական պատժամիջոցներից մի քանիսը, որոնք սահմանվել էին Ուկրաինայի վրա հարձակման պատճառով: Դրա հաջողությունը կախված է նրանից, թե Բաքուն ինչպես կպատասխանի Մոսկվայի որոշ պահանջներին։
Ուշադրություն դարձնենք մեկ այլ կարևոր խնդրի, որը քննարկվել է այցի ընթացքում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը։ Ելնելով Պուտինի Բաքու կատարած այցից՝ կարո՞ղ ենք ասել, որ հակամարտությունում Ռուսաստանը քիչ թե շատ Ադրբեջանի կողմն է, թե՞ Ռուսաստանը չեզոք, օբյեկտիվ երրորդ կողմ է, և արդյոք Ռուսաստանին ձեռնտու է խաղաղություն տեսնել տարածաշրջանում։
Ես ամենևին չեմ կարծում, որ Ռուսաստանը չեզոք կողմ է Անդրկովկասում և Հարավային Կովկասի պետություններում իր որևէ գործողությունում։ Հետաքրքիր կլիներ տեսնել, թե Բաքվի փորձագետներն ու քաղաքական առաջնորդները Ռուսաստանին ընկալու՞մ են որպես վստահելի գործընկեր: Ռուսաստանն այլ շահ ունի՝ տարածաշրջանում ռուսական դիվանագիտության վերականգնումը։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը առանձնապես հետաքրքրված է տարածաշրջանի անվտանգությամբ։
Ի՞նչ կշահի Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում միջնորդի դերից։ Ինչո՞վ է ձեռնտու Ռուսաստանին՝ ապահովելու իր ներկայությունը այս բանակցություններին:
Ինչպես ավելի վաղ նշել էի, Ռուսաստանը ակնհայտորեն փորձում է վերահաստատել իր իշխանությունը տարածաշրջանում և ցույց է տալիս, որ դեռևս ունի դիվանագիտական և միջազգային ազդեցություն: Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ երկարաժամկետ շահ ունի տարածաշրջանում, և որ իր շահը պետք է ճանաչվի նաև այլ երկրների կողմից։
Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի հետ ամուր հարաբերությունները բխո՞ւմ են Ալիևի ռազմավարական շահերից։
Անկասկած, այս պահին, այո, ես կարծում եմ, որ դա իրեն ձեռնտու է: Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը բխում է նաև շատ այլ երկրների ղեկավարների շահերից, բայց ոչ անպայման Ռուսաստանի պայմաններով։ Դուք պետք է հասկանաք, որ Ռուսաստանն իրեն ընկալում է որպես մեծ տերություն, չնայած այն բանին, որ չի կարողացել դա ցույց տալ ո՛չ մարտի դաշտում, ո՛չ էլ դիվանագիտական դաշտում։ Ինչպես ավելի վաղ ասացի, հետաքրքիր կլիներ հստակ իմանալ, թե Բաքվի ժողովուրդը, Բաքվի կառավարությունը որքանով են վստահում և ընկալում Պուտինի հետ կապերի ամրապնդումը։ Արդյունքում, կարծում եմ, որ Ալիևի ռեժիմը ներկայումս ընդունում է Պուտինի հետ կապերի ամրապնդումը, բայց միևնույն ժամանակ որոշակի զգուշավորություն է ցուցաբերում։
Ի՞նչ եք կարծում, այս այցի արդյունքում մենք ավելի մոտ կլինե՞նք Երևանի և Բաքվի միջև խաղաղ կարգավորմանը։
Ցավոք սրտի, ոչ, բայց ես դեռ կարծում եմ, որ երկխոսությունը կարևոր է։
Եվ վերջին հարցը. արդյո՞ք վերլուծաբանները, քաղաքագետները և արևմտյան առաջնորդները պետք է ուշադրություն դարձնեն և մտահոգվեն Ադրբեջանի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի տնտեսական և դիվանագիտական ազդեցության ամրապնդմամբ:
Այս հարցի պարզ պատասխանն է՝ այո: Արևմտյան վերլուծաբանները, քաղաքագետները և առաջնորդները պետք է մեծ ուշադրություն դարձնեն դրան։ Մենք պետք է շատ ավելին իմանանք նման տարածաշրջանների մասին, իսկ Հարավային Կովկասն ամբողջությամբ, ցավոք, մի տարածաշրջան է, որը մանրակրկիտ գիտականորեն չի ուսումնասիրվել: Մարդիկ կան, որ խոսում են տարածաշրջանների մասին, որոնցից լավ չեն հասկանում։ Այնպես որ, հուսով եմ, որ այս այցի արդյունքում որոշ արևմտյան երկրների կողմից նոր հետաքրքրություն կառաջանա մասնավորապես Հայաստանի նկատմամբ։
Քրիստոֆեր Քրոուսըն