«Արցախն ուրիշ է, ուզում ենք վերադառնալ մեր հայրենի տուն»
Արցախից բռնի տեղահանված Նվարդ Պետրոսյանն իր երկու անչափահաս երեխաների` Ալեքսի ու Հայկի հետ տեղափոխվել է Եղեգնաձոր, մեկ ամիս ապրելուց հետո տեղափոխվել են «Սիրանուշ» ճամբար, որտեղ մնացել են վեց ամիս։ Նվարդը դասապատրաստմամբ է զբաղվել Արցախից բռնի տեղահանված երեխաների հետ, որոնք հաճախում էին Հերմոնի միջնակարգ դպրոց։
Այժմ բնակվում են Եղեգնաձորում՝ վարձակալած բնակարանում: Դժվարությամբ են գտել այդ բնակարանը, քանի որ շատ հաճախ բնակարանատերերը, իմանալով, որ ընտանիքում երեխաներ կան, համաձայնություն չեն տալիս։ Չի կարողանում աշխատանք գտնել, դեռ չի ցանկանում քաղաքացիություն ստանալ՝ նշելով. «հուսանք, որ հետ ենք գնալու»:
Երեխաներին շատ լավ են ընդունել Հերմոնի դպրոցում, շատ են տխրել, երբ հեռացել են Հերմոնից, կարոտում են գյուղը, բայց միևնույն է՝ ասում է. «Արցախն ուրիշ է, ուզում ենք վերադառնալ մեր հայրենի տուն»։