Փաշինյան․«Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը ՀՀ-ի եւ շրջակա երկրների համար որեւէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք» | Region

Փաշինյան․«Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը ՀՀ-ի եւ շրջակա երկրների համար որեւէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք»

Սեպտեմբեր 18,2024 16:02

Համաշխարհային հայկական գագաթաժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիրներին։

Աշխարհում, ըստ Փաշինյանի, էներգետիկ անկախություն չկա, չկա մի երկիր, որ էներգետիկ անկախ է: Խոսք կարող է լինել միայն էներգետիկ դիվերսիֆիկացման մասին։

Նա նաեւ ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է․«Այս հարցում մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մենք պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Ամենակարևոր պատճառներից մեկը, որ որոշել ենք այդպես վարվել․ մասնագետները բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե Աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում: Այսինքն վթարը միջավայրին չի սպառնում»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ մոդուլյար ատոմակայաննոերի տեխնոլոգիայի կիրառման փուլին են հասել մի քանի երկրներ՝ ԱՄՆ-ն ամենաշատ առաջընթաց գրանցած երկիրն է, բայց դրանով զբաղվում է նաեւ Ֆրանսիան, ՌԴ-ն, Հարավային Կորեան․«Մենք աշխատում ենք գործընկերների հետ: Այս պահին մի խնդիր կա․ աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Բայց մեր համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ»:

Նրա խոսքով՝ մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը և՛ Հայաստանի, և՛ շրջակա երկրների համար որեւէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք»։

Փաշինյանը նաեւ նշել է, որ ՌԴ-ից և Իրանից գազ ենք ներկրում, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաեւ Ադրբեջանից:

Ըստ Փաշինյանի՝ եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջեւան կամ դեպի Թուրքիա, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել։

Նորություններ