2025-ի պետբյուջով նախատեսվում է ՀՀ ԶՈՒ-ի, ռազմական ծախսերի համար հատկացնել 660մլրդ 912 մլն դրամ, ԱԱԾ-ին՝ 61 մլրդ, արտաքին հետախուզությանը՝ 3,8 մլրդ, վարչապետի աշխատակազմին՝ 24 մլրդ 365մլն
Գործադիրն այսօր հաստատել է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 664 մլրդ 653 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով` 256 մլրդ 970 մլն դրամ կամ 38.7%, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով` 407մլրդ 682 մլն դրամ կամ 61.3%: Ծախսերի աճը 2024 թվականի պետբյուջեի նկատմամբ կազմում է 110 մլն 754 մլն դրամ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի պետական բյուջեով ռազմական ոլորտին է ուղղվել 554 մլրդ դրամ։
Օրենքի նախագծի ուղերձում նշված է․««ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագիրը ՀՀ ՊՆ համակարգի գործունեությունն ապահովող հիմնական ծրագիրն է, որի շրջանակներում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը:
2025 թվականի պետական բյուջեով վերոնշյալ ծրագրով նախատեսվել է 660 մլրդ 912 մլն դրամ` 2024 թվականի պետական բյուջեից 110 մլրդ 981մլն դրամով ավել»:
Օրենքի նախագծով նախատեսվում է արտաքին հետախուզության ծառայությանը հատկացնել 3 մլրդ 826.4 մլն դրամ, կամ մոտ 636 մլն դրամով ավել՝ 2024 թվականի պետական բյուջեի համեմատ։
Իսկ Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսվում է հատկացեն 61 մլրդ 093 մլն դրամ, սա 9 միլիարդով ավելին է նախորդ տարվա համեմատ։
Ներքին գործերի նախարարությանն էլ նախատեսվում է հատկացնել 105 մլրդ դրամ, նախատեսվող հատկացումները հիմնականում վերագրվում են ընթացիկ ծախսերին՝ 99,1 մլրդ, իսկ կապիտալ ծախսերը՝ 5,8 մլրդ դրամ։
Փրկարար ծառայություններ ծրագրի գծով հատկացումները կազմում են 14 մլրդ 924 մլն դրամ։
Պետական պահպանության ծառայությանն էլ նախատեսվում է հատկացնել 7,7 մլրդ դրամ, սա 1,7 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեւ համեմատ։
Վարչապետի աշխատակազմին մյուս տարվա պետական բյուջով նախատեսվում է հատկացնել 24 մլրդ 365մլն դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը:
Նշենք, որ փաստաթուղթը՝ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը դեռ պետք է խորհրդարանը հաստատի։