Շիրակի մարզում մինչև 40 սմ ձյուն է տեղացել, տեղումները շարունակվում են, իսկ Աշոցքում՝ նաև ուժեղ քամու ուղեկցությամբ
Մարզպետարանը վստահեցնում է՝ Շիրակի մարզում փակ ավտոճանապարհներ չկան։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները
Ձյան տեղումները երեկվանից շարունակվում են Շիրակի մարզի բոլոր 6 խոշորացված համայնքներում և Գյումրի քաղաքում: Որոշ ավտոճանապարհները սառցակալած են, ամառային անվադողերով երթևեկությունը վտանգավոր է:
Մարզպետարանը վստահեցնում է՝ Շիրակի մարզում փակ ավտոճանապարհներ չկան։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները: Ձյան շերտի հաստությունը 30-40 սմ-ի է հասնում։
Մարզպետարանի տեղեկատվության համաձայն՝ աշխատանքներում ներգրավված է 26 միավոր տեխնիկա։
REGIONS TV-ին «ԱՇՈՑՔԻ ԱՏՃ» ճանապարհաշինական ընկերության գլխավոր ինժեներ Ալեքսան Քոչոյանը հայտնեց, որ Աշոցք և Ամասիա խոշորացված համայնքների ավտոճանապարհները անցանելի են։ Քոչոյանն ասաց՝ քամին ու առատ տեղումները շարունակվում են, դրան զուգահեռ՝ մաքրման աշխատանքները։
Ըստ նրա՝ ճանապարհների անանցանելիության պատճառով Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու Գյումրի-Բավրա հատվածում մնացած բեռնատարներ չկան: Մի քանի բեռնատար մնացել է անսարքության պատճառով: Աշոցքի ճանապարհաշինական ընկերության տեխնիկաներն, ըստ գլխավոր ինժեների, գիշերվանից հասցրել են մաքրել նաև խոշորացված համայնքների հեռավոր գյուղեր տանող ավտոճանապարհները, բայց այդ գյուղերում նույնպես բուքն ու ձյան տեղումները շարունակվում են:
Կարինե Կազարովա