Արմեն Պետրոսյան․ Իրանական եւ ռուսական լրատվամիջոցները հաճախ ուռճացնում են Լաթաքիայում տեղի ունեցածը, որը հղի է կրոնական հողի վրա թշնամանքի ակնհայտ դրսևորմամբ

Արմեն Պետրոսյանն ասում է, որ Սիրիայում իշխանափոխության ժամանակ սուննի և ալավիական համայնքների միջև խորը թշնամանք է առաջացել, այժմ այդ թշնամությունը ձեռք է բերել տարբեր դրսեւորումներ, եւ, հիմա ականատես ենք տարբեր սուննի խմբերի կողմից ալավիների նկատմամբ հաշվեհարդարի
Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ անկայուն և անկանխատեսելի։ Մարտի 6-ից սկսած մի քանի օր շարունակ Սիրիան ականատես է եղել քրիստոնյաների և ալավիների նկատմամբ բռնություններին։ Սիրիական նոր կառավարության «անվտանգության ծառայությունների» ներկայացուցիչներ ներկայացրած զինված անձինք նկարահանել են խաղաղ բնակիչների մահապատիժները։ Շատերը ապաստանել են Խմեյմիմում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը տատանվում է մի քանի հարյուրից մինչև հազարավոր մարդկանց միջև։
Վերլուծելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը REGIONSTV-ի հետ զրույցում նշեց, որ Սիրիայից բավականին դժվար է հստակ տեղեկատվություն ստանալ, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել զարգացման ավելի լայն գործընթացը, որում կարևոր դեր է խաղում քարոզչական ասպեկտը։
Նրա կարծիքով՝ այստեղ բազմաշերտ գործընթաց է. «Նախ՝ Սիրիայում տեղի ունեցածը պետք է գնահատել ոչ միայն ներքին սիրիական իրադարձությունների համատեքստում, այլ նաև՝ ավելի լայն համատեքստում։ Մի կողմից տեղի ունեցածի վրա ազդել է ավելի քան մեկ տասնամյակ տեւած քաղաքացիական պատերազմը՝ իր բոլոր սոցիալ-հոգեբանական հետեւանքներով, եւ թշնամությունը, որը ծագել է երկրի բնակչության տարբեր շերտերի միջեւ։ Մյուս կողմից՝ դա վերաբերում է գործընթացի արտաքին կողմին»։
Ըստ Պետրոսյանի՝ այս իրավիճակում հիմա հնարավոր չէ խոսել հիմնական պատճառի մասին, քանի որ այս բոլոր գործոնները սերտորեն փոխկապակցված են և ազդում են հակամարտության զարգացման վրա։
«Ակնհայտ է, որ հարձակման թիրախը եղել է ալավիական համայնքը, որի ներկայացուցիչը Բաշար ալ-Ասադն էր։ Մի քանի տասնամյակ սուննի համայնքի ներկայացուցիչներն էին, որ այս համայնքի հետ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեին։ Երկրում իշխանության անցման ժամանակ, բնականաբար, խոր թշնամանք առաջացավ սուննի և ալավիական համայնքների միջև, ինչը շատ կարևոր գործոն է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ներկայումս այդ թշնամությունը ձեռք է բերել տարբեր դրսեւորումներ, եւ, փաստորեն, մենք այժմ ականատեսն ենք տարբեր սուննի խմբերի կողմից ալավիների նկատմամբ հաշվեհարդարին: Կրկնում եմ՝ սա ներքին շերտ է»,- ասաց արաբագետը։
Պետրոսյանը նաև ընդգծեց, որ այստեղ շատ կարևոր է քարոզչական ասպեկտը, քանի որ այն, ինչ կատարվում է ալավիների դեմ Լաթաքիայում, Տարտուսում և Հոմսում, դժվար թե մարդասիրական կամ իրավական տեսանկյունից ցեղասպանություն անվանվի, բայց դա միանշանակ տեղավորվում է միջհամայնքային հակամարտությունների տրամաբանության մեջ։
«Այստեղ քարոզչական շատ մեծ բաղադրիչ կա՝ տարբեր կուսակցություններ՝ թե արտաքին, թե ներքին, օգտագործում են այս թեման իրենց շահերը առաջ տանելու համար։ Օրինակ, ալավիական համայնքի ներկայացուցիչները, նրանց արտաքին հովանավորները, հատկապես Իրանում և որոշ ռուսական Telegram ալիքներ, հաճախ դիմում են քարոզչական հնարքների՝ օգտագործելով Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների հին կադրերը։ Այսպիսով, նրանք լայնածավալ քարոզչական արշավ են իրականացնում Սիրիայի ներկայիս կառավարության եւ նրա դաշնակից ուժերի դեմ։ Այս գործընթացների արտաքին կողմը Սիրիայում գործող իշխանության հակառակորդների և նախկին իշխանություններին սատարող դաշնակիցների միջև քարոզչական պայքարն է։ Սա ուռճացված է ներկայացվում, որի նպատակն է ցույց տալ, որ Սիրիայում իրավիճակը չի կարգավորվելու, երկրում սկսվելու են ռեպրեսիաներ, ցեղասպանություն եւ այլն, ինչպես իրենք էին կանխատեսում։ Խոսքը մի կողմից Թուրքիայի և արաբական մի շարք երկրների մասին է, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Իրանի։ Քարոզչական պայքարում տեսնում ենք այդ հակասություններն ու կոնֆլիկտները, որոնք հաճախ դրսևորվում են ուռճացված լուրերի միջոցով։ Թե՛ իրանական եւ թե՛ ռուսական տարբեր լրատվամիջոցներ հաճախ ուռճացնում են Լաթաքիայում տեղի ունեցածը, ինչը որեւէ կերպ չի կարելի ուռճացնել, որը հղի է կրոնական հողի վրա թշնամանքի ակնհայտ դրսեևորմամբ: Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ երկրում քաղաքացիական պատերազմ է»,- նշեց Պետրոսյանը։
Միաժամանակ, Սիրիայի ներսում, ըստ արաբագետի, գործընթացներ են ընթանում՝ ուղղված հասարակական համերաշխության ամրապնդմանը։
«Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ Մազլում Քոբանին համաձայնագիր են ստորագրել Սիրիայի քրդական ստորաբաժանումները ընդդիմության կողմից վերահսկվող անվտանգության ուժերին ինտեգրելու մասին։ Փաստորեն, քրդերի ու իշխանության դիմակայությունը գնում է դեպի քաղաքական կարգավորում։ Թուրքիայի ազդեցությունն այս գործընթացի վրա անհերքելի է։ Դրա ապացույցն են Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված վերջին իրադարձությունները և Սիրիայում քրդական ուժերի և ընդդիմության փոխգործակցությունը։ Չի բացառվում անգամ, որ հաճախ ներկայացվող ալավիների ապստամբությունը գուցե արտաքին ուժերի կողմից ուղորդված գործընթաց է սիրիրական հասարակության համերաշխությունը բացառելու նպատակով»,- նշեց Պետրոսյանը։
Ըստ փորձագետի՝ այն կոնկրետ խմբավորումները, որոնք իրականացրել են այս սարսափելի, դաժան գործողությունները ալավիների դեմ, հաշվի առնելով, որ Սիրիայի զինված ուժերը որպես այդպիսին չեն ձևավորվել, տարբեր խմբերի միավորումներ են, որոնք նախկինում ընդդիմանում էին կառավարությանը․« Դրանց թվում կարեւոր դեր է խաղացել, օրինակ, Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից հովանավորվող Սուլեյման Շահ խմբավորումը։ Բնականաբար, չի բացառվում, որ նրանց համազգեստի վրա կարող են լինել թուրքական խորհրդանիշներ, և հնարավոր է, որ նրանք էլ ավելի մեծ թշնամանքով են իրականացրել ալավիների այս ջարդը։ Սիրիայում գործող այս խմբավորումները ստեղծվել են Սիրիայում ապրող թուրքմենների և սուննիների կողմից, ովքեր հակադրվում էին նախորդ կառավարությանը, վճարվել և վերապատրաստվել են թուրքական կառավարության կողմից և գործել են սիրիական հակամարտության ողջ ընթացքում՝ նպաստելով թուրքական շահերին, բայց այժմ գտնվում են սիրիական կառավարության ազդեցության տակ»։
Արմեն Պետրոսյանը նաև հիշեցրեց, որ 4,5 տարի առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Թուրքիայի կողմից հովանավորվող տարբեր խմբավորումներ տեղափոխվեցին Արցախ և ադրբեջանական զինված ուժերի հետ կռվեցին հայկական զինված ուժերի դեմ։ Այս փաստը կասկածից վեր է և փաստագրվել է բազմաթիվ միջազգային դիտորդների և լրագրողների կողմից: Հակամարտությունում օտարերկրյա վարձկանների օգտագործումը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։
Զաբելա Ավագյան
Նորություններ

