ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Կոսը մարտի 19-20-ին կլինի Հայաստանում, նա կայցելի նաև Գյումրի | Region

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Կոսը մարտի 19-20-ին կլինի Հայաստանում, նա կայցելի նաև Գյումրի

Մարտ 18,2026 18:13

Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հինգշաբթի և ուրբաթ օրերին կլինի Հայաստանում՝ ամրապնդելու ԵՄ-Հայաստան համագործակցությունն ու տարածաշրջանային փոխկապակցվածությունը զարգացնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական միության կայքէջից։

Հանձնակատարը հինգշաբթի օրը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումների առանցքում կլինեն սպասվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը՝ համաձայն ԵՄ փոխկապակցվածության օրակարգի: Նրանք նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային իրավիճակի և Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության շուրջ:

Հանձնակատար Կոսը կհանդիպի նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու Հայաստանի համար ԵՄ 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» ընթացքը: Հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։

Հանձնակատարը կհանդիպի նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկելու նպատակով:

Ուրբաթ օրը Կոսը կլինի Գյումրիում, նա կայցելի ԵՄ կողմից ֆինանսավորվող այն ձեռնարկություններ, որոնք աջակցում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:

Հանձնակատարը կայցելի նաև Գյումրու պատմական շուկա, որն այժմ վերականգնվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ինովացիոն կենտրոն, որը խթանում է երիտասարդների հմտությունները տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում:

Մարտա Կոսը ելույթ կունենա Շիրակի պետական համալսարանում, այնուհետև կհանդիպի «Երիտասարդ եվրոպական դեսպանների», ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ, ովքեր ներգրավված են ԵՄ ծրագրերում՝ քննարկելու նրանց դերը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության պահպանման գործում:

ԵՄ կայքէջը տեղեկացնում է, որ միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերն աջակցել են ավելի քան 7,000 հայաստանյան ձեռնարկությունների՝ ստեղծելով ավելի քան 20,000 աշխատատեղ:

Նորություններ