Փաշինյանն ուզում է փակել Արցախի թեման, բայց տեսնում է, որ որոշակի ձայներ կարող են գնալ քաղաքական հակառակորդներին, ուստի փորձում է պահել այդ ձայները․Մանվել Սարգսյան
«Երևանի մետրոյում վարչապետ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև տեղի ունեցած երեկվա վեճը հսկայական հանրային արձագանք է ստացել։ Ինչո՞ւ են նման բաներ տեղի ունենում։ Որովհետև, ի թիվս այլոց, այս վեճում լուծվում էր մարդկանց իրավունքի հարցը։ Սա մի թեմա է, որի մասին գրեթե երբեք և ոչ մի տեղ չեն խոսում՝ ո՛չ միջազգային, ո՛չ էլ ներպետական մակարդակներում։
Կինը հիշատակեց ՀՀ քաղաքացու անձնագիրը, և հենց դրանից Փաշինյանը բռնկվեց։ Երբ խոսում եք իրավունքների մասին, խոսեք իրավունքի լեզվով, և այդժամ բոլոր իրողությունները կգան ու կդրվեն սեղանին։ Իսկ երբ խոսում եք ինչի մասին ասես, բացի իրավունքից, դա վերածվում է դեմագոգիայի. հենց դա էլ տեղի ունեցավ։ Սա վեճ էր իրավունքների մասին։ Նա ուզում էր արցախցիներին անվանել ինչ-որ «փախածներ», ինչին ի պատասխան կինն ասաց, որ ինքը «Հայաստանի քաղաքացի» է։ Վե՛րջ, սրանով բոլոր փաստարկները սպառվեցին։ Փաշինյանը չկարողացավ պատասխանել կնոջը՝ արցախցիների իրավունքի վերաբերյալ հարցին»,-այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Արցախի զոհված հերոս Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպին։ Փորձագետն ընդգծեց կատարվածի առանցքային կողմը՝ իրավական հայեցակարգերի բախումը։

Մանվել Սարգսյան
Սարգսյանի խոսքով՝ խոսակցությունը պետք է ամբողջությամբ տեղափոխել իրավունքի դաշտ․
«90-ականներին հստակեցվել էին իրավական հարցերը, որոնք հետո քանդվեցին, ու առաջացավ այս անորոշ վիճակը։ Սա շատ վառ օրինակ էր այն բանի, թե ինչպես կողմերը եկան ու հստակ դրեցին իրավունքի հարցը։ Փաշինյանը ներողություն խնդրեց խոսակցության տոնի համար, բայց այդպես էլ չպատասխանեց կարևորագույն հարցերին։ Ուստի Փաշինյանը հրավիրում է հանդիպման, ասում՝ «եկեք, ավելի լուրջ հասկանանք»։ Գնալ պետք չէ, դրանով պետք է զբաղվել հանրային քննարկումների միջոցով՝ սկսած յուրաքանչյուր քաղաքացու իրավունքից, Լեռնային Ղարաբաղի մարզի իրավունքներից, Հայաստանի Հանրապետության իրավունքներից»։
Հիշեցնենք, որ վեճի ընթացքում վարչապետը, մատ թափ տալով, կնոջն ասել էր․ «Չփորձեք դուք՝ «փախածներդ», ասել, թե ես եմ Ղարաբաղը հանձնել։ Մենք Հայաստանի քաղաքացիների վաստակած միլիարդները ծախսել ենք, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչո՞ւ չմնացիք»։
Ավելի ուշ վարչապետը ներողություն էր խնդրել Արմինե Մոսիյանից․ «Հարգելի՛ տիկին Մոսիյան, ներողություն եմ խնդրում Ձեզնից և Ձեր որդուց էմոցիաների համար և հուսով եմ, որ առիթ կունենանք հանդիպելու և ամեն ինչ հանգիստ քննարկելու։ Թեև գիտեմ, որ կմերժեք այս առաջարկը և դեռ մի երկու կոպիտ խոսք էլ կասեք, ես դա ընդունում եմ։ Բայց եթե հանկարծ որոշեք, որ արժե ամեն ինչ հանգիստ ու առանց էմոցիաների քննարկել, իմացեք՝ ես պատրաստ եմ»։
Արմինե Մոսիյանն իր հերթին հայտարարել էր, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են, ունեն նույն կապույտ անձնագրերը, ինչ ՀՀ մյուս բոլոր քաղաքացիները, և դրանք «ճամփորդական փաստաթղթեր» չեն, ինչպես պնդում է կառավարությունը։ Նա նշել էր, որ Հայաստանի քարտեզը միայն 30 հազար քառակուսի կիլոմետրը չէ, որ Հայաստանն իր մեծ հայրենիքն է, բայց իր որդին ուզում է իր սեփական տունը, իր սենյակը, իր խաղալիքներն ու իր Արցախը։
Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ եթե հստակեցվեն պետական միավորումների և այդ պետությունների քաղաքացիների իրավունքները, ամբողջ բանավեճը կփոխվի․«Բայց մեզ մոտ սովոր չեն դրան. մեզ մոտ համարվում է, որ իրավունքը ինչ-որ դատարկ բան է, ամեն ինչ հիմնված է «ազնիվ խոսքի» վրա։ Մեզ մոտ «միացումը» կայացել է ոչ թե իրավական հիմքով, այլ ազնիվ խոսքով։ Իսկ հիմա պարզվեց, որ ամենևին այդպես չէ․ վաղը հակառակը կասեն։ Սա պետության հանդեպ տիպիկ հայկական մոտեցում է, որը տանում է դեպի կործանման»։
Քաղաքագետի կարծիքով՝ բացի զուտ պետական ձևակերպումներից, կան նաև կոնկրետ ուժի քաղաքական շահեր։ Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ամբողջությամբ փակել թեման՝ «Արցախ գոյություն չունի»։ Մյուս կողմից՝ տեսնում է, որ որոշակի ձայներ կարող են գնալ քաղաքական հակառակորդներին, ուստի փորձում է պահել այդ ձայները։
«Հակասությունը միշտ լինելու է, դա օրենք է։ Հենց այդ պատճառով, երկուսուկես տարի անց միայն, փակելով արցախյան հարցն ու արգելելով «Արցախ» բառի գործածումը, Փաշինյանը հանդիպում է արցախցիների մի խմբի հետ՝ փորձելով նրանց իր կողմը քաշել փողի և տարբեր խթանների միջոցով»,- ասաց Սարգսյանը։
Ըստ փորձագետի՝ Արցախի հարցը նրա գոյության ժխտմամբ «լուծելու» փորձը և միաժամանակ ընտրողների աջակցությունը ստանալու ձգտումը քաղաքական պրագմատիզմի դասական օրինակ է։ Այս երկվությունը վկայում է այն մասին, որ իշխանությունը փորձում է խորքային պատճառներն ու իրավական կողմը անտեսելով՝ հարցը լուծել մակերեսային մեթոդներով։
Մանվել Սարգսյանն ընդգծեց նաև, որ այս բոլոր մոտեցումները բխում են «թշնամու պայմաններով հաշտության» վերացական փիլիսոփայությունից, իսկ միջազգային հարաբերությունների հարցերը նույնիսկ չեն էլ դիտարկվում․«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ պարզ չէ՝ այս հանգամանքներում ձեր պլանավորածը կիրականանա՞, թե՞ ոչ։ Այս հարցերը պարզապես հաշվի չեն առնվում։ Ուստի սրանք վերջին տասնամյակների մտածողության «ատավիզմներ» են (հնացած մնացուկներ), որոնցով հիմա փորձում են քաղաքականություն վարել։ Բայց այդ քաղաքականությունը հիմնված չէ ժամանակակից իրողությունների վրա»։
Զաբելա Ավագյան
