Միանշանակ, այդպիսի հեռանկար կարող է լինել․Միրզոյանը ևս պնդում է՝ ՔՊ-ի չընտրվելու դեպքում պատերազմը հնարավոր է | Region

Միանշանակ, այդպիսի հեռանկար կարող է լինել․Միրզոյանը ևս պնդում է՝ ՔՊ-ի չընտրվելու դեպքում պատերազմը հնարավոր է

Մարտ 23,2026 13:38

Խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չստանա և իշխանության գան խաղաղությունը ռևիզիայի ենթարկող ուժերը» հայտարարությանը։

Թե որտեղի՞ց է նման վստահությունն, արդյոք տեղեկություններ կան այդ մասին, որ վարչապետը կոնկրետ ժամկետ է նշում, այս հարցերին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է նշել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ  անց․ «Իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է։ Րոպեներ առաջ ԱԺ հանձնաժողովում նստած խոսում էինք, այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ և մյուս առանձին ընդդիմադիրների, որոնց գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք։ Բառացի մեջբերում եմ այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը. «Էս Հայաստանը մեզ պետք չի», և քարտեզը գետնին գցելը։ Ակնհայտ է, որ եթե այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ։ Հաշվի առնելով, թե այս օրերին երկրներն ինչ մեթոդաբբանությամբ են փորձում այդ խնդիրները լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի նոր պատերազմի առաջ»։

Արդյոք Փաշինյանի խոսույթը պատերազմի «շանտաժ» չէ, այս հարցին ի պատասխան էլ Միրզոյանն ասաց․ «Շանտաժն այստեղ ո՞րն է։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր ժողովրդին պետք է խաղաղություն, այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ ՀՀ որպես անկախ պետություն գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Սա մի առաջարկն է, և կա զուգահեռ առաջարկը, որ չէ, այս Հայաստանը մեզ ընդհանրապես պետք չի, մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետք է չգիտեմ ինչ Հայաստան։ Սա շանտաժ չի, սովորական բան է»։

Միրզոյանի գնահատմամբ՝ քաղաքական անճարակության դրսևորում է այն ուժերի կողմից, որոնք ՔՊ-ին մեղադրում են այն բանի համար, որ ասում են՝ մենք խաղաղության կուսակցությունն ենք, իսկ մյուսների ասածն այնքան անհեռանկար է և վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի․«Սա այնքան ճիշտ է և անխոցելի, որ գալիս մեզ ասում են՝ լավ էլի, էդ մի ասեք, որովհետև ընտրական մրցապայքարում մենք կարող է այդքան հաջողակ չլինենք»։

Հարցին՝ ինչո՞ւ եք որոշել, որ իրենք պատերազմի ուժեր են, նախարարը կարճ արձագանքեց. «Դա մեր քաղաքական իրավունքն է։ Ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնո՞ւմ եմ, ոչ։ Ինչո՞ւ ենք անում։ Լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է, և մենք օրենք չենք խախտում»։

Դիտարկմանը՝ ձեր իշխանությունը 3 պատերազմ է բերել, Միրզոյանն այսպես արձագանքեց․«Պատերազմը մեր օրոք է եղել, սա այլ բան է, բայց այլ բան է, երբ ասում եք՝ մենք ենք բերել։ Մենք պատերազմ չենք բերել, պատերազմը հետևանք էր 30+ տարիների սխալ քաղաքական մտքի շրջանակներում մնալու, չհասկանալու հետրևանք էր և այլն»։

Նորություններ