Արցախցիներին տրամադրվող աջակցությունը կդառնա 4 մլն՝ երեւանամերձ համայնքներում տուն գնելու դեպքում | Region

Արցախցիներին տրամադրվող աջակցությունը կդառնա 4 մլն՝ երեւանամերձ համայնքներում տուն գնելու դեպքում

Մարտ 18,2026 18:29

«Մենք առաջիկայում որոշում կկայացնենք, և երևանամերձ մարզերի համար, որտեղ 3 մլն է, կդարձնենք 4 մլն: Սա է մեր որոշումը, առաջիկայում դե յուրե որոշումը կկայացնենք»,-այս մասին այսօր «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով քաղաքացու դիտարկմանը, որ օրինակ Աշտարակում Լեռնային Ղարաբաղից տեղահանված շատ ընտանիքներ կան, սակայն քչերն են կարողանում սերտիֆիկատով բնակարան ձեռք բերել, բնակարանների գները բարձր են, արդյոք հնարավո՞ր է Աշտարակ համայնքում հաստատվածների համար ևս սերտիֆիկատի գումարը 3 միլիոնից դարձնել 4 մլիլիոն դրամ, ինչպես Էջմիածնում արվեց:

Փաշինյանն ասաց, որ այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու ՀՀ փոխվարչապետը։ Վարչապետը հայտնեց, որ այդ հարցի շուրջ առաջիկայում պետք է որոշում կայացնեն:

Նա նաև ասաց, որ սա չի վերաբերում մայրաքաղաքին, քանի որ նպատակը ծրագրերը հնարավորինս դեպի մարզեր ուղղորդելն է։

«Ովքեր ստացել են 3 միլիոնը, 3 միլիոնի շահառու են, այս որոշումից հետո հետադարձով նաև կավելացնենք իրենցը, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարություն կլինի: Ինձ թվում է՝ մենք 1-2 ամսվա ընթացքում կընդունենք որոշումը, և դա հետադարձ ուժ կունենա: Նրանք, ովքեր հիմա 3 միլիոն դրամի սերտիֆիկատ ունեն, բնակարան, տուն փնտրելիս, հարցը քննարկելիս կարող են արդեն այդ հաշվարկով վստահաբար առաջնորդվել»,-ասաց Փաշինյանը:

Ծրագիրը վերաբերելու նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքին, որտեղ ևս շատ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները։

 

 

 

Նորություններ