Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի մնացած հատվածում Կրասնոդարի նպատակների մասին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում խոսել է մրցաշրջանի մնացած հատվածում թիմի գլխավոր նպատակների մասին։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Ռուսաստանի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել էր ԲԿՄԱ-ին և երկու խաղերի արդյունքով (առաջին հանդիպումն ավարտվել էր մոսկվացիների հաղթանակով՝ 3:1) դուրս եկել մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ կմրցի Մոսկվայի «Դինամոյի» հետ։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք «Կրասնոդարի» առջև երկու տիտղոս նվաճելու խնդիր է դրված, Սպերցյանը պատասխանել է.
«Խնդիր է դրված հաղթել յուրաքանչյուր խաղում։ Ես գոհ կլինեմ, եթե հաղթենք բոլոր առաջիկա հանդիպումներում: Արդյունքում կստացվի այնպես, որ մենք կհաղթենք ամեն ինչ։ Բայց հիմա ամենակարևորն այն է, որ պետք չէ մտածել Գավաթի մասին․ մենք կենտրոնացած ենք միայն «Պարի ՆՆ»-ի հետ առաջիկա հանդիպման վրա»։
Հավելենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարն» այս պահին զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ մեկ միավորով գերազանցելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։
Նորություններ
