Ընտրություններ 2026. նախկին թիմակիցներ, նոր դաշինքներ և հետախուզման, տնային կալանքում ու բանտում գտնվող թեկնածուներ
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի վերջնական ցուցակը դեռևս չի հաստատվել, արդեն մի շարք կուսակցություններ և դաշինքներ հայտարարել են իրենց մասնակցության մասին։ Այդ շարքում կան ինչպես ծանոթ անուններ, այնպես էլ նորաստեղծ կուսակցություններ, որոնց համար սա մասնակցության առաջին փորձն է:
Ըստ էության, Հայաստանում կարծես թե արդեն սկսվել է նախընտրական քարոզչության շրջանը, տարբեր ուժեր սկսել են մարզային հանդիպումներն ու ծրագրերի ներկայացումը։
Այսօր հայտարարվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ ու Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հայկ Մարությանը «Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն է։
«Մեր ժողովուրդը շատ դժվար ընտրության առաջ է կանգնած, երբ նայում ես քաղաքական դաշտին՝ տեսնում ես բազմազանություն ու բազմաթիվ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել, բայց որ մի քիչ էլ ուշադիր ես նայում՝ տեսնում ես, որ ամենը այդքան էլ պարզ ու հեշտ չէ, ամեն տեղ կան ստորգետնյա ջրեր»,- ասել է Հայկ Մարությանը:
Այսպիսով՝ որ ուժերն եմ մինչ օրս հայտարարել խորհրդարանական ընտրությունների մասնակցության մասին։
Իշխանական ճամբար. Համար մեկ թեկնածուն անփոփոխ է
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը հստակեցրել է իր դիրքորոշումը՝ ընտրությունների գնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իշխող ուժի նախընտրական առանցքը մնում է «խաղաղության օրակարգը»։ ՔՊ-ն այս անգամ ևս հանդես է գալու որպես առանձին կուսակցություն՝ առանց պաշտոնական դաշինքների։
Նոր ձևավորվող բևեռ. «Ուժեղ Հայաստան» և համախմբման փորձերը
Այս ընտրաշրջանի ամենաքննարկվող ուժերից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է, որի հիմքն, ըստ էության «Մեր ձևով» շարժումն է։ Որպես վարչապետի թեկնածու առաջադրվել է գործարար Սամվել Կարապետյանը։Նրա թեկնածությունը բախվում է սահմանադրական արգելքի (երկքաղաքացիության և մշտական բնակության ցենզ), սակայն ուժը շարունակում է իր ակտիվ քարոզչությունը։
Նշենք, որ Սամվել Կարապետյանն այժմ տնային կալանքի տակ է։ Նա առաջին անգամ ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 18-ին։ Նրան առաջադրված մեղադրանքները ներառում են մի քանի հիմնական դրվագներ՝ իշխանության զավթման և սահմանադրական կարգի տապալման կոչեր. Սա հիմնական մեղադրանքն է, որը հաջորդեց նրա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու հայտարարությանը,, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, խարդախության և փողերի լվացման մեջ։
«Ուժեղ Հայաստանին» միանալու մասին հայտարարել են մի շարք հանրային ու քաղաքական գործիչներ։
ՀԱԿ-ի ձգտումները
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) արդեն հայտարարել է, որ պատրաստ է կոնսոլիդացիոն գործընթաց սկսել «Ուժեղ Հայաստան»-ի և այլ ուժերի հետ։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, սակայն լայն դաշինքի դեպքում թեկնածուի հարցը կարող է վերանայվել։
ՀՀ 2-րդ նախագահը «Հայաստան» դաշինքն ու «Հայաստան» դաշինքը շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդության ներքո։ Դաշինքի առանցքային ուժը ՀՅԴ-ն է, որն արդեն հաստատել է իր մասնակցությունը հենց դաշինքային ձևաչափով։ «Առաջ» կուսակցությունը և հասարակական տարբեր շրջանակներ առաջիկա ընտրություններին կմասնակցեն այս դաշինքով, վարչապետի թեկնածուն կրկին Ռոբերտ Քոչարյանն է։
«Բարգավաճ Հայաստան»+ այլ ուժեր
ԲՀԿ-ն հայտարարել է ընտրական պայքար վերադառնալու մասին։ Թեև ԲՀԿ-ն ներկայանալու է «նոր թիմով», սակայն առանցքային որոշումները մնում են Ծառուկյանի ձեռքում։ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն արդեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ ԲՀԿ-ին է միանում նաև Մարտուն Գրիգորյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Երրորդ ուժի հավակնորդներ. «Միասնության թևեր»
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը ևս վարչապետի թեկնածու է, նա ընտրություններին կմասնակցի «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մեջ են նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն ու պորդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ Թաթոյանը հայտարարում է, որ որպես վարչապետի թեկնածու՝ իր գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։
Ավետիք Չալաբյանի գլխավորած «Հայկական քվե» կուսակցությունը, որը ստեղծվել է «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա, միացել է Թաթոյանին, նրանք հուշագիր են ստորագրել, որ խորհրդարանական ընտրություններին միասին են մասնակցելու։
«Հանրապետություն»
Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը ևս մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն էլ հենց Արամ Սարգսյանն է: Հանրապետություն» կուսակցությունը մասնակցել էր նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց չէր կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Իսկ 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Հանրապետությունը» հավաքեց 11.32% ձայն և կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ»։
ՆԺԱՐ
Նորաստեղծ «Նժար» սահմանադրական շարժումը ևս հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին։ Շարժման անդամ Արտաշես Իկոնոմովը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։ ՆԺԱՐ-ի համահիմնադիրներից է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանը։
Նախկին դաշնակցական ու նախկին ՔՊ-ական
«Միասնական ազգային սահմանադրական» կուսակցության առաջնորդ Հովիկ Աղազարյանը հայտարարել է առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին։ Նշել է, որ այս պահին բանակցում են որոշ կուսակցությունների հետ: Աղազարյանը, որը նախկին դաշնակցական է, վերջին ընտրություններում ՔՊ ցուցակով էր հայտնվել ԱԺ-ում, Փաշինյանի նախկին թիմակիցն է, նշել է, որ իրենք նախընտրում են ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանան ավելի հեշտությամբ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը: Աղազարյանին է միացել նաև Հակոբ Սսլանյանը, որը ևս նախկին ՔՊ-ական է։
Ժառանգություն
Նախկին արտգործ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ևս հայտարարել է, որ իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ Օրերս նա նշել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ հարցեր կհստակեցվեն: Նա ասել է, որ չարժե դաշտը ծանրաբեռնել առանձին մասնակցություններով, առավել ևս, որ ինքը «չի տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով»:
Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը
Հայոց Համազգային Միասնություն կուսակցության ղեկավար, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը նույնպես հայտարարել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին։ 2016 թվականին Միհրան Պողոսյանի անունը հայտնվեց միջազգային «Պանամական փաստաթղթերի» (Panama Papers) կենտրոնում։ Ըստ հետաքննության՝ նա Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների սեփականատեր էր, ինչն օրենքով արգելված էր բարձրաստիճան պաշտոնյային։ Օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով Պողոսյանը, ըստ Հետքի բացահայտման, բիզնես էր անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները Այս սկանդալի պատճառով նա հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից։ 2018-ից հետո Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվեցին մի շարք քրեական գործեր՝ կապված պաշտոնեական դիրքի չարաշահման, պետական միջոցների վատնման և փողերի լվացման հետ։ Նա լքել է Հայաստանը և այժմ բնակվում է ՌԴ-ում, Հայաստանի իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել և բազմիցս դիմել են ռուսական կողմին՝ նրան արտահանձնելու պահանջով, սակայն Ռուսաստանը մերժել է հարցումը։
Բանտում գտնվող թեկնածու
Վարդան Ղուկասյանի (հայտնի է որպես «Դոգ») գլխավորած «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների մասին: Ղուկասյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ի բանտում։ Նա Երևանում մարտի սկզբին տեղի ունեցած կուսակցության համագումարի մասնակիցներին ուղղված ձայնային ուղերձում հայտարարել է, որ ինքը կլինի կուսակցության «լոկոմոտիվն» այս ընտրություններում: Նա նշել է, որ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքի կազմում: Կուսակցության շտաբի ղեկավար Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ կուսակցությունը Ղուկասյանին կառաջադրի որպես վարչապետի թեկնածու։
Ովքեր չեն մասնակցելու
Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն է հայտարարել, որ չի մասնակցելու ընտրություններին՝ քաղաքական դաշտի «արհեստական» վիճակի պատճառով։
«Լուսավոր Հայաստան»-նախկին դեսպան
Նիկոլ Փաշինյանի նախկին դաշնակից (Ելք դաշինք) Հատուկ հարցերով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը դեռ նախորդ տարեվերջին է հայտարարել, որ իր գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մարուքյանը վստահեցրել է, որ չեն համագործակցելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Մարուքյանը խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հասնելու և ՔՊ-ին պարտության մատնելու համար առաջարկում է խոշոր դաշինքներ ձևավորել, որպեսզի ընդդիմադիր դաշտի հաղթանակը դառնա իրատեսական։
«Բոլորին դեմ եմ»- Ինքնալուծարվող կուսակցություն
«Բոլորին դեմ եմ» շարժումը վերջերս է գրանցվել որպես կուսակցություն։ « Վստահեցնում են, որ 400-ից ավելի անդամ ունեն։ Նրանց առաջին նպատակը Ընտրական օրենսգրքի կայուն մեծամասնության դրույթի չեղարկումն է, ապա 1% անցողիկ շեմի սահմանում, «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։
Այս ուժի անդամներից են հանրային, քաղաքական գործիչներ Միքայել Նահապետյանը, Հովսեփ Ղազարյանը, Սպարտակ Կյուրեղյանը։
Գուրգեն Սիմոնյան-
Քաղաքական գործիչ Գուրգեն Սիմոնյանը 2024-ին հիմնել է «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»։ Նախագահը, բնականաբար Գուրգեն Սիմոնյանն է, հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին։ Այս կուսակցությունը, մասնավորապես Գուրգեն Սիմոնյանը հայտնի է իր հակառուսական և եվրոպամետ հայտարություններով։
ՀՀԿ-ն կմասնակցի՞, չի՞ մասնակցի՝ պարզ չէ
Տասը տարի Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ իշխանություն եղած Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռևս չի հստակեցրել՝ արդյոք կմասնակից առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Լուսանկարը՝ ԱԲ-ի
Նորություններ
