Ես կմտածեի ինչ անել և նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը․ Գալյանը մետրոյի միջադեպի ու Փաշինյանի՝ արցախցի կնոջը հանդիպման հրավիրելու մասին
Ես չեմ ուզում որակումներ տալ և դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդիվ վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված և կարող եք, օրինակ, մեջբերել վարչապետի հրապարակումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանը մետրոյում բղավում էր արցախցի կնոջ վրա՝ վերջինիս երեխայի ներկայությամբ, արդյոք այդտեղ երեխայի իրավունքների խախտում չկա։
Ճշտող հարցին՝ դուք ի՞նչ կանեիք, եթե այդ միջադեպից հետո վարչապետը ներողություն խնդրեր, ինչպես խնդրել է այդ կնոջից, արդյոք կներեի՞ք, Գալյանը պատասխանեց. «Ես կմտածեի ինչ անել և նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթի մասին, որը տեղի է ունեցել, և գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավել որևէ բան չեմ կարող ասել։
Դիտարկմանը, որ երեխան վախվորած կպել էր մորը և ներողությունը ոչինչ չի փոխում այդ առումով, նախարարն ասաց. «Շատ լավ, պաշտպանության մեխանիզմներն նախատեսված են»։
