«Փախածներով չփորձեք ասել, որ Ղարաբաղ եմ տվել։ ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, բա ընչի՞ չեք մնացել»․ Փաշինյանն՝ արցախցի կնոջը | Region

«Փախածներով չփորձեք ասել, որ Ղարաբաղ եմ տվել։ ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, բա ընչի՞ չեք մնացել»․ Փաշինյանն՝ արցախցի կնոջը

Մարտ 22,2026 14:31

Նիկոլ Փաշինյանն այսօր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ շրջում էր մետրոյում։ Գնացքում նա վեճի բռնվեց արցախցի մի կնոջ հետ։ Փաշինյանն այս կնոջ երեխային ցանկանում էր նվիրել 29 743 քկմ. Հայաստանի քարտեզով կրծքանշանը, ինչից հետո Արցախից բռնի տեղահանված կինն ասաց․«Մենք Արցախից ենք, ուրիշ քարտեզ ունենք»:

Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Բայց ձեր տղան այս քարտեզում ա ապրելու։ Էդ հաշվի առեք»։

Կինը հակադարձեց, ասելով՝ «միգուցե հիմա, բայց…»։

Կնոջ պատասխանը դուր չեկավ Փաշինյանին, նա ընդհատելով կնոջն ասաց․««Էլ բայց չկա։ Մենք չենք թողելու, որ էդ ձեր գաղափարաբանությունը էլի…»։

Արցախցի կինն արձագանքեց․ «Մեզ չեք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրե՞նք։ Դուք չեք թողել արդեն, բայց դուք չեք կարող մեզ զրկել մեր՝ Արցախ վերադարձից։ Ուզում եմ՝ չշարունակենք։ Ցանկություն չունեմ։ Մենք… ուշանում ենք։ Թե չէ, հենց տեսանք ձեզ, կիջնեինք»։

Փաշինյանն իր խոսքը շարունակեց մեղադրանքներով. «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք։ 2023 թվականին էդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել եմ, որ ժողովուրդը Ղարաբաղից չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ։ Հիմա էկել եք ստեղ, ասում եք «Վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք»։ Բա, մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, բա ընչի՞ չեք մնացել»։

Արցախցի կինն էլ դիմելով Փաշինյանին, ասաց. «Ինձ հետ մատ թափ տալով մի խոսացեք եւ ընդհանրապես բարձր ձայնով մի խոսացեք…»։

Ապա Փաշինյանը ձայնը բարձրացրեց, զայրացած ասաց. «Ոչ, ես ձեզ հետ տենց կխոսեմ։ Ու էս քարտեզի մասին որեւէ մեկդ տենց քամահրանքով չխոսաք»։

«Մեծ քարտեզի մասին՝ գումարած 12 հազար քառակուսի կիլոմետր»,-հակադարձեց կինը։

Ապա Փաշինյանը հունից դուրս եկավ. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ Ղարաբաղ եմ տվել»։

«Փախածներո՞վ։ Եթե մեկ-երկու ղարաբաղցի, արցախցի եք գտել, ովքեր ձեզ իշխանահաճություններ են անում, էդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները նման կարծիք ունեն»,-հակադարձեց կինը։

Փաշինյանի դիտարկմանը, թե տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում, կինը հակադարձեց, թե «որովհետեւ ուրիշ ճար չունեն»։

«Ես մենակ մի բան եմ խնդրում. էդ պանդխտության բանը պետքա հանել, պետքա հանդարտվել։ Էդ երեխան ապրելուա Հայաստանում, պետք չի էդ երեխայի մեջ պանդխտության գեն մտցնել»,-ասաց Փաշինյանը։

«էս երեխան իր տունն է ուզում, իր սենյակն է ուզում, իր խաղալիքները, իր Արցախը»,-Փաշինյանին պատասխանեց արցախցի կինը։

«Այդ երեխան ապրելու է Հայաստանում»,- եզրափակեց Փաշինյանը:

Սոցիալական ցանցերում գրում են, որ կինը, ում հետ վիճում էր Փաշինյանը, 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի աղջիկն է՝ Արմինե Մոսիյանը։ Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

 

Նորություններ