Հայաստանը դիմել է ԵՄ Խաղաղության հիմնադրամին աջակցության երրորդ ծրագրի համար | Region

Հայաստանը դիմել է ԵՄ Խաղաղության հիմնադրամին աջակցության երրորդ ծրագրի համար

Մարտ 23,2026 13:27

Հայաստանը դիմել է Խաղաղության եվրոպական գործիքի ներքո երրորդ աջակցության համար։ Այս մասին այսօր  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանը ստացել է երկրորդ տրամադրումը 20 մլն եվրոյի աջակցության տեսքով և արդեն ներկայացրել է հաջորդ հայտը։

Այս տարվա հունվարին ԵՄ-ն հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից երկրորդ անգամ Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու մասին որոշումը՝ հաղթահարելով ամիսներ տևած դիվանագիտական փակուղին և Հունգարիայի վետոն։

Առաջին աջակցությունը եղել է 2024-ին՝ 10 մլն եվրո։

Աջակցության նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները՝ առաջնահերթությունը տալով ճգնաժամային իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությանը։ Ծրագիրը նախատեսում է բարձրացնել երկրի դիմակայունությունը և արագացնել հայկական ստորաբաժանումների փոխգործակցությունը միջազգային, այդ թվում՝ ԵՄ խաղաղապահ առաքելություններին հնարավոր մասնակցության համար։

Արարատ Միրզոյանն ասաց, որ ԵՄ-ի  հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է խորհրդակցությունների մեկնարկ և ուժի մեջ է մտել ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը․«Սա նշանակում է որ մենք մեր ընտրությամբ կարող ենք մասնակցել Եվրոպական միության տարբեր քաղաքացիական առաքելությունների»։

Նորություններ