ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարարն ասել է՝ ԵՄ-ին և ԵՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար։
Այս մասին ռուսական «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի և այլ երկրների համար։ Սա պահանջների և չափանիշների մի շարք է՝ մուտքի մշուշոտ հեռանկարով: Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։
Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով, և իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցությունից»,-ասել է Գալուզինը։ Նա ասել է՝ դրանք հիմնականում անցողիկ գաղափարախոսություններ են, այլ ոչ թե իրական տնտեսական համագործակցություն։ ՌԴ ԱԳ փոխննախարարի ներկայացմամբ՝ այսօր ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ։ «Էլ չենք խոսում այն մասին, որ ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։
Այն բաղկացած է Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու և մեր երկիրը թուլացնելու առանց այն էլ մոլագար ցանկությունից, արգելափակելու ցանկացած գործողություն, որն ուղղված է ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը, խաղաղության հասնելուն, Ռուսաստանի և ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում նրա ռազմավարական գործընկերների և դաշնակիցների հարաբերություններում սեպ խրելու փորձերից»,-ասել է Գալուզինը։
Նրա վստահեցմամբ՝ ՌԴ-ն չի ցանկանում Հայաստանին բացառել կամ վնաս հասցնել շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում․«Ապրանքաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 12 մլրդ դոլար՝ ցոււյց տալով էական աճ։ Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք և չենք էլ կարող ունենալ. Սա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ, ինչպես Վրաստանին, կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, որի 80-ամյակը, հուսով եմ, մայիսի 9-ին միասին կնշենք»։ Նա կրկնել է ավելի վաղ ՌԴ բարձրաստիճան այլ պաշտոնյանների հայտարարությունները, ավելի կոնկրետ՝ ՌԴ դիրքորոշումը․« ԵՄ-ին և ԵՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ, դրանք էապես տարբեր տնտեսական բլոկներ են։
Նա նշել է՝ հայ գործընկերները, հավանաբար, որոշ պահի ստիպված կլինեն որոշել, թե ո՞ր ուղղությամբ են շարժվում՝ դեպի Եվրամիությանն ինտեգրո՞ւմ, թե՞ Եվրասիական ինտեգրմանը շարունակական մասնակցություն»։