Այս պահին Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա, վարույթը որևէ կապ չունի իրավաբանության հետ․ Արսեն Բաբայան | Region

Այս պահին Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա, վարույթը որևէ կապ չունի իրավաբանության հետ․ Արսեն Բաբայան

Դեկտեմբեր 05,2025 12:15

Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց։ Մինչ դատարանի որոշումը նրա փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․«Սա բացահայտ քաղաքական որոշում է, հիմա էլ գնում եմ վերցնելու 2-ամսյա կալանքի որոշումը: Այլ տարբերակ բացառվում է»։

Նշենք, որ այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դռնփակ նիստով քննվում էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Հիշեցնենք, որ վերջինս ԱԱԾ աշխատակիցների կողմից կալանավորվել է երեկ՝ Քննչական կոմիտեում իրեն  վերագրվող մեկ այլ՝ տեսանյութերի գործի շրջանակներում հարցաքննության ավարտից հետո: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում  են իրացնելու նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Փաստաբանը նշեց, որ այս պահին Արշակ Սրբազանի դեմ  ուղիղ ցուցմունք չկա, իսկ վերագրվող մեղադրանքները, թե ուսապարկում թմրանյութ  է եղել, պարզապես հիմնված են ենթադրությունների վրա: Քննվող վարույթը, ըստ փաստաբանի, անհիմն է, ու որևէ կապ չունի իրավաբանության հետ:

Լրատվամիջոցներում շրջանառվող մեկ այլ տեսանյութի վերաբերյալ էլ, որտեղ ըստ ենթադրության, Արշակ սրբազանը հարվածում է ինչ որ երիտասարդի, Արսեն Բաբայանը պարզաբանեց. «Տեսանյությում երևում է, թե ինչպես է հեռվում թիկունքով  կանգնած մի անձ ոնց որ թե հարվածում է ինչ-որ մեկին: Նյութերում գրված էր, թե նրան հարցրել են ինչո՞ւ ես մարդ սպանել: Չգիտեմ, արդյոք Արշակ սրբազանն է տեսանյությում, բայց եթե ինձ էլ նման հարց տային, ես էլ կհարվածեի»:

Արշակ արքեպիսկոպոսին վերաբերող մյուս տեսանյութերին անդրադառնալով, փաստաբանն ասաց, որ այդ գործով հարցաքննության կանչելը գուցե պատրվակ էր նրան ձերբակալելու համար, քանի որ որևէ էական արդյունք հարցաքննությունը չի ունեցել. «Երեկ Արշակ արքեպիսկոպոսը ներկայացել է դատարան, հետո տարել են ձերբակալվածների պահելու վայր»։

Գործին առնչվող այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց, նշելով, որ չի կարող այլ մանրամասներ հայտնել կամ բացահայտել նախաքննական գաղտնիքը:

Դռնփակ նիստի ավարտից հետո, Արսեն  Բաբայանը հայտնեց արդյունքները. «Չկա որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը, կա միայն ենթադրություն: Իր հերթին դատավորը որևէ հարցադրում չի արել: Արշակ Սրբազանի առողջական վիճակը այս պահին նորմալ է, առավոտյան ընդունել է իր դեղը, իրեն շատ լավ է զգում»:

Նիկոլ Մարգարյան 

Նորություններ