Տոնածառի հի՞նն է լավը, թե՞ նորը․գյումրեցիները քննարկում են Վարդանանց հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը | Region

Տոնածառի հի՞նն է լավը, թե՞ նորը․գյումրեցիները քննարկում են Վարդանանց հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը

Դեկտեմբեր 04,2025 21:01

Գյումրեցիները համացանցում քննարկում են քաղաքի գլխավոր հրապարակում տեղադրվող տոնածառը, շատերը դժգոհ են, որ քաղաքային իշխանությունը որոշել է հին տոնածառը տեղադրել։

Երեկ Գյումրու ավագանու արտահերթ նիստում քննարկվեց Վարդանանց հրապարակում տոնածառի տեղադրման հարցը, որով առաջարկվում էր քաղաքային բյուջեից 24 միլիոն դրամ հատկացնել հին տոնածառի վերանորոգման, տեղադրման ու զարդարման համար։ Ըստ այդմ՝ 2 միլիոն դրամ կհատկացվի տոնածառի վերանորոգման, մոնտաժման, ապամոնտաժման համար, 11 միլիոն դրամը՝ նոր դեկորների և լույսերի ձեռք բերման, իսկ 4 միլիոն դրամը՝ հին դեկորների ու լույսերի վերանորոգման ու տեղադրման համար։

Ընդ որում, երեկ տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել էին, քաղաքային իշխանությունը չէր սպասել հարցը քննարկվեր, ավարտվեր, ապա նոր տեղադրեին։

Ավագանու անդամները պնդում էին, որ այդ հին տոնածառը ջարդոն է, դրա վերանորոգման համար ահագին գումար կծախսվի, ինչու նորը չդնել։  Գյումրիի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման ու զարդարման համար 2024 թվականին Կառավարությունը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին էր փոխանցել 20 միլիոն 100 հազար դրամ գումար:

Ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին, որ Կոմունիստական կուսակցությունը  քինախնդրություն է անում, նոր տոնածառը չի դնում, քանի որ դա ՔՊ իշխանության տրամադրած գումարներով է գնվել։ Քնարիկ Հարությունյանը՝ ՔՊ-ից հիշեցրեց Վարդան Ղուկասյանի հայտարարությունները, թե տոնակատարությունների համար քաղաքի բյուջեում փող չկա, թող բարերարները հովանավորեն, բայց փաստորեն հիմա անձնական ամբիցիաները բավարարելու համար ահա քաղաքի բյուջեի փողերը կարելի է ծախսել։

Գյումրու համայնքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը, թեև վստահեցրեց, որ քինախնդրություն չկա, խնայողություններից է գումարը հատկացվել, ու թե տոնածառը ջարդոն չէ, «կզարդարենք, ու ուրախ տրամադրությամբ կմտնենք 2026 թվական», կան գյումրեցիներ, որոնք  նման որոշումը ծիծաղելի են համարում։

«Դե թող պետությունից աշխատավարձ էլ չստանան, դեբիլ են», «Գյումրեցիներն էլ թող չգնան հրապարակ ու իրենց դժգոհությունը արտահայտեն։ Չէ՞որ նոր տոնածառը գնվել է գյումրեցիների համար, գյումրեցիների տված գումարներով»։ Այսպիսի արձագանքներ կան սոցիալական ցանցում։

Օգտատերերից մեկը գրել է հին տոնածառի մասին գրել է․«Գլխավոր ու անճաշակ, տրուբա հիշեցնող, ծուռ(գուցե հիմա ուղիղ), այսինքն անցած տարվա գնումը անտե՞ղի է արվել»:

Մեկ այլ օգտատեր էլ նշել է․«Թե հինն է, լավ է չդնեն, անցած տարի ուրախացանք՝ վերջապես սիրուն տոնածառ, հանկարծ ուփս, էլի հին տոնածա՞ռը»:

«Էհ, բա թող մեր ասֆալտած ճանապարհներով էլ չքայլեն, հենց իրանց երեխաներին չտանեն մեր սարքած դպրոցներն ու մանկապարտեզները, բուժ հաստատությունները, Վարդանիկի հյուրանոցի դիմացի շատրվանների մոտով էլ, որ անցնեն թող աչքերը փակեն, ոչ թե դոլյա դնեն ու ավիրեն էդ քաղաքը»,-գրել է մեկ այլ օգտատեր։

«Թե հինն է, լավ է չդնեն, անցած տարի ուրախացանք’ վերջապես սիրուն տոնածառ, հանկարծ ուփս, էլի հին «տոնածա՞ռը», «Հին տոնածառը տեսնելու համար կամ հեռվից պետք է նայես կամ վիզդ ծռես, նկարվելուց էլ տոնածառի փոխարեն երկաթներն են երևում։ կարող են օդի մեջ տնկելու փոխարեն հավաքեն գետնի վրա»,-գրում են Գյումրու բնակիչները»

Կան նաև մարդիկ, ովքեր տոնածառի հինն են սիրում, ըստ նրանց՝ նոր տոնածառը ոչ էլ սիրուն էր։

«Կզարմանամ էն մարդկանց վրա, օր դեմ են հին տոնածառին ու փոխարենը գուզեն հրապարակի մեջտեղը լույսերով կոն էղնի, «Տոնածառը տոնածառ է, ի՞նչ տարբերություն հինն է, թե նորը, կարևորը խաղաղություն և առողջություն լինի», «Շատ էլ լավ էր հինը, ավելի լավն էր, քան նորը: Մի փոքր բան էր, գյուղերում ավելի լավ ու մեծ տոնածառ է, քան քաղաքում»,-գրում են հնի կողմնակիցները:

Նոր տոնածառը պահեստում չի մնա, երեկ ավագանին որոշեց, որ Վարդանանց հրապարակում կտեղադրվի հինը, իսկ կառավարության կողմից տրամադրված տոնածառը այս տարի կտեղադրվի Գյումրու «Մուշ» թաղամասում:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ