«Մի դեպքում կարող է ԱԱԾ աշխատակից լինել, մյուս դեպքում՝ ծանոթ»․ Փաշինյանը հաստատեց, որ ԱԱԾ աշխատակիցը կարող է հոգևորականին առաջարկել պատարագին վեհափառի անունը չտալ
«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենի ահազանգին։ Տեր Ռուբեն քահանան հայտարարել է, որ ԱԱԾ աշխատակիցներից մեկը գնացել է իր մոտ ու իրեն առաջարկել առաջիկա պատարագի ժամանակ վեհափառի անունը չհնչեցնել, ինչին ի պատասխան քահանան ասել է, որ ինքը 25 տարի նույն կերպ է պատարագ անում՝ վեհափառի անունը հնչեցնում է, ու չի պատրաստվում փոխել այն։
Արդյոք ճի՞շտ է, որ ԱԱԾ-ն հոգևորականներին նման առաջարկ է անում, հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ԱԱԾ աշխատող լինել, բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել․․․ կախված է նրանից՝ ով ում ճանաչում է, ում հետ կապ ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով՝ որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»։
Փաշինյանն ասաց՝ այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իր՝ պատարագի գնալու առիթով են շփվում, բազմաթիվ այլ առիթներ կան․«Այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստից»։
Նրա պնդմամբ՝ ցանկացած եկեղեցի իր գնալու պահից տվյալ եկեղեցին համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ․«Այնտեղ իրականացնում են գործողություններ՝ անվտանգության, վերլուծություններ մարդկանց մոտեցումների, հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացնքերի՝ անվտանգությունն ապահովելու համար»։
Ճեպազրույցում Փաշինյանը հայտարարեց․«Եկեղեցու դեմ գործող անձը Կտրիճ Ներսիսյանն է, այն միջավայրը, որը գործում է հակահոգևոր և հակաեկեղեցական տրամաբանությամբ: Կարծում եմ՝ հենց նրանց ներկայությունը Մայր Աթոռում ամենաշատն է վիրավորում Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների, այդ թվում՝ իմ հոգևոր զգացումները»։ Վարչապետը կրկին պնդեց՝ դա ուղղակի պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, պրոցես է սկսվել և նա պետք է գնա այդտեղից։
«Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը»,-հայտարարեց Փաշինյանը։
