Զորականում բռնություն գործած տղայի հոր՝ Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալի լիազորությունները դադարեցնելու համար չկան բավարար հիմքեր․ նախարար | Region

Զորականում բռնություն գործած տղայի հոր՝ Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալի լիազորությունները դադարեցնելու համար չկան բավարար հիմքեր․ նախարար

Դեկտեմբեր 03,2025 16:08

«Պետք է արձանագրենք, որ այն իրողությունը, որն ունենք այսօր դրական է այն առումով, որ նույնիսկ քրեակաատարողական ծառայության աշխատակցի երեխան կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ`խափանման միջոց կրելու։ Նույնիսկ համակարգի աշխատողի ընտանիքի անդամները անձեռնմխելի չեն։ Սա է մեր իրողությունը, որը ուրախալի է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով  Զորական համայնքում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ համացանցում շրջանառվում էր տեսանյութ, որտեղ Զորականի բարձր դասարանի 5  աշակերտ հայհոյում, դաժան ծեծի են ենթարկում մեկ այլ անչափահասի՝  Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին, այդ ժամանակ ծեծի ենթարկվողն անչափահաս էր, նա նոյեմբերի 28-ին դարձավ 18 տարեկան։ Տեսանյութի հրապարակումից հետո պարզվեց, որ ծեծի ենթարկողներից մեկը Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի որդին է։ Համացանցում օգտատերերը Արդարադատության նախարարից պահանջում էին պաշտոնանկ անել բռնարարի հորը։

Այս առնչությամբ այսօր Սրբուհի Գալյանը նշեց՝ այս պահին Արթիկ ՔԿՀ-ի  պետի տեղակալի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում ընդունելու համար չկան բավարար հիմքեր․«Լիազորությունների դադարեցման համար կան կոնկրետ հիմքեր, և քանի դեռ չեն ստացվել կոնկրետ տվյալներ այն մասին, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ-որ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է ինչ-որ պայմաններ ստեղծել, որպեսզի որդին ավելի լավ պայմաններում խափանման միջոցը կրի, մենք չենք կարող դիտարկել պաշտոնավարման դադարեցման հարցը։ Երբ ձեռք կբերվեն տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակման հետ, մենք կքննարկենք այդ հարցը»։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ