Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման ժամկետը երկարաձգվել է. Բենիամին համայնքում հնագիտական հատված է հայտնաբերվել
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում հաստատեց «Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» դրամաշնորհային համաձայնագրում փոփոխությունները:
ՀՅիմնավորման մեջ նշվում է, որ ԵՄ հարևանության ներդրումային գործիքի ներքո ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի (6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ և 6 մլն եվրո տեխնիկական աջակցություն), ինչպես նաև ՀՀ-ի և ԵՆԲ-ի միջև ստորագրված համանուն ֆինանսական պայմանագրի (60 մլն եվրո) շրջանակներում իրականացվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ տրանշի ներքո Լանջիկ-Գյումրի 27.47կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեին 2022թ. դեկտեմբերին, մինչդեռ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ էականորեն ազդել են դրա ավարտման ժամկետի վրա:
Մասնավորապես, ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ճանապարհի ծրագծի վրա գտնվող Բենիամին համայնքում հայտնաբերվել է հնագիտական տեղամաս, և անհրաժեշտություն է առաջացել՝ վերանայելու նախագիծը և շրջանցելու նշված հատվածը, իրականացնելու ազդակիր լրացուցիչ հողամասերի օտարման գործընթաց, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել աշխատանքների իրականացման նախնական ժամանակացույցի վրա:
Բացի այդ, համաձայն կապալային պայմանագրի դրույթների՝ կապալառուի կողմից 2022թ. աշխատանքները կասեցվել էին մոտ 8 ամսով՝ ԵՆԲ ֆինանսավորման հետաձգման պատճառով: Մինչ ԵՆԲ ֆինանսավորման վերսկսումը՝ ՀՀ կառավարությունը միջոցներ է տրամադրել առկա պարտավորությունների մարման և աշխատանքների վերսկսման համար: Այնուամենայնիվ, նշյալի հետևանքով աշխատանքները հետ են ընկել սահմանված ժամկետից:
Հաշվի առնելով, որ դրամաշնորհային միջոցների հասանելիության ներկայիս ժամկետը չի ապահովում ծրագրով սահմանված շինարարական աշխատանքների ամբողջական իրականացումը՝ 2023թ. հոկտեմբերի 9-ին և 2024թ. հունվարի 3-ին ՀՀ-ի ու ԵՆԲ-ի միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրությունը, որով դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը կերկարաձգվի մինչև 2024թ. ապրիլի 30-ը: