«Վերապատրաստում կամ զինամթերքի տրամադրում, այդ ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտպանությունն ու ինքնիշխանությունը»․ Ժան-Նոել Բարո | Region

«Վերապատրաստում կամ զինամթերքի տրամադրում, այդ ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտպանությունն ու ինքնիշխանությունը»․ Ժան-Նոել Բարո

Մայիս 26,2025 17:29

«Փարիզն առաջին հերթին աջակցում է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրին»,-այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

Նրա խոսքով․«Ցանկանում եմ այստեղ ողջունել նաև վարչապետ Փաշինյանի համարձակությունը: Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու և վավերացնելու: Ահա ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Եվրոպան»:

Նա նշեց, որ  Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Անդրադառնալով երկու երկրների միջև պաշտպանական համագործակցությանն, Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասաց, որ վերապատրաստումը կամ զինամթերքի տրամադրումը, այդ ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ ապահովել իր պաշտպանությունն ու ինքնիշխանությունը։

«Մեր աջակցությունն ենք հայտնում նաև ՀՀ-ի ժողովրդավարությանը՝ ընդդեմ ապակայունացման: Մեր նպատակն է Հայաստանին աջակցել ամրապնդելու համար իր դեմոկրատական մոդելը»,-ասաց Բարոն։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ներկայացրեց նաև երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցի ընթացքում քննարկած կարևոր թեմաները: Նշեց, որ առաջին հերթին քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա հագեցած երկկողմ օրակարգը, որի կարևորագույն ձեռքբերումներից մեկը Վեդիի նորակառույց ջրամբարի և համատեղ բազմաթիվ այլ նախագծերի իրականացումն է, որոնց նպատակը ՀՀ-ի տնտեսական զարգացումն է:

«Մենք ուրախ ենք տեսնել, որ ֆրանսիական հետաքրքրությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և կառուցման գործում աճում է, և հույսով եմ, որ առաջիկայում շատ շոշափելի և կոնկրետ նորություններ կունենանք: Կարևորել ենք նաև ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի անցկացումը: Նախարար Բարոյի հետ այսօր անդրադարձ ենք կատարել նաև տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով մեր երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորություններին: Այս համատեքստում առաջային նշանակություն ունի ԵՄ-ի գործընկերության խորացման ուղղությամբ մեր համագործակցությունը, և ես շնորհակալություն եմ հայտնել նախարարին և ֆրանսիական կողմին այս գործընթացում ֆրանսիական կողմից Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար: ԵՄ-ի հետ մեր ֆրանսիացի գոծընկերների շատ գործուն աջակցությամբ և խրախուսմամբ ընթանում է վիզաների ազատականացման վերաբերյալ խոսակցությունները, որի շուրջ Հայաստանում մեծ ակնկալիքներ կան»,-հավելեց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց նաև Ֆրանսիայի դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամբոողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում, այն համարելով տարածաշրջանում խաղաղության պահպանման առաջնային գրավականը, հերթական անգամ հայտարարելով, որ ՀՀ-ը հավատարիմ է խաղաղության օրակարգին, և պատրաստ է օր առաջ սկսել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի  ստորագրման տեղի և ժամանակի որոշման վերաբերյալ:

Հարցին՝ արդյոք Ֆրանսիան և Հայաստանը պատրաստ են հարաբերությունները տեղափոխել ռազմավարական գործընկերության մակարդակ, և ինչպե՞ս է գնահատում ՌԴ դերը տարածաշրջանում, ում հետ հարաբերությունները,  ըստ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի շատ, բարդ են, Ժան-Նոել Բարոն պատասխանեց՝ երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններն արդեն մեծապես ռազմավարական են․«Այն հարաբերությունները, որոնց անդրադարձա իմ ելույթում մեծապես կարժևորվեն մեկ շաբաթ անց՝ ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսի շրջանակներում: Մեր նպատակն է, որ հայկական ու ֆրանսիական ասոցիացիաները, համայնքներն ու կազմակերպույունները կարողանան համագործակցել: Այս ամենը մտադիր ենք Արարատ Միրզոյանի հետ թղթին հանձնելու, նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն իսկ առկա համագործակցություններին»:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, Ֆրանսիայի արտգործնախարարն ասաց․«Կասեմ միայն, որ մենք ցանակնում ենք խաղաղություն: Մեզ պետք է, որ հրադադար լինի, որը հնարավորություն կտա պատշաճ բանակցություններ իրականացնել, ու խաղաղություն հաստատել: Ուկրանիան պատրաստ է հրադադարի, և հիմա հերթը Ռուսաստանինն է»:

Հաջորդ հարցը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին է՝ ի՞նչ հարցեր են քննարկվում, և արդյոք առաջիկայում հնարավոր է հանդիպում նախարարների կամ երկրի ղեկավարների մակարդակով: Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ թեման բազմիցս է քննարկվել, և Հայաստանը այս դեպքում ունի 2 ճանապարհ.«Եթե Ադրբեջանի մտադրությունները անկեղծ են, ու Ադրբեջանը անկեղծորեն մտահոգված է, թե ՀՀ Սահմանադրությունը ունի պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, այս դեպքում ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Քննարկոմների արդյունքում պետք է փորձենք լուծումներ գտնել, ներկայացնենք մեր պահանջները, ու լսենք նաև ադրբեջանական կողմին: Իսկ եթե երկկողմ հանդիպումների ժամանակ կկարողանանք ավելի ֆունդամենտալ քննարկումներ ունենալ, մենք կողմ ենք այդպիսի հանդիպումների»:

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ