Իրանի հետ պատերազմի սկիզբը առյուծի պոչի հետ խաղ է, Իրանը վրեժ կլուծի իր յուրաքանչյուր նահատակի արյան համար. Փեզեշքիանի վարչակազմ | Region

Իրանի հետ պատերազմի սկիզբը առյուծի պոչի հետ խաղ է, Իրանը վրեժ կլուծի իր յուրաքանչյուր նահատակի արյան համար. Փեզեշքիանի վարչակազմ

Հունիս 13,2025 11:17

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմը հայտարարություն է տարածել Իրանի նկատմամբ Իսրայելի ագրեսիայից հետո՝ զգուշացնելով, որ Իրանի հետ պատերազմի սկիզբը առյուծի պոչի հետ խաղ է։

Հայտարարության մեջ Փեզեշքիանի կառավարությունը նշել է, որ « Իրանի միջուկային հարցի շուրջ դիվանագիտական ​​գործընթացի ժամանակ երեկվա վախկոտ գործողությունը այս ռեժիմի վախի նշան է Իրանի ուժից, որը կարող է համոզել աշխարհին, որ չնայած մենք՝ իրանցիներս, վերջին երկու հարյուր տարիների ընթացքում երբեք պատերազմ չենք սկսել, մենք չենք տատանվել մեր հայրենիքը պաշտպանելու հարցում և չենք էլ տատանվի»։

Նաև հայտարարության մեջ նշվում է․«Իրանի սրբազան երկնքի վրա Իսրայելի հարձակումը և իրանցի գեներալների վախկոտ սպանությունը ապացուցեցին, որ այս ռեժիմը բնույթով ահաբեկչական է։ Իրանցի ժողովրդի արյունը թափելը ցույց տվեց, որ Թել Ավիվի պնդումը, թե իր ահաբեկչական հարձակումներում տարբերակում է իրանցի ազգը և կառավարությունը, մեծ սուտ է»։

Կառավարությունն ասում է, որ «Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն։ Իրանը վրեժ կլուծի իր յուրաքանչյուր նահատակի արյան համար»։

Իրանական կողմը հայտարարում է, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Իրանի  պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է՝ Իրանը պատրաստ է խիստ և ուսանելի պատիժ կիրառել Իսրայելի նկատմամբ, Իսրայելը անպայման կվճարի այս հանցագործության համար։

Հիշեցնենք, Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Թեհրանին և Իրանի այլ քաղաքներին՝  թիրախավորելով միջուկային օբյեկտներ։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուններ են հնչել նաեւ Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր գործարանում։

Զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, այլ ռազմական գործիչներ, ինչպես նաև գիտնականներ։

 

Նորություններ