Ինչպես է Բաքուն սպանում էթնիկ ակտիվիստներին – Ազգային փոքրամասնությունների «լավ կյանքը» | Region

Ինչպես է Բաքուն սպանում էթնիկ ակտիվիստներին – Ազգային փոքրամասնությունների «լավ կյանքը»

Փետրվար 17,2024 15:33

-Բաքվի իշխանությունների խտրական քաղաքականությունը թալիշների նկատմամբ

– Ֆ.Աբոսզոդա. «Թալիշներն Ադրբեջանում զրկված են բոլոր իրավունքներից…»

– Ինչպես է Բաքուն սպանում էթնիկ ակտիվիստներին

Ժամանակակից դարաշրջանում հասարակության կայունությունն անքակտելիորեն կապված է ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների կայունության հետ։    ԽՍՀՄ փլուզումը անթիվ աղետներ բերեց երբեմնի հզոր երկրի նախկին քաղաքացիներին։ Մասնավորապես, Ադրբեջանում իշխանության եկած նոր նոմենկլատուրան, զգալով իր անպատժելիությունը, դաժանորեն ճնշեց և սահմանափակեց բնիկ ժողովուրդների ազատությունը, նրանց իրավունքները իրենց մշակույթի, լեզվի, սովորույթների և ավանդույթների նկատմամբ: Թալիշներն ապրում են Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Լենքորանի, Աստարինի, Մասալինի և Լերիկի շրջաններում, ինչպես նաև Իրանի հյուսիսում։ Ըստ կրոնի՝ հարավային թալիշները սուննի մահմեդականներ են, իսկ հյուսիսայինները՝ շիա մահմեդականներ։ Խոսում են թալիշերեն լեզվով, որը իրանական լեզուների ընտանիքի մաս է կազմում։ Նախկին Միության գիտնականները թալիշներին համարում էին բնիկներ՝ աբորիգեններ։

Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն ուղղված է թալիշների ամբողջական ձուլմանը։ Տոտալ կեղծվում է թալիշ ժողովրդի պատմությունը, իսկ տարածաշրջանի պատմության մեջ թալիշների դերի մասին պարզապես լռում են ։

Բաքվի ուծացման քաղաքականությունն ուղեկցվում է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական անտանելի պայմանների ստեղծմամբ, որտեղ կոմպակտ բնակվում են թալիշները։ Թալիշերենը տարածաշրջանի դպրոցներում դասավանդվում է շաբաթական երկու անգամ՝ առաջինից չորրորդ դասարաններում՝ որպես ընտրովի առարկա: Թալիշերեն լեզվի ուսուցիչներ երկրի ոչ մի բուհում չեն պատրաստում։ Լիարժեք կրթական համակարգի բացակայությունն արդեն հանգեցրել է նրան, որ երիտասարդությունը, հատկապես քաղաքային, գրեթե չգիտի իր մայրենի լեզուն։  Զրկված լինելով լրատվամիջոց ստեղծելու որևէ հնարավորությունից՝ թալիշերենով ռադիոհաղորդումները գործնականում բացակայում են՝ իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ 15 րոպե տևողությամբ։  Ադրբեջանի կառավարությունը զանգվածաբար վերանվանում է աշխարհագրական, տեղանունային անվանումները, գյուղերը, ավաններն ու քաղաքները։

Թալիշների ներկայացուցիչները, որպես կանոն, կարևոր պետական, առանցքային պաշտոններ չեն զբաղեցնում, նրանք չեն կարող որևէ կերպ ազդել պետական կառավարման ընթացքի վրա: Թալիշները զրկված են քաղաքական ընտրություն կատարելու հնարավորությունից Նույնիսկ իրենց կոմպակտ բնակության վայերում թալիշները թույլ են ներկայացված կամ ընդհանրապես ներկայացված չեն իրավապահ մարմիններում, ղեկավար պաշտոններ չեն զբաղեցնում։ Այդ շրջանների պատգամավորները սովորաբար թալիշներ չեն։  Տարածաշրջանում, որտեղ ապրում են էթնիկ թալիշները, պետությունն աչք է փակում թմրանյութերի լայն տարածման և վաճառքի վրա: Ընդ որում, երկրի ներքին գործերի մարմինները ամբողջական տեղեկատվություն ունեն այն անձանց և վայրերի մասին, որտեղ այդ թմրանյութերն իրացվում են: Ադրբեջանն ընդհանրապես հաշվի չի նստում թալիշների ազգային շահերի հետ, բաց է մնում նաև թալիշերեն հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների հետ կապված հարցը։ Ադրբեջանում մինչ օրս չի ստեղծվել թալիշերենով հեռուստատեսություն և պայմաններ կադրերի պատրաստման համար, որոնք կարող էին աշխատել այդ ոլորտում։  Իսկ թալիշների մահմեդական հոգևորականությունը ենթարկվում է հալածանքների։  Թալիշերենով կրոնական քարոզներ կարդալու հնարավորություն գրեթե չկա։

Ի դեպ, վերջերս թալիշական սփյուռքի նախագահ, Ռուսաստանի նախագահին առընթեր ազգային հարցերով խորհրդի անդամ Իսմայիլ Շաբանովը «Ազատ Թալիշստան» հեռուստաընկերության եթերում ասել էր, որ «Իլհամ Ալիևը Նոր տարուց առաջ բանտ է բացել Լենքորանում։ Շատ հետաքրքիր է, որ շրջանում, որտեղ ոչ մի գործարան կամ այլ աշխատատեղ չկա, բանտ են բացում։ Այսպես նա ցույց տվեց իր «բուռն սերը»… Անկեղծ ասած, սա մեծ ամոթ է թալիշների համար։ Նախագահը բանտը բացում է Ամանորից առաջ. սա վիրավորանք է իմ ժողովրդի համար։ Մի հարգելի մարդ մի անգամ ասել է՝ թալիշ լինելը ողբերգություն է»։

ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանի բնիկ ժողովուրդների, այդ թվում ՝ Արցախի Հանրապետության հայերի և Թալիշստանի թալիշների համար բարենպաստ իրավիճակ էր ստեղծվել միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնորոշման իրավունքից օգտվելու համար:

1993թ.հունիսի 21-ին Լենքորանում մի խումբ թալիշ սպաների կողմից գնդապետ Ալիքրամ Գումմատովի գլխավորությամբ հռչակվեց Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետությունը:  

Այս ապստամբությունը համընկավ ղարաբաղյան ճակատում հայկական զորքերի լայնածավալ հարձակման և  մի քանի շրջանների ազատագրման հետ։  Ընդվզումը լուրջ աջակցություն չստացավ թալիշների կողմից, և երկու ամիս անց՝ օգոստոսի 23-ին, հանրապետությունն ընկավ։  Ալիքրամ Գումմատովը դատապարտվեց մահապատժի, սակայն 10 տարի բանտում անցկացնելուց հետո, 2004 թվականին արտաքսվեց Հոլանդիա։    Այնուհետ ստեղծվեց «Թալիշական ազգային շարժում» պաշտոնական անվանումով կազմակերպություն: Փաստորեն, դրանում առաջատար դեր է խաղացել Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության ժողովրդական Մեջլիսի նախկին նախագահ, փիլիսոփա և քաղաքագետ Ֆահրադդին Աբոսզոդան։ 

Աբոսզոդան, ով 1995թ. արտագաղթել է Ռուսաստան, իսկ 2005թ. վերադարձել հայրենիք,   թերթ հրատարակեց, կազմեց թալիշերենի քերականություն և թալիշ-ռուսական բառարան՝ 80 հազար բառով։  Աբոսզոդան միանգամայն հիմնավորված և փաստերով մեղադրում էր Ադրբեջանի ղեկավարությանը թալիշների նկատմամբ խտրականության և ուծացման քաղաքականության, ժողովրդի ազգային և մշակութային կազմակերպման որևէ ձև թույլ չտալու մեջ։ Աբոսզոդան 2011 թվականից մինչև 2017 թվականը գտնվել և մշտապես բնակվել է Ռուսաստանում: 2018 թվականի սեպտեմբերի 6-ին (Պուտինի այցից մի քանի օր առաջ) Աբոսզոդան Բաքվի ռասիստական իշխանությունների պահանջով ձերբակալվել է Մոսկվայում։  Դատական 13 նիստերից (ներառյալ ՝ նախնական և վճռի հրապարակումը) միայն 5-ն են բաց եղել հանրության համար։  Դատավորն ամեն կերպ խուսափում էր նիստերի ժամանակ Թալիշ տեղանունն արտասանելուց, բայց Ֆ.Աբոսզոդային մեղադրում էր Ղարաբաղը Արցախ անվանելու մեջ։  Մինչդեռ այս անունը հանդիպում է նույնիսկ ադրբեջանական դպրոցական պատմության դասագրքերում։  Փետրվարի 14-ին դատական կոլեգիան Աբոսզոդային դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Սակայն, 2020թ.-ի նոյեմբերի 9-ին, Շուշիի օկուպացիայի օրը Աբոսզոդայի ընտանիքին հայտնում են նրա մահվան մասին։ Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, թե «իրականացված հետաքննության» արդյունքում պարզել են, որ Աբոսզոդան «հոգեբանական խորը ցնցում է ապրել Շուշիի պատճառով» և ինքնասպանություն է գործել: Նման հայտարարությունն ու թալիշ գիտնականի մահվանը նախորդող իրադարձությունները լուրջ հարցեր են առաջացնում։  Աբոսզոդայի համար ղարաբաղյան հակամարտությունը երբեք   հասարակական-քաղաքական գործունեության գլխավոր թեմա չի եղել, այդպիսին միշտ եղել է թալիշական հարցը։

Հայկական քաղաքական և գիտական շրջանակները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների և մասնավորապես թալիշների թեմայի նկատմամբ: Այսպես, 2005թ. մայիսին Երևանում կազմակերպվեց համաժողով, եւ «Այլատյացությունն ու դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» թեմայով քննարկման ժամանակ թալիշական ազգային շարժման ակտիվիստ, ընդդիմադիր «Թալիշ Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի թալիշները հրաժարվեն իրենց լեզվից և մշակույթից, ճնշումների են հանդիպում իշխանական կառույցների ամենատարբեր օղակներում: «Ադրբեջանի իշխանությունները ստիպել են, որ շատ թալիշներ հրաժարվեն իրենց լեզվից, արգելքի տակ է հայտնվել անգամ «Թալիշ» անունը։  Ինչ կազմակերպություն էլ լինի, եթե անվանման մեջ կա «Թալիշ» բառը, չի գրանցվում։ Արգելվում են դասագրքերը, հեռուստատեսությունը։ Խնդիրներ կան նույնիսկ սովորական բառարաններ ունենալու մեջ։ Վերջերս հրապարակված բառարանի հեղինակները ձերբակալվել են, արգելվել է դրա տարածումը»,- ասել է Շահին Միրզոևը։

Հայաստանի ԱԳՆ-ն փետրվարի 11-ին հայտնեց, որ Միրզոևն ու նրա ընտանիքը փախել են Ադրբեջանից և ժամանակավոր ապաստան են խնդրում: «Նա ստիպված է եղել փախչել Ադրբեջանից, քանի որ ճնշումների է ենթարկվել էթնո-կրոնական հատկանիշներով և Հայաստան է եկել իր ընտանիքի հետ։   Հայաստանի իշխանությունները նրա խնդրանքին դրական են արձագանքել», – ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն թալիշական ազգային շարժմանը մեղադրում է անջատողականության և Հայաստանի ու Իրանի հետ կապերի մեջ, որոնք դիտարկվում են որպես Ադրբեջանի թշնամիներ: Թալիշական շարժման գործիչների դեմ բռնաճնշումներ են իրականացվում։

Բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և երկրի քաղաքական կյանքին մասնակցելու փորձերը վերածվում են բռնաճնշումների։  Մի շարք անկախ իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Freedom House-ը, բազմիցս քննադատել են Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների համակարգված խախտումների, իշխանության քննադատների հետապնդման, անկախ ԶԼՄ-ների և ցույցերի արգելքի պատճառով, իսկ երկրում իշխող քաղաքական համակարգը բնորոշում են որպես ավտորիտար: Ընդ որում, ուժայինները էթնիկ ակտիվիստներին հետապնդում ու պատժում են առանձնակի դաժանությամբ եւ եռանդով։

 

Զաբելա Ավագյան

Նորություններ