Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող ռազմական օբյեկտներին, իսկ Էրդողանը Նեթանյահուին մեղադրել է ցեղասպանության մեջ․«Նա գերազանցել է Հիտլերին»

Իսրայելի բանակի զինվորականները հաստատել են, որ այսօր նոր հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող ռազմական օբյեկտներին։
Իրանա-իսրայելական հակամարտության լարվածությունը չի նվազում, կողմերը շարունակում են միմյանց հարվածներ հասցնել։
Իսրայելը հայտարարել է, որ այսօր հարվածներ է հասցրել Իրանի 40 օբյեկտներին, այդ թվում՝ ցենտրիֆուգների արտադրության և զենք-զինամթերքի օբյեկտներին, մինչդեռ Իրանը անօդաչու թռչող սարքերի մի ամբողջ խումբ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հակամարտության վերաբերյալ ԱՄՆ սպասվող որոշմանն ընդառաջ հույս է հայտնել, որ Թեհրանը կկարողանա դուրս գալ ներկա ճգնաժամից․«Հուսով եմ, որ միասնության եւ համերաշխության միջոցով մենք կկարողանանք հաղթահարել այն ճգնաժամը, որի մեջ գտնվում ենք եւ կշարունակենք հզոր կերպով առաջ շարժվել մեր ուղիով»։ Նա ընդգծել է․«Ազգային միասնությունն ու համախմբվածությունը ճգնաժամերը հաղթահարելու ամենակարևոր տարրերն են՝ ընդգծելով, որ ոչ մի խնդիր չի կարող սպառնալիք ներկայացնել երկրի համար, եթե ժողովուրդը աջակցում է կառավարությանը»։
Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի ընդունի «պարտադրված պատերազմ» կամ «խաղաղություն» և զգուշացրել է, որ իր տարածքում ԱՄՆ-ի ցանկացած հարված կունենա «լուրջ անդառնալի հետևանքներ»։
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․«Իրանն օժտված է Իսրայելի խելագար հարձակումներից պաշտպանվելու բոլոր օրինական, լեգիտիմ և բնական իրավունքներով․․․ Իսրայելը Իրանին հարվածեց՝ «չսպասելով միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին։ Իսկ Գազայում ցեղասպանության հարցում Նեթանյահուն գերազանցել է Հիտլերին»։