Ալիևի ավտորիտար ռեժիմի պայմաններում քաղբանտարկյալների կյանքը վտանգված է
– Թոֆիգ Յագուբլուի ընտանիքի անդամները մտահոգված են նրա առողջությամբ։
– Գուբադ Իբադօղլուի ընտանիքը վախենում է, որ նա կարժանանա նույն ճակատագրին, ինչ Նավալնին
– ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Ռոզերի ելույթը Կոնգրեսին Գուբադ Իբադօղլուի վերաբերյալ
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ողբերգական մահը բանտում վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում: Առավել շատ մտահոգություններ են առաջացել ավտորիտար ռեժիմներում քաղբանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի և անվտանգության հարցով։
Ալեքսեյ Նավալնիի մահը նաև վրացական լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ։ Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչները, ինչպես նաև սոցիալական ցանցերի սովորական օգտատերերը հարց են ուղղում՝ հնարավո՞ր է, որ տարօրինակ մահվան հաջորդ դեպքը տեղի ունենա Սահակաշվիլիի հետ Թբիլիսիում:
Նավալնիի մահվան կապակցությամբ Սաակաշվիլիի ուղերձում ասվում է. «Ազատության համար հերոսական դիմադրության տաղանդավոր մարտիկ Ալեքսեյ Նավալնին մահացել է Պուտինի ձեռքով։ Ես հաճախ չէի համաձայնվում նրա հետ, իսկ Պուտինը հաճախ համեմատում էր մեզ և հավասարապես ատում երկուսիս։ Ալեքսեյը, նույնիսկ իր բանտախցից, Թբիլիսիի ռուսամետ ռեժիմին կոչ արեց դադարեցնել իմ հանդեպ վատ վերաբերմունքը։ Իմ մտքերն ու աղոթքները Ալեքսեյի կնոջ և դստեր հետ են։ Ես շարունակում եմ զարմանալ. ինչպե՞ս աշխարհը թույլ տվեց, որ դա տեղի ունենա:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարին, Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց՝ գրեթե բացեիբաց Սաակաշվիլիին անվանելով քաղբանտարկյալ: Նշվում էր, որ «օլիգարխ Իվանիշվիլին» Սաակաշվիլիին ձերբակալել է «անձնական հաշվեհարդարի» շրջանակներում։
Նման մտահոգությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում Ադրբեջանում, մի երկրում, որը հայտնի է այլախոհության դեմ կոշտ պայքարով ու ճնշումներով: Ձերբակալված ադրբեջանցիների հարազատները մտավախություն ունեն, որ քաղբանտարկյալները կարող են կիսել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ճակատագիրը։
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Մուսավաթ» կուսակցության նախագահության անդամ և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յագուբլուի դուստրը՝ Նիգյար Հազին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում քաղբանտարկյալների թիվն ավելանում է. Այն, ինչ մենք մինչ այժմ տեսանք, հիմք է տալիս պնդելու, որ Իլհամ Ալիևը գնում է Պուտինի հետքերով։ Եթե Պուտինը նման զգայուն պահին պատվիրում է սպանել ընդդիմության առաջնորդին, ինչո՞ւ Իլհամ Ալիևը չպետք է դա անի։ Բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալների անվտանգությունը չափազանց կարևոր է, եւ ամենից շատ ես անհանգստանում եմ հորս համար, քանի որ Իլհամ Ալիևը նրա նկատմամբ ունի անձնական հակակրանք և ատելություն։ Սա ասելու համար բավական պատճառներ ունեմ… 4 անգամ սարքած շինծու քրեական գործ, ահավոր խոշտանգումներ ու անթիվ կալանքներ։ Մեր վերջին հանդիպմանը ես տեսա, թե հայրս ինչքան է նիհարել։ Երկրում իրավիճակը գնալով վատանում է: Իլհամ Ալիևը բռնապետ է: Քանի դեռ ուշ չէ, դիվանագիտական կորպուսը պետք է կանխի ցանկացած ահաբեկչություն։ Դրա համար պետք է ճնշում գործադրել Իլհամ Ալիեւի վրա։ Ես ուզում եմ, որ հայրս առողջ դուրս գա բանտից, ոչ թե դուրս բերեն նրա դիակը»։
Ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ և տնտեսագետ, ամերիկյան մի քանի առաջատար համալսարանների դասախոս Գուբադ Իբադօղլուի ընտանիքը մտավախություն ունի, որ նա նույնպես կարժանանա Նավալնիի ճակատագրին։ «Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին ես դիմել էի Ադրբեջանում օտարերկրյա դեսպանությունների ղեկավարներին բանտում գտնվող եղբորս համար արդյունավետ բուժօգնության բացակայության մասին։ Մենք՝ նրա ընտանիքը, մտահոգություն հայտնեցինք, որ Գուբադը կարող է ֆիզիկապես ոչնչացվել։ Անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձում գրել եմ նաեւ, որ Բաքվի քննչական մեկուսարանում փորձել են կիսամեռ դարձնել եղբորս, սակայն Նավալնիի կասկածելի մահից հետո եղբորս կյանքին սպառնացող վտանգը ավելի ռեալ է դարձել, ինչը շատ տագնապալի արձագանք է առաջացրել միջազգային և տեղական մակարդակով. Մարդուն կարելի է սպանել ոչ միայն կախաղանով, թունավորելով, մահապատժի ենթարկելով: Ստորև բերված աղյուսակը կազմել է եղբայրս՝ երեկ (18.02.2024 թ.): Նա օրական 6 անգամ չափում է շաքարի մակարդակը, եղբորս փորձում են սպանել՝ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելով և ներքին օրգանները քայքայելով»,- նշել է քաղաքական գործչի եղբայրը՝ Գալիբ Թողրուլը։
Նա հավելել է, որ չնայած լուրջ խնդիրներին՝ քաղբանտարկյալին չեն հոսպիտալացնում, թեև պարբերաբար տեղական և միջազգային կառույցներին տվյալներ է տրամադրվում Իբադօղլուի առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։
Նշենք, որ անցյալ տարվա հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը կալանավորել էր Գուբադ Իբադօղլուին, որը մեղադրվում էր դրամանենգության, կրոնական ծայրահեղական նյութերի արտադրության, պահպանման ու տարածման մեջ:
Իբադօղլուին ազատ արձակելու կոչ են արել մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԱՄՆ սենատորներն ու կոնգրեսականները։
Ի դեպ, ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Ռոուզերը դա համարում է քաղաքական դրդապատճառներով անհիմն ձերբակալություն և իր գործընկերների անունից դիմել է Կոնգրեսի ղեկավարությանը։ «Մինչ օրս նրան բանտում են պահում։ Նա նաև զրկվել է փաստաբանի հետ հանդիպելու և կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներ ստանալու հնարավորությունից։ Նման բռնությունն անօրինական է և կյանքին վտանգ սպառնացող»,-նշել է նա։
Դեւիդ Ռոուզերի ուղերձը հրապարակվել է Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից մի քանի ժամ առաջ: Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենն Ալիևին հիշեցրել է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի միջազգային պարտավորությունների կատարման կարևորության մասին:
Անցյալ շաբաթ կոնգրեսական Ռոուզերը և ԱՄՆ Կոնգրեսի ևս 20 անդամներ բանաձև ընդունեցին, որով կոչ էին անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Գուբադ Իբադօղլուին: Փետրվարի 17-ին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը նույնպես կարևոր է համարել, որ օտարերկրյա առաջնորդները ճնշում գործադրեն Իլհամ Ալիևի վրա՝ Իբադօղլուին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում նա կմահանա բանտում, ինչպես Ալեքսեյ Նավալնին:
Իրոք, Ռուսաստանում Նավալնիի ճակատագրի և Ադրբեջանում քաղբանտարկյալների ծանր վիճակի միջև զուգահեռներն ընդգծում են ավտորիտար կառավարման հետ կապված ավելի լուրջ խնդիրները:
Զաբելա Ավագյան