Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, փոխվարչապետն ասաց. «Իքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացն ինչ բարդ է: Խոսք պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետեւ շատ դեպքերում շատ մարդիկ սխեմատիկ կամ մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ ու տրամաբանություն ունեն:
Երկրորդը, իրականում, դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ, նախ և առաջ իրավական հիմք ու հենքի բացահայտումն է, որի հիման վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում, ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ ԽՍՀՄ ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ տպագրել: Այս բոլոր նյուանսները շատ կարևոր են ու մեր աշխատանքներում պետք է հասցեագրվեն»:
Ըստ նրա՝ իրավական հենքի վրա արձանագրված բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան, մասնավորապես, Պրահայում ու Սոչիում, որտեղ հստակ հղում կա Ալմաթիի հռչակագրին. «Դա նշանակում է, որ մենք պետք է գործ ունենանք իդենտիֆիկացիայի 1991-ի դեկտեմբերի դրությամբ սահմանագիծը վերարտադրելու գործընթացի հետ»: