Բերեզովսկին խոսել է Սպերցյանի Սաութհեմփթոն չկայացած տեղափոխության մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ներկայում՝ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Սաութհեմփթոն» չկայացած տեղափոխության մասին։
«Էդիկի մոտ արդեն քանի տարի է՝ այլ ակումբ տեղափոխվելը չի ստացվում․ խոսակցություններ լինում են, բայց դրանք գործի չեն վերածվում։ Երբեմն ինչ-որ բան չի համապատասխանում Սպերցյանին, երբեմն էլ՝ ակումբի ղեկավարությանը։ Պետք է բոլոր գործոնները համընկնեն, որպեսզի տեղափոխությունը կայանա։ Այն, որ հիմա նա չտեղափոխվեց, աղետ չէ։ Պետք է համբերել և սպասել ավելի լավ առաջարկների, աշխատել մարզումներում»,- ասել է Բերեզովսկին «Чемпионат»-ի հետ զրույցում։
«Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը կազմում էր 16 միլիոն եվրո, գումարած՝ 2 միլիոն եվրո բոնուսների տեսքով, իսկ Էդուարդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստն ինքն է հրաժարվել տրանսֆերից, մինչդեռ դրան նախորդաբար պնդվում էր, թե «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին չի ցանկացել բաց թողնել խաղացողին։